Նոյեմբերի 23, 2024

Անվտանգային նոր խնդիրները քաղաքական նոր օրակարգ են թելադրում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 09, 2022

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, Արցախում ստեղծված իրավիճակն ու անվտանգային խնդիրները քաղաքական նոր օրակարգ են թելադրում։ Երկրի ղեկավարը նշում է այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։ «Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից»,- ասել է նախագահը և ավելացրել, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, անհրաժեշտության կարգով կառավարության օրակարգում կկատարվեն մի շարք փոփոխություններ։   

«Պետականաշինության քաղաքականությունը պետք է վերանայենք։ Պետք է ունենանք կուռ, միասնական աշխատող պետական համակարգ։ Ինչու այսօր՝ որովհետև աշխարհաքաղաքականն իրավիճակը փոխվել է։ Այն ժամանակ և խաղաղապահ ուժերը, և գլխավոր երաշխավորը այլ խնդիրներ էին դնում։ Խնդիր էր ժողովրդագրությունը, խնդիր կար արագ տեմպերով լուծելու մեր՝ բռնի տեղահանված հայրենակիցների հարցերը, ստեղծելով պայմաններ, հնարավորություններ նրանց բնակեցնելու համար։ Իհարկե, սա մնում է օրակարգում, բայց առաջնայինը դա չէ»։ 

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։ Դրանք առաջին հերթին միտված կլինեն Արցախի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներից սպասվող ռիսկերի չեզոքացմանը։ «Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն,-պարզաբանել է Արայիկ Հարությունյանը։ - Բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն»։   «Փորձելու ենք առաջիկա օրերին քաղաքական ուժերրի հետ ձևավորել միասնական օրակարգ քաղաքական և կառավարման խնդիրների շուրջ։ Նշեմ, որ այդ միասնական օրակարգը կոալիցիա չէ»։ Նախագահը հորդորում է թե՛ կառավարության անդամներին, թե՛ հանրության տարբեր շերտերին համախմբվել, մեջբերում՝ «նայել մեկ ուղղությամբ», որպեսզի կարողանանք հաջողությամբ հաղթահարել պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները։   «Այսօր մեր երկրի ամենաճակատագրական փուլերից մեկն է։ Փետրվարի 24-ից աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են սկսել։ Եվ չգիտենք այդ ամենը որքան երկար կտևի։ Մենք գիտենք, որ Արցախի ճակատագիրը նաև այդ զարգացումներից է կախված»։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների ռեժիմի, ինչը սակայն չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։   «Խստացնում ենք ֆինանսական վերահսկողությունը և վերանայում ծրագրերը։ Մեր գործիքակազմը ամբողջությամբ փոխվելու է։ Այո, ունենք առաջնահերթություններ, բայց բոլոր ծրագրերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվելու է»։ Արայիկ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ համապատասխան կառույցների պատասխանատուներին տվել է հանձնարարականներ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ