Նոյեմբերի 22, 2024

Գալստյանների դժբախտ ու երջանիկ օրը

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 31, 2021

2020 թվականի նոյեմբերի 13-ին Գալստյանները Եռաբլուրում թողեցին միակ որդուն՝ Արամին։ Մեկ տարի անց նույն օրը ընտանիքում ծնվեց Մարիան՝ ծնողներին ստիպելով նորից ժպտալ։ 

«Մարիան իր եղբոր նմանակն է, ուղղակի աղջիկ է։ Մինչև երեխայի ծնվելը երազ ենք տեսել․ որդիս աղջիկ երեխան գրկել, եկել էր մեր տուն»։ 

Սանկտ Պետերբուրգում էին ապրում։ 15 տարեկանում Արամը ծնողների հետ վերադառնում է Ստեփանակերտ։ Արդեն ինքնաթիռի մեջ էին, երբ թռիչքը հետաձգվեց։ Արամն ասում էր, թե սա կանխազգուշացում է Արցախ չգալու մասին՝ հիշում է մայրը՝ Քրիստինան։ Բայց մի քանի ամիս այստեղ ապրելուց հետո արդեն սկսեցին ափսոսալ Ռուսաստանում անցկացրած ժամանակի համար։ 

«Մենք 2019-ին եկանք Արցախ, ուզում էինք տուն գնել։ Որդիս՝ Արամն էր փնտրում տունը։ Ասում էր՝ գնամ, 3 տարի ծառայեմ, փող վաստակեմ, որ կարողանանք տուն գնել, բայց 4 ամիս էլ չհասցրեց ծառայել»։ 

Մայրը քնում ու արթնանում է Արամի մասին հիշողություններով։ Ամեն օր պատին փակցված նկարների հետ զրուցում, լացում ու ծիծաղում է։ Վերջին անգամ որդուն բանակ ճանապարհելիս են միասին ուրախացել։ Տիկին Քրիստինան Արամի չարաճճիությունների, երազանքների մասին ներկայով է խոսում։ Ու թվում է, թե Արամն այդ պահին էլ անում է այն, ինչ պատմում է մայրը։ 

«Երեք ընկեր էին՝ ինքը, Արիսն ու Վալերան։ Երազում էին երեխաների համար սքեյթբորդ քշելու այգի կառուցել, որ երեխաները հմտանան այդ սպորտում»։ 

Երևի Մարիան կիրականացնի եղբոր երազանքը, ասում է զրուցակիցս։ Աղջիկս որքան նման, նույնքան էլ տարբերվում է եղբորից։ 

«Աչքերը մոխրագույն են, բայց Արամինը շականակագույն էր, նա ավելի թմբլիկ էր, սևուկ, իսկ Մարիան հակառակը»։

Քրիստինայի երկու երեխաներն էլ 90-ական թվականներին են ծնվել։ Համեմատում է այն օրերի ու այսօրվա խնամքի ձևերն ու ասում, հիմա հեշտ է երեխա մեծացնելը։ Մարիան քնած ժամանակ հաճախակի է ժպտում, բոլորին իր շուրջը հավաքում։ 

«Մենք արդեն տատիկ պապիկ ենք և լինում են պահեր, որ թվում է՝ մենք մեր թոռնիկին ենք պահում։ Նրան ուրիշ ձևով ենք սիրում»։ 

Թերթելով հեռախոսի նկարները Քրիստինայի տրամադրությունն էլ փոխվում է։ Արամի նկարներին հաջորդում են Մարիայի նկարները։ Կյանքի մեծ մասը Ռուսաստանում ապրած Քրիստինային Արցախում պահում է Արամի գերեզմանը, իսկ ապրելու իմաստը տալիս է Մարիան։ Դա է օգնում կառչել կյանքից, ապրած օրերում փնտրել ու գտնել իմաստ, գուցե նաև երջանկություն։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ