Ստեփանակերտում նոր բժշկական կլինիկա է բացվել՝ «Լիլմեդ»։ Այն, ինչպես ցանկացած նորություն մեր փոքրիկ քաղաքում, իսկույն ուշադրություն է գրավել։ Պետք է ասել, որ Արցախում մասնավոր բժշկության առաջին փորձը չէ սա․ վերջին տարիներին նման մի քանի հաստատություն արդեն բացվել և գործում են Ստեփանակերտում։ «Լիլմեդը» սակայն առողջապահության ոլորտում սպասարկման նոր մակարդակ է խոստանում։ Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանը կլինիկայի տնօրենն է, կլինիկայի անվանումն էլ հենց իր անունով է պայմանավորված։ Բայց այստեղ ուշագրավ է ոչ միայն և ոչ այնքան կլինիկայի բացման փաստը, որքան մոտիվացիան․ Արցախում այսօր շատերի կարծիքով բիզնես նախաձեռնություն, մեղմ ասած, հեռանկարային չէ։ Բայց Արցախում նման բիզնես ունենալու գաղափարը արմատներով արցախցի, բայց արդեն երևանաբնակ Լիլիթի համար երազանք էր։ Դեռ մինչև 44-օրյան երազանքն արդեն իրական տեսքի էր բերվում ընտանիքի անդամների, ու՝ հատկապես եղբոր շնորհիվ։ Այն, որ «Լիլմեդը» պիտի լինի, ընտանիքի որոշումն էր, որ կայացվեց արդեն պատերազմից հետո։
«Եվ Արցախում, և Հայաստանում նման հարց ինձ շատ են տալիս։ Պատերազմից հետո ես այդ նույն հարցն իմ եղբորը տվեցի, ով այս ամենի մեջ մեծ ներդրում ունի, և նրա միջոցով է այս երազանքնս իրականություն դարձել։ Շարունակու՞մ ենք, թե՞ կանգ ենք առնում՝ այս հարցը քննարկեցինք ընտանիքում և միանշանակ ասացինք՝ շարունակում ենք։ Դրանից հետո այդ հարցը չքննարկվեց, քանի որ մեզ համար Արցախի չլինելու պարագայում մնացած ամեն ինչի չլինելն իմաստ չունի»։
Ավարտելով Բժշկական Համալսարանը Երևանում և կլինիկական օրդինատուրան անցնելով Մոսկվայում՝ Լիլիթը մանկաբարձ-գինեկոլոգի և ուլտրաձայնային հետազոտության մասնագետի որակավորմամբ սկսում է աշխատել Երևանում։ «Բայց հիմա կլինեմ անկեղծ ու կասեմ, որ այն պահից, ինչ տվել եմ Հիպոկրատի երդումը, ինքս ինձ համար ևս մեկ երդում ու նպատակ եմ ունեցել՝ որպես իրական արցախցի, մասնագիտական պարտքս կատարել իմ Արցախ աշխարհի ու իմ ժողովրդի համար։ Ես սկիզբ եմ դնում իմ և իմ ընտանիքի մեծ երազանքին, և հորդորում եմ բոլորին՝ գնալ իրենց երազանքի հետևից»,- ասում է։ Պատերազմից հետո կար մի շրջան, որ կարծում էր՝ ուշացրել է, բայց հերթական այցից հետո հասկացավ, որ հիմա է իրական ու ճիշտ ժամանակը, որ հիմա բոլորը պետք է լինեն Արցախի ժողովրդի կողքին, օգնելու նրան ոտքի կանգնել, պայքարել ու շարունակել ապրել հայրենիքում։
«Արցախի հետպատերազմյա երկրորդ տարին է արդեն։ Հույսը ներդրվում է, կյանքը՝ շարունակվում։ Ես հաճախ եմ Արցախում լինում։ Ես զգում եմ, որ պահանջված եմ, պահանջված են նաև այն ծառայությունները, որոնք առաջարկելու ենք։ Ներդրումները շարունակվելու են, և մենք ձեռք բերածի վրա կանգ չենք առնի»։
Կլինիկան հագեցած է էսթետիկ և ավանդական բժշկության ամենաժամանակակից սարքավորումներով։ Հավաքել են երիտասարդ պրոֆեսիոնալ թիմ։ Համագործակցում են Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետների հետ։ Անհրաժեշտության դեպքում հեռավար կոնսուլտացիաների հնարավորություն են ստեղծելու։ Այս ամենին զուգահեռ «Լիլմեդը» նաև Արցախի մասնագիտական ներուժն է օգտագործելու։
«Արցախում ունենք բազմաթիվ լավ բժիշկներ, որոնք ուղղակի չունեն ժամանակ, պայմաններ, գործիքակազմ, բացահայտելու իրենց, ընդունվելու հիվանդների կողմից։ Այդ բժիշկները պետք գնահատվեն»։
«Լիլմեդը» փորձելու է աշխատանքային լավագույն պայմանները ստեղծել բժիշկների համար, ինչը լավագույն բուժսպասարկում կապահովի արցախցիների համար։ Հատկապես պատերազմից հետո դա խիստ կարևոր է՝ տնօրենի խոսքով։ Արցախը չլինել-չապրել չի կարող և այստեղ ապրող մարդիկ պետք է լավագույն բժշկական ծառայությունները ստանալու հնարավորություն ունենան․ երիտասարդ բժիշկը այդ լավատեսությամբ էլ հիմնադրել և հետագայում զարգացնելու է իր բիզնես-ծրագիրը։