Պատահակա՞ն է արդյոք թե՞ ոչ, որ հենց ապրիլի 7-ին է բժիշկ-մանկաբարձ Լիլիթ Հակոբջանյանը հիմնադրել իր «ԼիլՄեդ» կլինիկան, և պատահակա՞ն է, որ հենց Արցախում է որոշել բացել այն։ «Իհարկե՝ ոչ,-ասում է բժշկուհին,- կարող ենք հաշվել, որ դա էլ իմ անձնական եռատոնն է, և առհասարակ, ես պատահականությունների քիչ եմ հավատում»։ Լիլիթ Հակոբջանյանի մասնագիտությունն իր մեջ ամբողջությամբ կրում է օրվա խորհուրդը և նա իրեն երջանիկ է համարում, որ հենց այդ մասնագիտության մեջ է գտել իրեն։
«Երջանիկ եմ, որ իմ աշխատանքի բնույթով կարող եմ մայրություն պարգևելուն մաս կազմել կանանց հետ, և յուրաքնաչյուր կնոջ հետ ապրում եմ այդ գեղեցիկ պահերը, դա հիշվում է ամբողջ կյանքում։ «ԼիլՄեդի» բացման օրը հատուկ էր ընտրված, դա ինձ համար նոր սկիզբ է, նոր ծնունդ և հնարավորություն՝ լինելու արցախցու կողքին։ Ես հպարտ եմ, որ կայացել ենք այս դժվարին ժամանակահատվածում ու էլի շարունակելու ենք կայանալ»։
Երբեք, ինչպես ինքն է արտահայտվում, որևէ պահ իր գործունեության ընթացքում այլ մասնագիտություն ընտրելու մասին չի մտածել, կանանց հետ աշխատելով ու կանանց առողջության հարցերով զբաղվելով, ասում է, գերբնական ուժ է ստանում․ այն ուժը, որը կա գուցե միայն կանանց մեջ։
«Ոչ մի օր այլ միտք չեմ ունեցել, ամեն Աստծո օր ես ապրում եմ այս մասնագիտությամբ, և եթե սկզբից սկսելու հնարավորություն լիներ, ես նույն ճանապարհով կգնայի՝ աշխատելով կանանց համար։ Դա գերբնական ուժ է, որ փոխանցվում է նաև ինձ»։
Արցախցի կանանց մեջ, ըստ իրեն, այդ ուժն առավել քան ընդգծված է․ և «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնը հետպատերազմյա Ստեփանակերտում հիմնադրելով՝ մեր հերոսը նպատակ ուներ որոշ չափով հենարան հանդիսանալ Արցախի կանանց համար՝ հնարավորություն ստեղծելով հոգ տանել ամենակարևորի՝ սեփական առողջության նկատմամբ։ Իսկ փոխարենը բժիշկներն ընդհանրապես և Լիլիթ Հակոբջանյանը՝ մասնավորապես, ուզում են մի քիչ գնահատված լինել․
«Առողջությունը ու դրա պահպանումը գլխավորն է, և տարվա բոլոր օրերը պետք է լինեն առողջապահական համակարգի օր։ Միակ բանը, որ ուզում ենք դրա դիմաց, մի քիչ գնահատված լինելն է»։
Բժիշկների անգնահատելի դերը հատկապես տեսանելի է լինում պատերազմների ժամանակ․ արցախցիները տեսել են նրանց նվիրումը այդ օրերին, զգացել նաև հետո, ու զգում են առ այսօր։ Նույնիսկ շրջափակման օրերին, երբ մեզ բարեկամացած հարյուրավոր բժիշկներ, աշխարհի տարբեր ծայրերից, այլևս ֆիզիկապես չեն կարողանում գալ Արցախ, առցանց բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել՝ նեցուկ լինելով, իրենց մասնագիտական ու հոգեբանական-բարոյական աջակցությունը բերելով շրջափակման մեջ հայտնված արցախցիներիս։ «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնն էլ աջակից բժիշկ-մասնագետներ ունի։ Զրուցակիցս իր երախտագիտությունն է հայտնում բոլորին։ Մենք Արցախի կողքին կանգնած բժիշկներին ուղղված երախտագիտության խոսքերին չմիանալ չենք կարող։
«Շնորհակալ եմ, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել, մասնագետներին՝ աշխարհի բոլոր ծայրերից։ Այս մեկ տարվա ընթացքում բավականին հաջող արդյունքեր ենք գրանցել։ Դժվարություններ կան, բայց դա մեզ չի ընկճում, ՀՀ մեր կոլեգաները պատրաստակամ են՝ ճանապարհը բացվելուն պես նորից լինել Արցախում, արցախցու կողքին»։
Այո, առողջապահության ոլորտում անելիքներ կան, հատկապես Արցախում, որտեղ ստիպված են ոլորտի խնդիրները լուծել սահմանափակ ռեսուրսներով ու ռիսկային պայմաններում գրեթե միշտ։ Լիլիթ Հակոբջանյանն իր դիտարկումներն է ներկայացնում հենց գինեկոլոգիայի ոլորտում։
«Կցանկանայի նշել այն անհրաժեշտությունները, որ կան Արցախում։ Դրանք ավելի շատ հետազոտմանն են վերաբերում, սկրինինգային ծրագրերին, պետական մակարդակով պետք է այդ ամենին հասնել։ Մասնավոր ու պետություն համագործակցության արդյունքում այդ ծառայությունները մատչելի կլինեն»։
Երազում է, որ մի օր կարողանանք առողջապահական ոլորտի մակարդակը հասցնել զարգացած երկրների առողջապահության համակարգին, որտեղ բնակչության նախնական հետազոտման համակարգն արդեն ձևավորված է։ Դրան հասնելու համար, ասում է, առողջապահության ոլորտում էլ պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցություն պիտի ձևավորվի, այդ համագործակցության արդյունքում է հնարավոր առողջապահական որակյալ ծառայությունները հասանելի դարձնել։
«Դա առողջապահական համակարգի խնդիրն է, որպեսզի ներդրվի տարիքային ռիսկային հետազոտություններ»։
«ԼիլՄեդ»-ը հիմնադրելով փորձում է որոշակիորեն նպաստել այդ խնդիրների լուծմանը՝ նախևառաջ ապահովելով լավագույն սարքավորումներով հետազոտությունների հնարավորություն։ Դժվարություններ աշխատանքի ընթացքում ծագում են, բնականաբար՝ Արցախն իր առանձնահատկություններն ունի, շրջափակված Արցախն՝ առավել ևս։ Դժվարություններից չի ընկճվում, դրանց գոյությունը օրինաչափ է համարում, աշխատանքային գործընթացների անբաժան մաս և նպատակներին հասնելու խթան։ «ԼիլՄեդ»-ն այսօր ունի կայացած թիմ, գործընկերներ, աջակիցներ, և արդեն մեկ տարեկան կենտրոնի կայացման առաջին փուլը հաջողված կարող ենք համարել»,-ասում է Լիլիթ Հակոբջանյանը։ Բժշկուհին հաճույք է ստանում իր աշխատանքից, ապրում դրանով, իսկ ազատ ժամանակը սիրում է շրջագայել՝ դրական լիցքեր ստանալով աշխարհի գեղեցկությունից ու այն փոխանցելով նաև իր բուժառուներին։ Իսկ էմոցիաները, ինչպես հայտնի է, կարևոր են ու առողջարար։