Մայիսի 02, 2024

Այսօր քաղպաշտպանության օրն է. ի՞նչ փուլում են քաղպաշտպանության տապալման հարցով հարուցված գործերը

By Սրբուհի Վանյան Մարտի 01, 2022

Ով՝ ով, իսկ արցախցիները քաղաքացիական պաշտպանության կարևորության մասին լսելով չէ, որ գիտեն․ Արցախում վերջին 3 տասնամյակում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում այդ ոլորտին պատկան մարմինների կողմից պատշաճ ուշադրության պակասը ցավալի իրողություններ արձանագրեց։ Դեռ 90-ականների պատերազմից հետո բազմիցս բարձրաձայնված խնդիրներին համակարգային լուծումներ չտալու պատճառով այսօր արդեն խոսում ենք 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարհանման պլանի ձախողման մասին։ Ի՞նչ ասել է տարհանման պլան․ այն վտանգավոր տարածքից անվտանգ տարածք մարդկանց, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխումն և տեղաբաշխումն է։ Ստացվում է՝ մեզ չի հաջողվել պատշաճ մակարդակով իրագործել այդ պլանը։ Արդյունքում ունեցել ենք նաև մարդկային կորուստներ։ Դատական մարմիններում դրանց առնչությամբ քրեական գործեր կան հարուցված։ Այս մասին այսօր «Արցախ» լրատվականին տված հարցազրույցում հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է խոսել։  

«Քրեական գործեր հարուցվել են ոչ միայն քաղաքացիական անձանց զոհվելու, սպանվելու դեպքերի առնչությամբ, այլև մշակութային արժեքները տարհանելու  պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, պետական և համայնքային գույքը ոչ պատշաճ տարհանելու հետ կապված»։

 Մարդկանց մեծ մասն իրենց բնակավայրերը լքել են տարերայնորեն։ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում 39 քաղաքացիական անձ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ սպանվել է ֆիզիկական բռնության կամ հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Նրանց՝ զոհ դառնալու պատճառներից մեկն էլ Հանրապետությունում տարհանման պլանի, առնվազն, ոչ պատշաճ կատարումն էր։ Որոշ համայնքապետերի վկայությամբ, տարհանման հստակ հրաման չի եղել։  

«Ունենք նաև բազմաթիվ դեպքեր, որտեղ որոշակիորեն հստակություն կա՝ թե իրականում որն է եղել խնդիրը, երբ քաղաքացիական անձինք չեն տարհանվել։ Ունեցանք քննության առնված և ապացուցված դեպքեր, երբ անձը, որն իր բնակավայրում սպանվել է, նախքան բնակավայրի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելը տարհանվել է, բայց որոշ ժամանակ  անց, մտածելով, որ  ադրբեջանցիներն իրենց գյուղ չեն մտնի, անցել է այնտեղ՝ հետագայում սպանվելով»։

 Դատախազությունը հարուցված քրեական գործերի շրջանակում փորձում է վերհանել քաղպաշտպանության կազմակերպման ընթացքում արձագրված թերացումները։ Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ 

«Եթե մենք ուսումնասիրենք, հասկանանք, թե քանի համայնքի մասին է խոսքը, պարզ կլինի, թե ինչ ծավալի նախաքննական աշխատանք է իրականցվում նախաքննական մարմինների կողմից։ Այդ թվում և մշակութային արժեքների, պետական ու համայնքային գույքի տարհանման աշխատանքները ոչ պատշաճ կատարելու առումով։ Այս քրեական գործի շրջանակում ունենալու ենք բացառիկ մի նյութ, որտեղ հստակորեն արտացոլվելու են թե ոչ պատշաճ տարհանման արդյունքում ինչ ենք թողել կորցրած բնակավայրերում»:

 Նախաքննության մանրամասները Գուրգեն Ներսիսյանը չներկայացրեց․ խոսեց միայն նպատակների մասին։  

«Ունենք երկու կարևոր նպատակ. առաջինը, եթե կան հանցավոր անգործության դեպքեր, ապա այդ անձանց պատասխանատվության կանչել, և երկրորդը՝ քաղպաշտպանության բոլոր թերություններն ու բացերը բացահայտելն է, հետագայում այն պատշաճ մակարդակով իրականցնելու համար»։ 

Քննությունն առանց խոչընդոտների չի ընթանում․ դրանց մի մասը պայմանվորված է հարցաքննվողների՝ Արցախի ու Հայաստանի սահմաններից դուրս լինելու հանգամանքով։ 

 «Ունենք խոչընդոտներ պայմանվորված այն հանգամանքով, որ քննության ընթացքում հարցաքննության ենթակա անձանց մեծամասնությունը գտնվում են Արցախի  և ՀՀ սահմաններից դուրս, և խնդիրներ ենք ունենում։ Գործի ձգձգման հիմնական պատճառները դրանք են»։ 

Տարհանման պլանի ձախողման վերաբերյալ քրեական գործը դեռ չի ավարտվել։ Բայց միայն նման գործի առկայությունը պիտի զգաստացնի՝ պատկան մարմիններին՝ առավել պատասխանատու, և հանրությանը՝ ավելի պահանջատեր լինելու համար։ Ամեն դեպքում անհրաժեշտ հետևություններ պիտի արվեն, քանի որ հարցը բաց է առայսօր։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 01 Մարտի 2022 16:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ