Հաբ Արցախի և Հետք մեդիագործարանի համագործակցությամբ արդեն մոտ երկու ամիս է` Արցախում սկսվել է Մեդիա+ դասընթացը, որի նպատակն է զարգացնել Արցախում գործող երիտասարդ լրագրողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, նրանց սովորեցնել և աջակցել ստեղծել վստահելի ու որակյալ մեդիաարտադրանք։ Երկարաժամկետ դասընթացն 9 մասնակից ունի, բազմաթիվ տնային առաջադրանքներ ու ինչու ոչ՝ գոհացնող արդյունքներ։ Անի Աբաղյանի ռեպորտաժն է պատմում դասընթացի մասին:
Արդեն մոտ երկու ամիս է Արցախում Մեդիա+ ծրագրի շրջանակում գործող լրագրողներ ու ոչ մասնագետներ մեկ հարկի տակ սովորում, ուսումնասիրում են՝ ինչ է լրագրությունը։ Ծրագիրն իրականացվում է Հաբ Արցախ համայնքային զարգացման կենտրոնի և Հետք Մեդիա գործարանի համագործակցությամբ։ 10-ամսյա ծրագրի առաջին եռամսյակում մասնակիցները «Լրագրության հիմունքներ ու գրելու հմտություններ» և «Ֆոտոլրագրություն» առարկաներն են ուսումնասիրում։ Հաբ Արցախի ծրագրերի համակարգող Ալյոնա Հայրապետյանը դասընթացի նպատակներից է խոսում։
«Ծրագրի նպատակը լրագրողներ պատրաստելն է, կամ` ավելի հմուտ լրագրողներ պատրաստելը։ Հիմնական նպատակներից մեկը նաև մեր մասնակիցներին միջազգային լրատվամիջոցներին կապելն է, որոնց նրանք կարող են թղթակցել։ Սա միանշանակ պայմանավորված է մասնակցի նախաձեռնողականությամբ․ եթե մասնակիցը նման ցանկություն ունի, մենք նրան օգնում ենք անել դա»։
Մեդիա+ դասընթացի 9 մասնակիցներն արդեն սովորություն են դարձրել` շաբաթական չորս անգամ վազելով Հաբ Արցախ գալը, ճոճվող ու սովորական աթոռներ ընտրելն ու ըստ հնարավորին այնպես նստելը, որ տեսախցիկի կիզակետում տեղավորվեն։ «Ընկեր Բալայան, մի քանի րոպեից մեր լույսն անջատվում է», «Կհասցնենք, կհասցնենք»։ Դասի անփոխարինելի «ընկերներից» է Google Meet-ի չռթչռթոցը։ Հայրեպետյանը հավելում է.
«Դասերը հեռավար են կազմակերպվում, ուսուցիչները Երևանում են գտնվում, մենք մասնակիցներով հաբից միանում ենք։ Հիմնական խնդիրը` էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն են․ ամեն շաբաթ ստիպված ենք լինում փոխել դասերի գրաֆիկը։ Բացի հովհարային անջատումներից, երբեմն ունենում ենք թույլ ինտերնետ, ինչի պատճառով դասը նորմալ անցկացնել չի ստացվում»։
Ուսանողները` Ստեփանակերտում, դասախոսներն էլ Երևանում են շտապում դասին միանալու։ Սովորել գրել, սովորել գտնել լուրեր, տեսնել իրադարձությունն ու այն դարձնել լուր․ այս փոքր քայլերով է, որ պետք է ուսանողները մոտենան գրելու հմտություներին՝ ասում է «Լրագրության հիմունքներ ու գրելու հմտություններ» առարկայի դասախոս Մարիամ Բարսեղյանը, որ ուսանողներին ընդունում է որպես Արցախում լրատվության աղբյուր, նաև` գործընկեր։ Եւ պատահական չէ, որ դասն սկսվում է երկրում տեղի ունեցած վերջին զարգացումների ամփոփումով։
«Պատահական չէ, որ մենք մեր բոլոր դասերը սկսում ենք` «Ի՞նչ է տեղի ունեցել Արցախում» հարցից, որովհետև մեր խնդիրը Արցախում տեղի ունեցող իրադարձությունները դրսում ներկայացնել կարողանալն է։ Մենք ունենք նաև անհրաժեշտություն` ամբողջական, մանրամասնորեն ու միաժամանակ տեսնելու այն, ինչ տեղի է ունենում այնտեղ»։
Մեդիա+ ծրագրի շրջանակում դասախոսները պետք է գային Արցախ ու տեղում անցկացնեին դասախոսությունները, գործնական աշխատանքները։ Շրջափակումը փոխել է ծրագրերի ձևաչափը։ Դասերի ընթացքում և՛ դասախոսներից, և՛ ուսանողներից լրացուցիչ ջանքեր են պահանջվում․ որքան ավելի արդյունավետ կլիներ, եթե տեղում ամեն ինչ կազմակերպվեր՝ նշում է Բարսեղյանը։ Բայց․
«Պետք է արձանագրեմ, որ գուցե կազմակերպիչների ջանքերի շնորհիվ է, գուցե ըստ նպատակահարմարության որոշում կայացնելու արդյունքում է. այս 1,5 ամսվա ընթացքում չի եղել դեպք, որ մեր դասերը տեղի չունենան։ Այնուամենայնիվ, կարողանում ենք թեկուզ հովհարային անջատումների ընթացքում գտնել ճիշտ ժամանակ` որտեղ կլինի և լույս, և կարող ենք դասն անցկացնել»։
Ֆոտոլրագրության դասի ժամանակ դասախոս Արեգ Բալայանը մի քանի հեռախոսով միանում է դասին ու փորձում որքան հնարավոր է պարզ ու հասկանալի բացատրել տեսախցիկի օգտագործման ձևից մինչև «թույն» լուսանկարներ ստանալը։
Արդեն երկու ամիս շարունակվող դասընթացի մասին ուսանողներ Հայկն ու Սյուզաննան են պատմում։
Սյուզանա. «Անկեղծ ասած, շրջափակման պայմաններում ինչ-որ նոր բան սկսելու համար մոտիվացիա դժվար է գտնել։ Ամառը միշտ հանգստանալու համար եմ թողնում, բայց այս տարի որոշեցի ժամանակս իզուր չվատնել ու հրաշալի առիթ էր նոր բան սովորելու համար։ Պարզապես մտահոգություններ կային․ կկարողանա՞նք իրացնել դասընթացից ստացած գիտելիքները ու շրջափակման պայմաններում որքա՞ն կարող ենք կիրառել դրանք»։
Հայկ. «Առաջինը սովորել եմ գրել ավելի գրագետ, ճիշտ, կիրթ։ Երբ ես համեմատում եմ իմ նյութերը, տեքստերը` մինչև դասընթացին գալն ու հիմա, ինչ գրում եմ, նկատում եմ զգալի տարբերություն։ Այս երկու ամսվա ընթացքում շրջափակումը, բարեբախտաբար, մեր դասընթացներին չի խանգարել, բայց գլոբալ առումով վերցրած խանգարել է, քանի որ դասընթացները պետք է լինեին անցանց, այսինքն՝ դասախոսները պետք է այցելեին Արցախ ու 9 ամիս միասին անցկացնեինք»։
Հաբ Արցախի ծրագրերի համակարգող Ալյոնա Հայրապետյանը նշում է, որ այս ընթացքում դասընթացից դուրս եկողներ էլ են եղել, քանի որ չեն կարողացել աշխատանքն ու առօրյան համատեղել դասերին։
«Շատ ինտենսիվ պարապմունքներ ենք ունենում գրեթե ամեն օր։ Ստանում են նաև առաջադրանքներ, ինչը կատարելու համար նույնպես շատ ժամանակ է պահանջվում մասնակիցներից»։
Պատերազմից հետո Արցախի պետական համալսարանում «Լրագրություն» բաժինը փակվել է ու արդեն երրորդ տարին է՝ լրագրությամբ հետաքրքրվողները փնտրտուքի մեջ են՝ որտե՞ղ գտնեն մասնագիտական հարցերի պատասխանները։ Ծրագրի նպատակը նաև այդ բացը լրացնելն է՝ ասում է դասախոս Մարիամ Բարսեղյանը։
«Մենք չենք հավակնում այն մեծ բացը լրացնել, որն առաջացել է ֆակուլտետի` այս պահին չլինելով, բայց ջանում ենք, որ որոշ մասով գոնե լրացնենք այն բացը, որը կարող էր չլիներ, եթե ֆակուլտետը գործեր»։
Մեդիա+ դասընթացն անվճար է: Դրա ընթացքում յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային մասնագետի կողմից անհատական մենթորության հնարավորություն, մասնակիցների և տեղական ու միջազգային մասնագետների միջև կստեղծվեն պրոֆեսիոնալ կապեր՝ հնարավորություն ստեղծելով հետագա համագործակցությունների համար։ Ստեղծված իրավիճակում լրագրողները պետք է լինեն միջազգային հանրության աչքերը, ամենօրյա ռեժիմով տարբեր լեզուներով հենց Արցախից տեղեկատվություն փոխանցողները։