Նոյեմբերի 27, 2024

Համաժողով Գանձասարի Մատենադարանում

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 11, 2021
Համաժողովի գլխավոր նպատակը Արցախի ժողովրդագրական իրավիճակի հայանպաստ բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանն աջակցելն է՝ «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է նախաձեռնության ղեկավար ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
 
«Սա շատ բարդ խնդիր է։ Մենք փորձել ենք այս նախաձեռնության շրջանակում հասկանալ՝ ինչպես, ինչ ծրագրերով, պետական քաղաքականության ինչ հայեցակետերով պետք է նպաստել Արցախում ժողովրդագրության իրավիճակի բարելավմանը»։
 
 Համաժողովը նպատակ ունի վերհանելու ժողովրդագրության ներկա պատկերը, առանձնահատկությունները, հասկանալու անվտանգային մարտահրավերների ազդեցությունը ժողովրդագրական միտումների վրա, քննարկելու առաջարկվող լուծումները: Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ ըստ դրանց էլ փորձելու են ձևակերպել առաջարկվող գաղափարների նախագծային հայեցակետերը, վերհանել հանրությանը տրվելիք հնարավոր ուղերձները: Համաժողովի մասնակիցներին ողջույնի և օրհնության խոսք է հղել Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայր Սահակ Վարդապետ Շաքարյանը, ով խորհրդանշական է համարել հենց այդ սուրբ վայրում նման նախաձեռնության կազմակերպումը պատերազմից հետո: 
 
«Սերն է բերել ձեզ բոլորիդ, սերը հանդեպ հայրենիքը, սերը հանդեպ մեր սրբությունները, սերը հանդեպ մեր ազգայինը ձեզ ուղղորդել է դեպի Գանձասար»։
 
 Առաջին օրը հնչել է 6 զեկույց այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են Արցախի ժողովրդագրական մարտահրավերները՝ պաշտպանական հնարավորությունների համատեքստում, Եկեղեցու դերը՝ այդ լրջագույն խնդրի լուծման գործում, թշնամի երկրի՝ Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը Արցախում խորհրդային տարիներին և այլն: Ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը ներկայացրել է էթնոժողովրդագրական տեսանկյունից:
 
«Արդեն 1920-ական թվականներից ինտերնացիոնալիզմի քողի տակ սկսեց այսպես կոչված երկու ժողովուրդների մշակութային ընդհանրությունների մշակում, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը, որ ուներ հստակ ընդգծված քրիստոնեական, իսկ թուրքերը, քրդերը՝ մահմեդական մշակույթ, և կար  տիպերի հակադրություն ու պայքար, սկսեցին ընդհանրացնել»։
 
 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը միշտ հայեր էին. Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը միտված էր այդ գերակայության փոփոխությանը:
 
«ԼՂ բնակչության առաջին հաշվառումը եղել է 1921 թվականին․ կոչվում էր Ադրբեջանական ԽՍՀ գյուղատնտեսական մարդահամար։ Հայ բնակչությունը կազմում էր 94,4 տոկոս։ 129 000 բնակչից 122 000-ը հայ էր»։  
 
ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի ներկայացրած ժողովրդագրական վիճակագրությունը հուսադրող չէր: Վերջին տարիների դինամիկան ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բացասական է: Վերջին տարիների աղետալի իրադարձությունները՝ քովիդ, պատերազմ, որոնք ուղղակի և անուղղակի հետևանքներ են ունեցել ու դեռ շարունակում են թողնել, ավելի են բարդացրել իրավիճակը:
 
«Դեմոգրաֆիայի մեջ, ինչպես տնտեսագիտության մեջ, հոգեբանական շեմերը դեր խաղում են։ 3 մլնի շեմը 1978 թվականին է հաղթահարվել։ 2015-ին հետհաշվարկ է սկսվել․ ստացվում է, որ մենք մոտավորապես 45 տարի առաջվա ցուցանիշին ենք վերադարձել»։
 
 Թեման ընդգրկուն է, հարցերը՝ շատ, մտահոգությունները՝ հասկանալի: Երկօրյա համաժողովն ընդամենը մեկնարկ է՝ խնդիրների ուսումնասիրման, դրանց լուծման մեխանիզմների մշակման սկզբնական փուլ: Օրվա երկրորդ կեսին համաժողովի շրջանակներում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որտեղ նեղ մասնագիտական քննարկումներ են իրականացվել: Աշխատանքային օրվա ավարտին ներկայացվել են նաև այդ քննարկումների արդյունքները:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 11 Դեկտեմբերի 2021 22:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ