Նոյեմբերի 23, 2024

Արցախյան կարգավորում․ լուծման միֆեր և իրականություն

By Սրբուհի Վանյան Ապրիլի 01, 2022

Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները՝ սահմանային լարվածություն, պայքար Քարագլուխ բարձունքի համար, հարակից հայկական գյուղերի հայաթափում՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության պարագայում, հանրության շրջանում հարցեր են առաջացնում։ Հարցեր առաջին հերթին անվտանգային երաշխիքների կամ գուցե՝ դրանց ոչ լիարժեք լինելու մասին, ինչն էլ մտահոգությունների ու կարգավորման հնարավոր տարբերակների փնտրտուքի տրամադրություններ է գեներացնում։ Այս ամենի, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին հանրային տեղեկատվական դաշտ են նետվում իրավիճակից ելքի տարբերակներ, այդ թվում Արցախի՝ ՌԴ -ին միանալու հանրաքվեի անցկացում, որպես , մեջբերում եմ․ «Ադրբեջանին Արցախի հանձնման» այլընտրանք։ Արցախյան հարցի քաղաքական լուծման ի՞նչ տարբերակներ են հնարավոր ներկա պայմաններում։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանն այլ պետության կազմ մտնելու մասին քննարկումները տեղին չի համարում։ 

«Այս պահին  որևէ պետության կազմ մտնելու մասին քննարկումները, առավել ևս ոչ հայկական պետության, տեղին չեն»։

  Թե ինչու՝ քաղաքագետը մի քանի ասպեկտ է առանձնացնում, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքական ցանկությունն ու կամքը՝ Արցախն իր կազմում ներառելու մասին։ «Ռուսաստանը նման քայլի չի գնացել անգամ Հարավային Օսիայի ու Աբխազիայի, Լուգանսկի և Դոնեցկի պարագաներում»,-ասում է քաղաքագետը։

 «Առաջին հերթին, եթե անգամ կա ցանկություն և որևէ այլ ելք չկա, արդյոք, Ռուսասատանն ունի՞ ցանկություն իր կազմում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ունենալ։  Մենք չգիտենք։ Հավանաբար պատասխանը ոչ է։ Կարծում եմ, դա լուրջ խնդիրներով է հղի։ Երկրորդ․ եթե եղել է ազատագրական պայքար և Շարժում, որի նպատակը եղել է անկախացում և միավորում Հայաստանի հետ, ապա այդ ճանապարհի վրջնակետը չի կարող լինել ոչ հայկական պետության կազմ մտնելը»։ 

Նրա խոսքով, չի կարելի ուղիներ փնտրելիս դիտարկել տարբերակ, թե որ պետության կազմ մտնենք, որպեսզի ազատվենք խնդրից։ Ավելի դետալային մտածելու ժամանակն է,-ասում է Տարոն Հովհաննիսյանը։ 

«Պարտադիր չէ մտնել ՌԴ կազմ՝ նրա հետ համագործակցելու համար։ Նրանք ունեն պարտավորություններ, լայն ազդեցություն Արցախում և Հայաստանում և հետևաբար, ունեն բոլոր հնարավորությունները  խնդիրները կարգավորելու համար։ Այդ ուղղությամբ պետք է աշխատել»։ \

Իսկ ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին ու մտահոգություններին, ապա դրանք բնական են առկա իրավիճակում։ Բնական ու տրամաբանական է և այն, որ մարդիկ ուզում են լուծում տեսնել։ Իշխանությունների խնդիրն է անհրաժեշտ մեխանիզմների կիրառմամբ լուծում տալ այդ խնդիրներին։ 

«Եթե մեխանիզմները լավ չեն աշխատում, պետք է աշխատել դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Եթե այդ մեխանիզմները բավարար չեն՝ ստեղծել այլ մեխանիզմներ»։

 Քաղաքագետի խոսքով, միանշանակ պետք է սցենարներ հաշվարկել՝ կոնկրետ Արցախի վերջին իրադարձությունների դեպքում՝ թե ինչու չեն խաղաղապահներն արդյունավետ արձագանքել ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչը հանգեցրել է Արցախում նոր տարածքների օկուպացիային։ Ըստ նրա՝ կա երկու տարբերակ․ ամրացնել սեփական ինքնապաշտպանական մեխանիզմները, աշխատել խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմի հետ՝ հասկանալու և լուծելու առկա խնդիրը։ Կան եռակողմ հայտարարությամբ սահմանված պարտավորություններ և իրավունքներ, որոնք պետք է դնել կողմերի առաջ։ 

«Ադրբեջանական կողմի մանիպուլյատիվ հայտարարություննները, թե Եռակողմ հայտարարությունը ենթադրում էր զորքերի դուրսբերում բոլոր տարածքներից, կեղծ պնդումներ  են, որովհետև այդ հայտարարության զորքերի վերաբերյալ կետերը վերաբերում էին միայն արտաԼՂԻՄ-յան տարածքներին, որոնք ըստ էության, պետք է զիջվեին Ադրբեջանին։ Դա արդեն տեղի է ունեցել»։ 

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ հեշտ լուծման ճանապարհ չկա և պետք չէ ակնկալիքներ ունենալ , թե Արցախյան կարգավորումը միանգամից լուծվող խնդիր է։ Պետք է թիրախային աշխատանք տանել՝ զսպելու համար ադրբեջանական ագրեսիան։ Իսկ որ դրա հնարավորությունը կա, քաղաքագետը համոզված է։ Կարևորը աշխատանքի ճիշտ կազմակերպումն է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ