Դահրավցի Էդուարդ և Աբել Սամվելյան եղբայները հարազատ գյուղի մասին գիրք ունեն՝ «Դահրավի պատմության քառուղիներով»: Գրքի հիմքում գյուղացիների զրույցներն ու հիշողություններն են: Դահրավի մասին մեկ այլ գրքում՝ «Հայրենի հիշատակներ»-ում գյուղի մասին պատմում է պատմության ուսուցիչ Ժորա Աբրահամյանը: Համայնքի մշակույթի տան տնօրեն Իրինա Խաչատրյանն էլ ձեռքի տակ է պահում այս բոլոր պատմությունները: Հիմա էլ կիսվում է.
«Դահրավ գյուղի մասին մանրամասն տեղեկություններ է թողել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը: Նա ներկայացրել է Դահրավի աշխարհագրական դիրքը՝ նշելով, որ այն հիմնված է Լուսաձոր գյուղի մոտակայքում: Ուսումնասիրողը բնակիչներին համարել է բնիկ, երկարակյաց, կյանքի միջին տևողությունը 85-90 տարեկան էր»:
Դահրավի մասին տարբեր ուսումնասիրություններն ունեն մեկ նմանություն. գյուղի անվան մասին որևէ տեղեկություն չկա: Դահրավ անունը չի հիշատակվում: Դարերով պահպանված գերեզմանաքարերի վրա փորագրված արձանագրություններից ենթադրվում է, որ դահրավցիների նախնիներն այստեղ ապրել են 1600 թվականից:
«Ըստ մեր պապերի պատմածների՝ գյուղի առաջին բնակիչները եղել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից եկած հարյուրապետ Հախումն ու իր ընտանիքի անդամները: 19-րդ դարի սկզբին գյուղը եղել է բազմատոհմ բնակավայր: Կան նաև փաստեր, որ գյուղը տեղից տեղ է տեղափոխվել»:
Ժամանակին դպրոցը փոքր էր աշակերտների թվի համեմատ՝ ասում է զրուցակիցս: 20-րդ դարակեսի ու դարավերջի պատերազմներից հետո շատ բան է փոխվել: Բնակչության մեծ մասը թողել - հեռացել է գյուղից: Այսօր դահրավցիներն ապրում են հին ու բարի ժամանակների մասին պատմություններով:
«Մինչև 1940-ական թվականները գյուղում աշխուժություն էր, կյանքը եռում էր: Մարդիկ մշակում էին բոլոր հեռու և մոտիկ հողամասերն ու բանջարանոցներն անխտիր: Այդ տարիների ընտանիքները բազմամարդ էին: Ամեն ընտանիքում առնվազն 4 երեխա կար»:
Պատերազմից հետո տեղահանված 23 ընտանիք է ապաստան ստացել Դահրավում: Երբեմնի ծերացող գյուղում կյանքը փորձում է աշխուժանալ, գյուղի փողոցներում երեխաների ու երիտասարդների պակաս արդեն չկա:
«Մինչև 44 -օրյա պատերազմը դպրոցում մնացել էր 8 կամ 10 աշակերտ: Այդպիսի ահավոր վիճակ էր: Պատերազմից հետո բնակչությունը զգալիորեն մեծացել է»:
Երբեմնի պատմամշակութային հուշարձանների մնացորդներից այսօրվա Դահրավում շատ կարելի է հանդիպել: Գյուղի երիտասարդները քաջածանոթ են գյուղի պատմությանը, բայց նոր պատմություն կերտելու տրամադրություն և ցանկություն չունեն՝ նկատում է Իրինա Խաչատրյանը: