Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ադրբեջանական ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում կեղծ տեղեկություններ են ներկայացված առ այն, թե այսօր իբր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ իբրև օգտագործվել են բուժօգնության մեքենաներ` հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է:», նշված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: