Նոյեմբերի 23, 2024

Երբ բարի է գործը

By Սրբուհի Վանյան Հունիսի 27, 2022
Մեկ տարեկան աշխույժ ժպտերես Սառան, որին Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության կոլեկտիվի անդամներն ու սաները մեկ վայրկյան անգամ աչքաթող չեն անում, ընդամենը երկու ամսական էր, երբ հայտնվեց գիշերօթիկում։ Անառողջ, թույլ երեխա էր, որ պայքարում էր կյանքի համար։ Սառան հիմա բոլորի սիրելին է, և երբ փոքրիկի լացի ձայնը լսվում է, անկախ նրանից, որ մոտը մարդ կա, բոլորը շրջապատում են նրան։ Երեկ Սառան ու գիշերօթիկի ևս ութ երեխա մկրտվեցին։ Մկրտության արարողությունը տեղի ունեցավ Գանձասարում, ռուսասատանաբնակ մեր հայրենակից Սերգեյ Պողոսյանի հովանավորությամբ։ Երեխաների կնքահոր պատասխանատվությունը ստանձնեցին Սերգեյ Պողոսյանն ու Անդրանիկ Վերդյանը։ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը պատմում է, որ Սերգեյ Պողոսյանը Գիշերօթիկի բարեկամներից է, ով միշտ իրենց կողքին է, հետքրքրված իրենց խնդիրներով, պատրաստ ուրախացնելու փոքրիկներին։ Մկրտության առաջարկը տնօրենին է․
 
«Գիշերօթիկի երեխաներն այս պահին 16-ն են, նրանք եկել էին ներկա գտնվելու իրենց 9 ընկերների Մկրտության արարողությանը։ Սա Համեստ Սուլեյմանյանի պրակտիկայում, իր իսկ խոսքով, մկրտության առաջին  դեպքն է։ Մկրտությունը հայ մարդու, քրիստոնյայի կյանքում տնօրենը կարևոր ու անհրաժեշտ իրադարձություն է համարում, կրթության և դաստիարակության, ազգային մշակույթի ու արժեհամակարգի ներդրման կարևոր քայլ, և ցանկանում էր, որ Գիշերօթիկի սաները անմասն չմնան այդ խորհրդից։
 
«Գիշերօթիկ հաստատությունը պետական հոգածության ներքո է, և տնօրենի խոսքով, որևէ խնդիր չունի զուտ պահպանման առումով։ Բայց ինքը որպես մարդ, ով ոչ միայն այդ կառույցը ղեկավարելու, այլ կյանքի հարվածներից այնտեղ հայտնված երեխաներին դաստիարակելու, փոքրիկ ուրախություններ պատճառելու պատասխանատվություն է վերցրել, իր պարտքն է համարում տարբեր առիթներով դուրս տանել երեխաներին, ինտեգրել հասարակությանը, մասնակից դարձնել մշակութային իրադարձություններին։ Այդ ամենը հնարավոր է անել բարեգործական նախաձեռնությունների շրջանակում։
 
Գիշերօթիկում բոլորը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Այս պահի դրությամբ ծնողազուրկ երեխաներ այնտեղ չկան։ Բայց կան երեխաներ, որոնց ծնողները չեն գալիս այցելության։ Իսկ երեխաները սպասում են, հարցնում թե՝ իրենց կգա՞ն տեսնելու, երբ սաներից մեկի հարազատը այցելում է Գիշերօթիկ հաստատություն։ Մասնագետներն աշխատում են նրանց հետ, ասում, որ անպայման գալու են, ուղղակի հնարավորություն այս պահին չունեն։ «Կարևոր է, որ երեխան զգա, որ իրեն սիրում են՝  ասում են հաստատության աշխատողները։ -Եվ մենք փորձում եք տալ այդ սերը։ Որքան որ հնարավոր է»։ Սեր և ուշադրություն գիշերօթիկի սաները, ստանում են բավարար չափով․ դա երևում էր նրանց աչքերում, դաստիարակների հետ գրկախառնություններում, տնօրենին միայն անունով դիմելու սովորության և այդ դիմելաձևից տնօրենի չբարդույթավորման մեջ։
 
Այստեղ աշխատող բոլոր մասնագետներին ես համարում եմ Աստծո պարգև․ այսպես է արտահայտվում տնօրենն իր կոլեկտիվի մասին։ Նրանց հոգատարությունը ապրեցնում է երեխաներին, թեթևացնում հարվածը, որ ստացել են կյանքից՝ հայտնվելով նման սոցիալական իրավիճակում։ 
 
Բարերար Սերգեյ Պողոսյանին Գիշերօթիկ հաստատության այդ 9 երեխաները հավանաբար կմոռանան։ Կհիշեն միայն, որ հունիսի 26-ը իրենց հոգևոր ծննդյան օրն է և այդ օրը իրենց ինչ-որ մեկը անմոռանալի տոն է պարգևել։ Իսկ բարերարը այդ օրը ու այդ աչքերը հավանաբար երկար կհիշի։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ