Նոյեմբերի 23, 2024

Ակցիա ի պաշտպանություն ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման

By Անի Աբաղյան Մարտի 05, 2022

Այսօր «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը խաղաղ ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման իրավունքի: Արցախն այսօր նույն իրավիճակում է, ինչպես Լուգանսկն ու Դոնեցկը՝ ասում է կուսակցության երիտասարդական ճյուղի ղեկավար Արշակ Աբրահամյանը: Նա հույս ունի, որ ճանաչման հերթն արդեն  Արցախին է հասել: 

«Արցախցին անկախ ապրելու իրավունքը վաստակել է  երեք պատերազմների միջոցով և մենք աջակցում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությանը, ողջունում ենք երկու պետությունների ճանաչումը և հուսով ենք, որ հաջորդը  Արցախի Հանրապետությունը կլինի»: 

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հնչեցնում աշխարհի երկակի ստանդարտների  դեմ: 

«Երբ մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, արգելված զինատեսակներ էր կիրառում մեր զինծառայողների հանդեպ, այդ նույն Արևմուտքը լուռ էր»:

 Նույն տեղում և նույն ժամին տեղի է ունեցել մեկ այլ ակցիա: Ակցիայի միակ մասնակիցը Լարիսա Առաքելյանն էր: Նա  դեմ է Ուկրաինայում ծավալվող պատերազմին, քանի որ այնտեղ հազարավոր հայեր են ապրում: Բացի այդ, նա կարծում է, որ Ռուսաստանը  պետք է Արցախն էլ ճանաչեր:

«30 տարի շարունակ հայերին այստեղ սպանում էին, սահմանային իրավիճակը միշտ լարված էր, Ռուսաստանը ընդունե՞լ է Արցախը, թե: Ո՛չ, չի ընդունել: Իմ պաստառի վրա գրել եմ «Պուտին, ճանաչի՛ր Արցախը»»:

 «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասում է, որ ակցիան ինքնանպատակ  չէ, և որ իրենք  հետևողական են լինելու   Արցախը Լուգանսկի և Դոնեցկի ճակատագրին արժանացնելու համար: 

«Մենք վերջերս Մոսկվայում էինք, որտեղ հանդիպել ենք տարբեր  քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր փորձագետների հետ: Նման համագործակցությունները շարունակական են լինելու և հնարավոր չէ՝ արդյունք չունենան»:

 Ակցիայի մասնակիցների խոսքով այսօրվա միջոցառումը շարունակություն կունենա, ընդ որում՝ ոչ միայն  ակցիաների տեսքով: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ