Արցախի մայրիկների ֆեյսբուքյան ակումբը որոշել է, որ այս տարի էլ երեխաները պետք է նվերներ ստանան։ Անցյալ տարի գործը հաջողել էր, ուստի այն պետք է այս տարի էլ կրկնել։ Մինչև 10 տարեկան արցախցի երեխաները նամակներ կգրեն Ձմեռ պապին: Նամակները կընթերցվեն, բովանդակությունը կստուգվի և պայամաններին համապատասխանելու դեպքում՝ կտեղադրվի ակումբի ֆեյբուքյան էջում։ Այստեղ յուրաքանչյուր նամակի սպասում է հրաշագործ մի էլֆ։ Էլֆերի պակաս չունեն՝ ասում է Արցախի մայրիկների ակումբի հիմնադիր Լիլիթ Պետրոսյանը։Չեն հասցնում նամակը տեղադրել էջում՝ էլֆերն արդեն արձագանքում են։ Անցյալ տարի էլ նույն պատկերն էր՝ ասում է։
«Դեռևս 2021 թվականին, երբ տեղադրեցի հայտարարություն, որ ցանկություն ունենք այսպիսի ծրագիր պատրաստել, որ ցանկացողնեը մասնակցեն և նվեր պատրաստեն երեխաների համար։ Իրականում անսպասելի էր,որ այդքան շատ մայրիկներ կցանկանային մասնակցել ծրագրին։ Նամակների թիվն ավելի քիչ էր, քան Էլֆերի։ Անընդհատ գրում էին, որ ցանկություն ունեն մասնակցելու ծրագրին, բայց նամակներ չկան, այս տարի էլ նույնն է,դեռ կասեմ ավելին՝ ավելի շատ են նման արձագանքները։ Երբեմն էլֆերը դժգոհում են, որ չեն հասցնում իրենց պլյուսները դնել»։
Նախաձեռնությանն արձագանքել են նաև Սփյուռքից։ Այս դեպքերում էլՖերի համար բացառություն է արվում: Հեռավորությունը չի կարող խանգարել բարի գործ անելուն։ Նրանք կարող են ընտրել նամակը, փոխանցել նախատեսած գումարը «Ինեկոբանկ»-ի համապատասխան հաշվեհամարին, մնացածը կանեն ակումբի կամավորները։ Նման ծրագրերը բարության ու համախմբվածության շղթայի խորհրդանիշ են ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայը միասնական է ու կամեցող՝ ասում է Աննա Գրիգորյանը։ Նա արդեն երկրորդ տարին է՝ ծրագրի էլֆերից է։
«Ծրագիրն արդեն շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել։ Ինձ համար այն տոնածառ դնելու, ամանորյա գնումները կատարելու նման մի բան է։ Մեծ հաճույքով եմ մասնակցում ծրագրին։ Այստեղ կարևոր է բարի գործի խթանումը։ Այս բարության շղթան շարունակական պետք է լինի, երեխաները պետք է չդադարեն երազել»։
Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին նաև այն ծնողները, որոնց երեխաներն իրենք էլ համապատասխանում էին նամակագիրների խմբին։ Արմինե Մելքումյանը հրաշքի իրագործմանը մասնակից է դարձրել նաև իր աղջնակին՝ ասում է՝ մեծ երջանկություն է հեքիաթ և ուրախություն պարգևել նաև ուրիշի բալիկին։
«Ես և դուստրս համապատասխան նվերները գնեցինք, ես նրան բացատրեցի,որ այդ օրը Ձմեռ պապը հիվանդ է և չի կարող ինքը նվեր փոխանցել այն երեխային, ում համար ես էլֆ էի։ Դրա համար մենք պետք է օգնենք Ձմեռ պապին և մենք տանենք այդ նվերը։ Նա մեծ ոգևորությամբ ինձ օգնեց։ Ես նվեր էի պատրաստել 6-ամյա մի շատ ամաչկոտ տղայի համար։ Երբ մենք նվերը հանձնեցինք նրան, նա այնքան ուրախացավ, որ մեզ էլ երջանկացրեց»։
Նամակները պետք է լինեն ձեռագիր, պատմեն երեխաների մասին՝ նախասիրություններ, տարիք և այլն։ Անցյալ տարի ստացել են 768 նամակ, այս տարի արդեն 200-ից ավելի։ Նամակների բովանդակությունն այս տարի էլ չի փոխվել ՝ ասում է։
«Ձմեռ պապից և անցյալ տարի, և այս տարի երեխաները խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն են ուզում իրենց ընտանիքների համար։ Ես առանձնացրել էի մի նամակ, որտեղ երեխաները մի քանի անգամ գրել էին,որ աստղերից լույս ու շող են ուզում, վերջում էլ ավելացրել՝ աստղերի շարքում մեր հայրիկն է»։
Նամակների ընդունումը շարունակվում է ՝ ասում է Լիլիթ Պետրոսյանը։ Որքան էլ ծանր լինեն ժամանակները, երեխաներին հեքիաթից զրկել չի կարելի։ Ակումբը սպասում է և նոր մանակների, և նոր Էլֆերի։