Նոյեմբերի 24, 2024

Ճակատագրական փետրվարի 20-ը․ 35 տարվա հեռվից

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 20, 2023
Սև-սպիտակ նկարներով ու ոչ պրոֆեսիոնանալ արված տեսագրություններով է մեր սերունդը «տեսել» փետրվարի 20-ը։ Ճակատագրական փետրվարը մենք «հիշում» ենք մեր ծնողների ու տատիկ-պապիկների պատմածներից։ Երբ Ստեփանակերտի  այն ժամանակ դեռևս Լենինի անունը կրող հրապարակը լեփ-լեցուն էր՝ մայր Հայրենիքի հետ վերամիավորվելու երազանքով ապրող  ժողովրդով, երբ բոլորի ցանկությունը, պայքարը, տրամադրությունն ու զգացողությունը նույնն էր։ «Միացում» էին ուզում բոլորը՝ փոքրից մինչև մեծ, շինականից մինչև մտավորական։  Բանաստեղծ  Գուրգեն  Գաբրիելյանն այսպես էր ձևակերպել։    
 
1988․ փետրվարի 20 «Ժողովրդի պահանջը արդար, ազնիվ ու բարոյական պահանջ է։ Այս մարդիկ, որ հավաքվել են այստեղ, ոչ ոքի չեն վնասում։ Ինչու՞ են մեր հարևան ադրբեջանցիներն իրենց վատ զգում։ Այս ժողովուրդը ցանկանում է ապրել իր ժողովրդի հետ, որդին ուզում է ապրել իր մոր հետ, ուզում է ազատվել խորթ մորից ու ապրել իր հարազատ մոր հետ»։   
 
Փերտվարյան ցրտաշունչ օրերին Երևանի   և Ստեփանակերտի հրապարակներում  ասեղ գցելու տեղ չէր լինում։ Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր էին կտրում՝ հանրահավաքներին մասնակցելու համար։  Հրապարակներում հավաքվածները հետևում էին նաև խորհրդային միությունում գումարված նիստերի որոշումներին, որոնցում անդրադարձ կար նաև արցախյան շարժմանը։ 
 
«Պետք է գնահատել և ամրացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները, որը ձևավորվել է խորհրդային տարիներին»,- հնչում էր հեռուստաէկրաններից։ 
 
 Բայց «Խորհրդային տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորված հարաբերությունները» ոչ միայն չամրացան, այլև անուղղելի քանդվեցին։ 1988թ․ Արցախում շարտերն էին հավատում, որ խնդիրը կարող է և պետք է լուծվի ԽՍՀՄ գործող Սահմանադրության ու օրենքների շրջանակում։ Փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանն էլ կոչ էր խորհրդային իշխանություններին՝ հավատարիմ մնալով իրենց իսկ հռչակած սկզբունքներին՝ լուծել խնդիրը։  Այդ օրը  Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝  նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։   Թե ինչպես է հետագայում միացման գաղափարը փոխակերպվել անկախության՝ բոլորովին այլ նյութ է։ Բայց այսօր Հուշահամալիր եկածներից շատերն այն համոզմանն են, որ   Միացման   գաղափարից շեղումն է մեզ հասցրել այս դժվարին կացությանը։ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանի խոսքով՝ փետրվորի 20-ն առաջին հերթին ազգային զարթոնքի օր է։ 
 
«Փետրվարի 20-ը մեր ազգային-ազատագրական շարժման ու զարթոնքի օրն է։ 35 տարի հետո օրվա խորհուրդը չի փոխվել։ Կառուցելով անկախ պետականություն տարիների ընթացքում մենք շեղվել ենք մեր գաղափարախոսությունից։ Դրա համար էլ հասել ենք այս վիճակին»։ 
 
1960-ական թվականներին սկսած ազգային-ազատագրական խմորումների իրավաքաղաքական հիմնավորումն էր փետրվարի 20-ը՝ ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Փետրվարի 20-ին հայ ժողովուրդը պայքարում էր պատմական անարդարության դեմ, այդ պայքարն այսօր էլ չի վերջացել։ 
 
«Ցանկացած պայմաններում էլ հայ ժողովուրդը չի կորցրել հարցերին հիմնական լուծում տալու, հիմնախնդիրներին անդրադառնալու իր ունակությունը։ Փետրվարի 20-ի որոշումը հենց դա էր․ հայ ժողովուրդը պայքարում էր իր իրավունքների համար, պայքարում էր պատմական անարդարության դեմ։ Այդ պայքարը ավարտին հասցնելու համար մենք անելիքներ շատ ունենք»։  
 
Այս 35 տարիների ընթացքում շատ ջրեր են հոսել, տեղի են ունեցել բեկումնային  իրադարձություններ։ Բայց 35 տարի առաջ հռչակված  գաղափարներն այսօր էլ  չեն   կորցել արդիականությունը՝ ասում է «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։ 
 
«Ես երեկվանից մինչ այս պահը և դեռ երկար կհիշեմ, երբ ես էի  14 տարեկան աղջնակ և ձեռքս բռունցք արած բացականչում էի «միացում»։ Ես վստահ էի, որ իմ պահանջը արդար է։ 35 տարի հետո սև ու մութ ուժեր փորձում են համոզել ինձ ու ինձ նման մտածողներին, որ մենք իզուր ենք ապրել, ես արժևորում եմ իմ կյանքը։ Արժևորվում են և անգին են այն պատանիների կյանքը, որոնք զոհվեցին, որպեսզի մենք չկորցնենք մեր արժեքները։ Մենք վերածնունդ ապրելու ենք, մենք ունենալու և տեսնելու ենք ազատագրված Արցախը։ Եվ դեռևս իմ սերունդն է դա տեսնելու»։
 
 «Ես մտադրություն չունեմ իմ անելիքը թողնել ապագա սերուդներին»․-ասում է Մետաքսե Հակոբյանը։ Վատ ժամանակներին անպայման հաջորդում են լավ ժամանակները, հավերժական վերելքներ ու վայրէջքներ չեն լինում։ Փետրվարի 20-ը սկիզբ դրեց մեր համազգային վերելքին։ Ամենածանր իրադրությունից կարելի է ելքեր գտնել։ Փետրվարի 20-ը նաև այդ մասին է՝ դասեր քաղելու, հավատալու և փորձությունները հաղթահարելով առաջ գնալու մասին։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ