ԱՀ ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվութունները և հայտնել հրադադարի խախտման մասին
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ-ի ստորաբաժանումներն այսօր ժամը 10։00-ի սահմաններում իբր փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ Ասկերանի շրջանում, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։», նշված է ԱՀ ՊՆ տարածած հաղորդագորթյունում:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը հավելում է, որ նման ապատեղեկատվություններով Ադրբեջանի ՊՆ-ը փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ադրբեջանական կողմն այսօր ժամը 09:50֊ի սահմաններում հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կեղծ են նաև այն հայտարարությունները, թե՝ ՊԲ-ի համապատասխան ստորաբաժանումներն իբր պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը: «Դա բացարձակ կեղծիք է։», նշված է ԱՀ ՊՆ տարածած հայտարարությունում:
Ադրբեջանի ՊՆ֊ը մասնավորապես հայտարարել է, թե վերջին նման միջադեպն իբր արձանագրվել է հուլիսի 13֊ին, երբ ՊԲ-ի համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով իբր խափանվել են Կովսականից Վարանդա և Վարանդայից Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը:
«Այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ-ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։», նշում է Արցախի ՊՆ-ը, հավելելով.
«2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։