Նոյեմբերի 22, 2024

Պատերազմից խուսափելու բարոյական և իրավական կողմերը

By Սրբուհի Վանյան Փետրվարի 19, 2022

Շուրջ 370 երիտասարդ  խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից՝ փոխելով զինկոմիսարիատի հաշվառումը, ավելի քան  1000 մարդ խուսափել է 44-օրյա պատերազմին մասնակցությունից։ Ընդ որում, սրանք հիմնականում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են կամ նրանց ընտանիքի անդամները։ Լուրը օրեր առաջ հնչեցրել է պատգամավոր Սեյրան Հայրապետյանը՝ ԱԺ նիստում՝ խոստանալով հրապարակել նրանց ցուցակները։ 

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի որոշ «կարող» քաղաքացիներ իրենց որդիներին հանել են Արցախի զինկոմիսարիատներում հաշվառումից և հաշվառել Հայաստանի զինկոմիսարիատներում` միաժամանակ շարունակելով բնակվել Արցախում։ Նրանց ցուցակների մեծ մասն առկա է ինձ մոտ, և ամբողջացնելուց հետո հրապարակելու եմ»,-ասել է անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:


«Սահմանված կարգով հարցում եմ կատարել համապատասխան նախարարություն, 2016 թվականի ապրիլի մարտական գործողություններից հետո ԱՀ զինկոմիսարիատների հաշվառումից դուրս եկած և ՀՀ զինկոմիսարիատներում հաշվառված զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ»։


2020 թվականի սեպտեմբերի 27-ը նոր իրողություններ բերեց․ այն, որ 44-օրյա պատերազմը սկսելուն պես եղել են Արցախը լքած պաշտոնյաներ, նորություն չէ: Այս մասին անգամ Արցախի նախագահի մակարդակով է հայտարարություն եղել: Իսկ այն, որ, ինչպես հայտարարում է պատգամավորը, նման հարյուրավոր դեպքեր տեղի են ունեցել ապրիլյան քառօրյայից հետո՝ սա նորություն է շատերիս համար:


«Մինչև 2021 թվականի սեպտեմբերը ԱՀ զինկոմիսարիատների հաշվառումից դուրս են եկել 371 քաղաքացիներ։ Շուրջ 100-ը շարունակվել է բնակվել Արցախում։ Ճնշող մեծամասնությունը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական ու մասնավոր հատվածում»։


«Մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանվում է երկրի բարձրագույն օրենքով։ Խնդիրն ամենևին դա չէ,- ասում է Հայրապետյանը։ Հարցը բարոյական բաղադրիչ է պարունակում։ Իսկ զորամասը լքելու մասին նա ասաց․


«1088 հոգի խուսափել են անմիջական կցագրված զորամասեր ներկայանալ կամ կամավոր մեկնել են այլ ստորաբաժանումներ կամ ընդհանրապես խուսափել են՝ մնալով Արցախում կամ դուրս գալով հանրապետության տարածքից։ Այս հարցերի մասին խոսվում է ամեն տեղ, ես գաղտնիք չեմ բացահայտում, նմանատիպ երևույթներ եղել են և արցախյան հատվածում, և Հայստանում»։

« Այս մասին չբարձրաձայնել ես չեմ կարող․ գիտեք, որ Արցախը չափազանց փոքր է և «աչքից դուրս մնալու» ենթակա «տարածություն» այստեղ չկա,- ասում է պատգամավորը։ Ցավալին այն է, որ իշխանության բարձր մակարդակով 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո «ձևավորվել» արտոնյալ մի խավ, որ լուծել է իր, իր որդիների հարցերը, այն դեպքում, երբ Արցախի ու Հայաստանի հանրությունը շարունակել է ապրել իրականության և ապագայի տեսլականի այլ պատկերացումներով:

«Չենք կարող չբարձրաձայնել այդ հարցերը, քանի որ աղետալի պատերազմի հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի 75 տոկոսը, տվել 1000ավոր զոհեր։ Այս հարցերին պետք է անդրադառնան պետական և հանրային ոլորտները»։


Հանցագործությո՞ւն է արդյոք այն, որ քաղաքացին փոխում է իր զինվորակական հաշվառման վայրը, և
ի՞նչ պատիժ է սահմանված զինվորական ծառայությունից ու ռազմական գործողություններին մասնակցությունից խուսափելու համար։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն է պարզաբանում։


«Քաղաքացին իրավունք ունի ազատ բնակության վայր ընտրել։ Իրավունք ունի հաշվառվել որտեղ ցանկանում է։ Որևէ մեկը չի կարող սահմանափակել անձի՝ Սահմանդրությամբ երաշխավորված այդ իրավունքը։ Սակայն հաճախ է մեզ մոտ հանդիպում, երբ նման քայլի գնում են զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ ԱՀ Քրեական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն, եթե անձը խուսափում է ժամկետային ծառայությունից, զորավարժանքներին, զորահավաքին մասնակցելուց , ենթակա է քրեական պատասխանատվության 1-2 ամիս կալանքով, կամ մինչև 3 տարի ազատազրկմամբ։ Եթե այդ արարքը կատարվում է կեղծ փաստաթղթերի հիման վրա, ինքնավնասմամբ, սիմուլյացիայով, անձը պատժվում է կալանավորմամբ՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով։ Եթե այդ նույն արարքը կատարվում է ռազմական դրության ժամանակ, նրա համար նախատեսվում է պատիժ՝4-8 տարի ժամկետով»։

Սեյրան Հայրապետյանը խոստացել է հրապարակել պատրաստած ցուցակները։ Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ կկանգնե՞ն այդ մարդիկ պատասխանատվության առջեւ, թե՞ ոչ։  Եթե հրապարակված տեղեկությունները լինեն հիմնավորված և պարունակեն հանցակազմ, ապա այն կդիտվի որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող հետեւանքներով։  


Անկախ նրանից արարքը քրեորեն պատժելի է, թե ոչ, այն դատապարտելի է բարոյական տեսանկյունից, ասում է Սեյրան Հայրապետյանը և նշում՝ նման արատավոր երևույթների դեմ լռելու իրավունք չունեն ինչպես իշխանությունները, այնպես էլ հանրությունը։ Պատերազմը դեռ չի ավարտվել․ դեռ երեկ թշնամական դիրքերից կրակում էին Արցախի խաղաղ բնակիչների վրա։ Այսօր, այս փխրուն խաղաղության պահպանման և ամրապնդման համար պատասխանատու ենք բոլորս՝ անկախ դիրք ու պաշտոնից։

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 19 Փետրվարի 2022 21:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ