Նոյեմբերի 22, 2024

ՄՕՄ կենտրոն Արցախում. շատ սպասված իրադարձություն մայրիկներ համար

By Վիկտորյա Սարգսյան Փետրվարի 17, 2023

«Միշել Օդեն Մայր» կենտրոնը կամ, ինչպես այն ավելի հայտնի է, MOM center-ը գործում է 2022 թվականից: Կենտրոնն իր գաղափարների ու նպատակների շուրջ միաբանել է մի շարք մասնագետների թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից։ Արցախցի մայրիկները MOM center-ի հետ հասցրեցին ծանոթանալ հատկապես շրջափակման պայմաններում: Կենտրոնի թիմը սկսեց աշխատել մի շարք հրատապ հարցերի շուրջ, որոնց կարող էին բախվել արցախցի մայրիկները: Կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանն առաջարկեց մոբիլիզացնել հայաստանյան մասնագետներին՝ արտակարգ իրավիճակներում կրծքով կերակրման հարցի շուրջ: Թե ինչու հենց այս հարցը հրատապ արձագանքի կարիք ունի, Աստղիկ Վարդանյանն է պարզաբանում: 

«Հայաստանում մենք ունեցել ենք նման փորձառություն Սպիտակի երկրաշարժից հետո: Երբ արտակարգ իրավիճակներում սննդի , նպարեղենի որոշակի պակասի պատճառով՝ մայրիկների մոտ սկսվում է տագնապ, որ բավականաչափ սնունդ չստանալով, կարող է թերսնեն իրենց երեխաներին: Մայրիկները սկսում են ավելի շատ կաթնախառնուրդ տալու մասին մտածել: Ընդհանրապես աշխարհում նույնպես այդպես է: Որտեղ կա կրիզիսային իրավիճակ կամ պատերազմ, այդ երկիր հոսում է մեծ քանակությամբ հումանիտար օգնություն: Սակայն հումանիտար օգնության անհարկի օգտագործումը բերում է հասարակական առողջության հսկայական անկման»:

 Այդպիսով՝ նախորդ տարվա դեկտեմբերից սկսվեց համագործակցությունը ՄՕՄ կենտրոնի և Արցախի մայրիկների ակումբի միջև: Միասին մի շարք ծրագրեր իրագործեցին: Հետո պարզ դարձավ, որ այդ ծրագրերը չպետք է միայն իրավիճակային լինեն: Ինչպես աշխարհի բոլոր մայրերը, այնպես էլ արցախցի մայրիկները շարունակական աջակցության կարիք ունեն՝ ասում է Աստղիկ Վարդանյանը: 

«Երբ հանդիպեցինք Արցախի մայրիկների ակումբի հետ՝ նրանց ադմինիստրատիվ մասի և ակտիվ մայրիկների, հասկացանք, որ եկել է պահը Արցախում մայրերի համար ստեղծել մի կենտրոն, որը պատրաստակամ աշխատանքներ կկատարի՝ մայրերին տանելու դեպի գիտակցված մայրություն և ծննդաբերություն: Գիտակցված ասելով՝ ես ի նկատի ունեմ, որ մայրիկը տեղեկացված է, զինված է գիտելիքներով, հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ է ծննդաբերությանը, մայրությանը և հետծննդաբերական շրջանին»: 

Գաղափարն, իհարկե, մեծ ոգևորություն առաջացրեց արցախցի մայրիկների մոտ: Սա աննախադեպ հնարավորություն է, քանի որ յուրաքանչյուր խորհուրդ, օգնություն մեզ համար շատ կարևոր է՝ ասում է մայրիկների ակումբի ադմինիստրատոր Մարիամ Աբրահամյանը: 

«Հատկապես այս դժվար իրավիճակում, երբ չունենք տեղաշարժվելու հնարավորություն և պետք է սահմանափակվենք տեղի մասնագետներով, իսկ շատ դեպքերում որոշ մասնագետներ ու հետազոտություններ, որոնք շատ անհրաժեշտ են, պարզապետ բացակայում են: Ուստի շատ մեծ հնարավորություն է ստեղծվում օնլայն մասնագետներից խորհուրդներ ստանալ: Ու հատկապես նման պայմաններում կենտրոնի անհրաժեշտությունը ավելի է մեծանում»: 

Մասնագիտությամբ երաժիշտ Անուշ Հարությունյանը, դառնալով ՄՕՄ կենտրոնի անդամ, իր համար նոր աշխարհ է բացահայտել: Այսօր նա ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի դուլա է: Անուշի խոսքով՝ նման կենտրոնի բացումը իր համար երազանք էր: Արդեն մի քանի գաղափարներ ունի կապված կենտրոնի հետ և պատրաստ է ներդնել իր բոլոր ջանքերը՝ դրանք իրագործելու համար: 

«Որպես մայրիկ ինձ համար արդեն երջանկություն է լինել ՄՕՄ կենտրոնի անդամ: Իսկ այն միտքը, որ Արցախում նույնպես կլինի նման կենտրոն, երջանկությունս միայն ավելացնում է: Կարծես սրտիս խորքում պահված երազանքը իրականություն դարձավ: Կլինի մի կենտրոն, որտեղ մայրիկները, մասնագետները կհավաքվեն, կզրուցեն կկիսվեն, կխոսեն իրենց վախերից, ապրումներից, կստանան ֆիզիկական ու հոգեհուզական , տեղեկատվական աջակցություն: Վստահ կլինենք, որ կա մի վայր, որտեղ կարող ենք դիմել և ստանալ մշտական աջակցություն»:

 Կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանն ու մայրիկները խոսում են բազմաթիվ խնդիրների մասին, որոնց բախվում են մայրիկները: Շրջափակման պայմաններում դրանց թիվը բազմապատկվում է: Շրջափակման պատճառով կենտրոնը դեռ գործում է օնլայն, բայց դա չի խանգարում աշխատել ու ծրագրեր իրականացնել: Վաղը՝ փետրվարի 18-ին, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում տեղի կունենա առաջին առցանց հանդիպում-քննարկումը՝ «Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում» թեմայով: Միջոցառմանը իրենց խոսքը կասեն ոլորտի ինչպես հայաստանյան լավագույն մասնագետները, այնպես էլ բժիշկներ Արցախից: Մուտքն ազատ է: Փետրվարի 19-ին էլ տեղի կունենա նույն թեմայով առցանց հանդիպում-քննարկում արցախցի բժիշկների համար:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ