Նոյեմբերի 23, 2024

Ուսանողական գիտաժողով՝ ԱրՊՀ-ում

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 12, 2022
Արցախի պետական համալսարանում այս գիտոժողովը պետք է անցկացվեր 2020 թվականին։ Հայտնի պատճառով այն հետաձգվեց։ Իրադարձությունները փոխեցին գիտաժողովի բնույթը,  խորագիրն ու  ելույթները։ Այսօր կարող էին ելույթներ ունենալ նրանք, որոնց հիշատակին է այն  նվիրվել։ Գիտաժողովի  խորագիրն այն ավելի պատասխանատու է դարձնում։ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը գիտոժողովը որակել է և՛ գիտական, և՛ բարոյական։   
 
«Գիտաժողովը լրացուցիչ պարտավորություններ է դնում մեր առջև։ Եվս մեկ անգամ մեզ հիշեցնում է, թե ինչպես պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, գիտական գործունեություն ծավալենք։ Կարծում եմ՝ մենք բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակի առջև պատասխանատու ենք, մենք պետք է ապրենք այնպես, ինչպես նրանք կերազեին»։
 
 Վերջին երկու տարիներին համալսարանում կազմակերպվող բոլոր միջոցառումները, գիտխորհրդի որոշմամբ, նվիրված են եղել 44-օրյա պատերազմում անմահացած Արցախի պետական համալսարանի ուսանողներին: Մեկ րոպե լռությունը՝ նրանց հիշատակին ներկաների հարգանքի տուրքն է։
 
Բուհի ռեկտոր Արմեն Սարգսյան․
«Մեզ պարտադրված պատերազմում Արցախի պետական համալսարանի 26 ուսանող նահատակվեց։ Նահատակվեցին, որ մենք ապրենք, նահատակվեցին, որպեսզի ուսումնական գործընթացը շարունակվի»։ 
 
Արցախն ու արցախահայությունը այսօր բավականին բարդ ժամանակաշրջան են ապրում՝ ասում է պետնախարարը, բայց նաև համոզված է, որ ելքեր, այնուամենայնիվ, կարելի է գտնել։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակն ու զարգացումները մեզ նոր իրողությունների առաջ են կանգնեցրել՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ 
 
«Չնայած բոլոր վերելքներին ու վայրէջքներին, Արցախը  բոլոր քաղաքական իրավիճակներում էլ կա, պահպանել ու պահպանելու է իր քաղաքական դերն ու նշանակությունը»։
 
 Նման գիտաժողովները նպաստում են ուսանողների կայացմանը և՛ որպես մասնագետ, և՛ որպես քաղաքացի՝ ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը: Նրա խոսքով՝ այս միջոցառումը նշանակալից է այն առումով, որ  նվիրված է մեր հերոս տղաների հիշատակին և ավելի է պարտավորեցնում, որովհետև նրանք զոհվել են բոլորիս համար։  Գագիկ Ղազինյանը հուսով է,  որ առկա դժվարությունները համատեղ ուժերով կարողանալու ենք հաղթահարել: 
 
«Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել, որպեսզի այն սերունդը, որն ականատես է եղել այդ դժվարություններին ու արհավիրքներին ավելի ամրանա։ Այդ սերունդը պետք է կերտի մեր վաղվա օրը, իսկ դրա համար անհրաժեշտ են նաև նման  միջոցառումներ»։
 
 Արցախի դերն ու նշանակությունը և այսօրինակ գիտաժողովների անհրաժեշտությունն ընդգծել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինե Մարությանը։ Նա ասում է, որ Արցախի պետական համալսարանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի հերոս տղաների հերոսական ոգին միշտ լինի թելադրող և ուղղորդող: Որքան ամուր լինի Արցախը, այնքան ամուր կլինի Սյունիքը, Արցախն է մեր պետականության խորհրդանիշը՝ ասում է Թեհմինե Մարությանը։
 
 «Խորհրդանշական և պարտավորեցնող խորագիր ունի այս գիտաժողովը։ Ապագայի կերտման հիմքերից մեկը գիտելիքն է։ Հենց այդ գիտելիքի ու գիտական նախաքայլերի արժևորման համար է կազմակերպվել այս գիտաժողովը։ Այն Արցախի պետական համալսարանի շատ ճիշտ ռազմավարական առաքելության մի մասն է կազմում»։ 
 
Թեհմինե Մարությանը համոզված է՝ պատերազմից հետո առաջացած ճգնաժամը պետք է հաղթահարել ամենօրյա աշխատանքով։ Արցախի և Գորիսի պետական համալսարանները երկար տարիների համագործակցության փորձ ունի՝ ասում է ռեկտորի պաշտոնակատարը նաև հավելում, որ Արցախը ունի այստեղ գտնվողների կարիքը՝ ասում է։ 
 
«Արցախը մեր թիկունքն է, Արցախը մեր պետականության խորհրդանիշն է։ Մեր ուսանողները, որոնց ես այսօր եժուղեկցել եմ, ամբողջ ճանապարհին հուզվել էին։, որովհետև պատերազմից հետո առաջին անգամ էին գալիս Արցախում։ Այն ապրումները, որ ես տեսա այդ սերնդի մեջ բառերով փոխանցել չեմ կարող։ Ես ուզում եմ հավատալ, որ այս սերունդը, որն այսօր այս հարկի ներքո է մեզ համար ապահովելու է այն հաղթանակները, որոնց մասին մենք երազում ենք»։ 
 
Արցախի պետական համալսարանը, չնայած երիտասարդ տարիքին դարձել է Արցախի Հանրապետության գիտակրթական, մշակութային կենտրոն։ Իր կայացման ճանապարհին բուհը  կարողացել է հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները և այժմ այն պատրաստում է երկրին արժանի քաղաքացիներ, որոնք պետք է կերտեն մեր վաղվա օրը՝ ասում է ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։ 
 
«Ցավոք, պատերազմից հետո միջազգային հանրության կողմից ճանաչվելու փոխարեն, մեր երկրի  ֆիզիկական գոյությունը հայտնվել է  սպառնալիքի տակ։ Սա չի նշանակում, որ մենք մտադիր ենք ընկճվենք։ Մենք պետք է գիտակցենք, որ համալսարանը իրավունք ունի մուտք գործել գիտակրթական միասնական համակարգ»։ 
 
Ուսանողները գիտաժողովին ներկայացել են տարբեր թեմաներով ու հոդվածներով։ Թեմաների գերակիշռող մասը ինչ-որ ձևով կապված է Արցախյան վերջին պատերազմի  հետ․ «1992-2020 թթ․  Թուրքիայի ռազմական և քաղաքական ներգրավվածությունը 2020 թ․  արցախյան պատերազմում», «Շուշիի մշակութային կյանքը», ««Ճանաչում՝ հանուն փրկության» սկզբունքի  կիրառելիությունը ղարաբաղյան հակամարտությունում», «Մարտունեցիները Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին» և այլն։ Գիտաժողովը կամփոփվի Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում,  նահատակված համալսարանակնների  հիշատակին  նվիրված  միջոցառմամբ։ 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 13 Մայիսի 2022 09:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ