Նոյեմբերի 21, 2024

Մարտունին նոր սրբատեղի ունի

By Անահիտ Ստեփանյան Հունվարի 28, 2022

Տարիներ շարունակ Մարտունու համար երկու հինական դպրոցի բակում գտնվող ցայտաղբյուրն այսօր այլ խորհուրդ ունի, քանզի այն ոչ միայն վերակառուցվել է, այլ՝ դարձել սրբատեղի։ Ցայտաղբյուրի հարևանությամբ խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ Արցախյան քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ նահատակված մարտունեցիների։  Խաչքարի բացման իրավունքը տրվել է պատերազմի ժամանակ զոհված  Նվեր Աբրահամյանի և Վալերի Աղաջանյանի դուստրերին։ Այնուհետև Արցախի թեմի առաջնորդարանի կողմից կատարվել է օրհնության կարգ․

Հիշատակի անկյուն ունենալու նախաձեռնությունը դպրոցինն էր, իսկ կառուցմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Մարտունու քաղապետարանը և զոհված ազատամարտիկների հարազատները։ Քառօրյա պատերազմի նահատակ Վարանդայի Զորամասի 321-րդ զորամասի հրամանատար Բենյամին Եղոյանին բոլորը Մոնթե էին ասում։ Հերոսի հարազատնները որոշել էին խաչքարը կանգնեցնել հենց նրա նահատակված վայրում։ Բայց պատերազմը փոխեց նրա տեղը՝ հասցնելով Մարտունի։

«2020 թվականի պատերազմի ժամանակ արիաբար զոհված մարտունեցիների հիշատակը հավերժացնող այս խաչքարի կառուցմանը աջակցելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Եղոյան, Ալիխանյան և Աբգարյան ընտանիքներին»։

 Փոխտնօրեն Ստելլա Ստեփանյանն իր անձնական կորստի ցավը սեղմելով է խոսում, ասում, որ մենք՝ բոլորս, ճակատագրով ենք Արցախցի ու այստեղ ապրելով ենք պահպանելու նրա հայկականությունը․ 

«Անտանելի է պատերազմի թողած կորստյան ցավը, բայց այս պարագայում մենք առավել քան երբևէ պետք է իմանանք  ապրելու ճիշտ բանաձևը։ Մենք պարտավոր ենք լինել ամուր, չերկնչել դարի մարտահրավերներից և արժանապատվորեն հաղթահարել ներկա ու գալիք փորձությունները»։

 Մարտունու վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանն էլ ընդգծում է․ հիշատակի միջոցառումները սերունդներին պատգամ փոխանցելու լավագույն միջոցն են․

«Ինչպես Նժդեհն է ասում, ազգի բարոյական հասակի բարձրությունը նաև չափվում է իր նահատակների նկատմամբ ցույց տված հարգանքի մերծությամբ։ Եվ որքան բարձր է այդ հարգանքը, այնքան մեծ է այն առաքելությունը, հանուն որի  նահատակվեցին ազգի ընտրյալները»։

 Արդեն դպրոցի ներսում՝ փառքի սրահում նոր անկյուն է ավելացվել։ Շարքը համալրել են քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմներում նահատակված հերոսների նկարները։ Այս խաչքարը պարտավորեցնելու է մատաղ սերնդին դպրոց մտնել խոնարհումով ու այնտեղից դուրս գալ զինված այն գիտելիքներով, որոնք ի սպաս են դնելու Արցախի շենացմանը՝ համոզված է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ալվարդ Ահարոնյանը։

«Այսօր կրթությունն ազգային արժեք է, և մենք պարտավոր ենք կրթել ու դաստիարակել այնպիսի հայրենասեր սերունդ, որը արժանի լինի հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին, և հայրենիքը սիրի այնպես, որ այդ սիրուց թշնամին սարսափ»։

 Մատաղ սերունդն էլ իր անունից է խոստանում Արցախի ապագայի տերը լինել։ Հաստատակամ են․ չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը։  Եվ 55 մարտունեցիների հիշատակի առաջ ասված  խոսքը հնչում է երդումի պես։ 

Լիլիթ Ղահրամանյան, 8-րդ դասարան․ 

«Երբ նայում եմ խաչքարին, հիշում եմ մեր անմահացած հերոսներին։ Նրանք միշտ իմ սրտում ու մտքում են, քանզի նրանք հանուն Արցախի իրենց ամենաթանկը՝ կյանքն են նվիրաբերել»։

 Նելլի Բալայան, 9-րդ դասարան․

«Շատերը կարող են ասել, որ Արցախն այդքան էլ անվտանգ չէ, բայց ես իմ բնօրրանում միշտ ինձ անվտանգ եմ զգում։ Այս պահին շատ հուզված եմ, որովհետև մեր նահատակյալների հիշատակին պետք է արտասանեմ»։

Հենց երգի խոսքերով․ խաղաղության անունից ու խաղաղության պահանջով  հայրենյանց պաշտպան ենք բոլորս։ Այսօր Մարտունում ևս մեկ փառքի անկյուն ավելացավ, ևս մեկ սրբատեղի, որի առաջ կրթվելու ու դաստիարակվելու են գալիք սերունդները։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ