ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը, նախքան օրակարգային հարցին անցնելը՝ հանդես է եկել շարժման 35-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձով։ Չնայած այն ծանր իրավիճակին, որի մեջ է Արցախն այս օրերին, 35 տարի առաջ սկսած Շարժումն իր դերն ու նշանակությունը չի կորցրել։ Այսօր էլ, շնորհավորում ենք իրար այդ նշանակալի իրադարձության առիթով, վերաարժևորում անցյալի իրադարձություններն ու հավատում, որ վերջնական նպատակին, որի համար մի օր պայքարի ենք ելել, մի օր հասնելու ենք անպայման։
«Շարժումը դարակազմիկ նշանակություն ունեցավ՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից դուրս գալու հայտ ներկայացնելու տեսանկյունից։ Հետ նայելով ոգևորվում ենք 1988-ի իրադարձություններով, հպարտանում այդ ժամանակների սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով։ Սերունդ, որն իր նկարագիրը պահպանելու ու հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը մայր հայրենիքին միավորվելու մեջ էր տեսնում։ Արցախյան Շարժման իրավական-քաղաքական գագաթնակետն այդ օրն էր»:
Արտահայտելով մարզի բնակչության կամքն ու ցանկությունը՝ այն ժամանակ ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ մարզխորհրդի պատգամավորները 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմից դուրս բերելու և Խորհրդային սոցիալիստական Հայաստանին միավորելու մասին պատմական որոշում կայացրին։
«Այդ որոշմամբ ազգային ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն։ Սակայն մեր ժողովրդի խաղաղ ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրացմանը հակառակ Ադրբեջանն առաջնորդվեց խնդիրը ուժի կիրառմամբ հանգուցալուծելու տարբերակին։ Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի թողենելու նենգ մտադրությունները։ Այս տարիներին անցանք ձեռքբերումների ու կորուստների միջով, այս պայքարում 1000 հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին։ Վիրավոր Արցախն այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով»։
Պատգամավորները լռության րոպեով հարգեցին այս 35-ամյա պայքարի զոհերի հիշատակը։ Նրանց հիշատակը, ոգին ու կամքը մեզ համար այսօր էլ նոր հերոսությունների, պայքարի մղիչ ուժը պիտի հանդիսանան, ասում է Ազգային ժողովի նախագահը, քանի որ դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը։ Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը:
«1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության տեսակետը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու ու Հայաստանին վերամիավորվելու մասին։ Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող Սահմանդրությանը և միջազգային իրվունքերի սկզբունքներին»։
Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց ԼՂՀ կազմավորման ու նրա միջազգային ճանաչման գործընթացը համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերի ուղղությամբ տանելու համար։ Արցախում սկիզբ առած Շարժումը ոտքի հանեց հայությանը, Արցախը համազգային զարթոնքի խորհրդանիշ դարձավ, իսկ այդ պայքարի արդյունքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականություն ունենալու իրավունքը։ 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշմանը հաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով միջազգային նորմերի համապատասխան ամբողջացրեց ԼՂՀ կազմավորման գործընթացը։ Այսօր, երբ Արցախը դարձյալ վտանգված է, մեզ այդ միասնականութունն ու կամքն են պակասում։ Պատգամավորները կոչով դիմում են հայությանը։
«35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձությոններն են։ 35 տարիների ընթացքում և այսօր էլ Ադրբեջանը փորձում է շրջափակման միջոցով կոտրել արցախցու կամքը։ Պայքարը պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը։ Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունը ԱՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին, Մինսկի խմբի համանախագահներին, հայտարարությյուններից ու հորդորներից զատ գործնական քայլերով ու զանազան գործիքակազմով կանխել Ադրբեջանի էթնիկ զտումներն ու ցեղասպան քաղաքականությունը։ Դիմում ենք Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին․ հայ ժողովրդի լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական գործողությունները»։
Հայտարարությունն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը: Հանդես է եկել նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Բալայանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, համառոտ անդրադարձ է կատարաել ոչ հեռու անցյալի այդ իրադարձություններին, նշելով, որ հայրենիքը պայքարով են պահում։ Այն ժամանակվա սերունդը պատմական այդ դասերը լավ էր յուրացրել։ Ցավոք, այս տարիների ընթացքում թույլ տվեցինք սխալներ, որոնք ճակատագրական եղան ու բերեցին այսօրվան, բայց դա չպետք է թուլացնի մեզ, այլ սթափեցնի և նոր մարտահրավերներին նորովի դիմակայելու կամք ու վճռականություն տա։