Նոյեմբերի 24, 2024

Ուկրաինա, գազ, Արցախ. «գազի գործարքը» արդյոք եվրոպացիներին կողմնակալ կդարձնի՞

By Լենա Բադեյան Հուլիսի 23, 2022

Գերմանացի Դեյվիդ Մքալիսթերը տարբեր տարիների բազմաթիվ այցեր է ունեցել Հայաստան, դրանցից մեկի ժամանակ անգամ ղափամայի բաղադրատոմսն է խնդրել հայերից: Ուղիղ 5 տարի առաջ կրկին այստեղ՝ Երևանում, հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այսօր արդեն արդարացնում է, թե ինչու է ԵՄ-ն գազային պայմանագիր կնքում պատերազմի հանցագործ և բռնապետ Իլհամ Ալիևի հետ:

«Եվրոպան մարտահրավերների առջև է։ Մենք ստիպված ենք արագորեն նվազեցնել գազի ներկրումները ՌԴ-ից, որովհետև ուզում ենք ավելի քիչ կախված լինել ռուսական գազից և ուզում ենք ավելի քիչ վճարել, որովհետև գնելով էներգառեսուրսներ Ռուսաստանից՝ անուղղակիորեն ֆինանսավորում ենք պատերազմն Ուկրաինայի դեմ»:

 Թե ինչ են ֆինանսավորում եվրոպացիները՝ վճարելով Բաքվի ռեժիմին, եվրոպացի գործիչը Երևանում չմանրամասնեց: Ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ այսօր խոսում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի կարևորության մասին, մինչդեռ Ալիևը, որի հետ պայմանագիր են կնքել, նշում է ձևաչափի վախճանի մասին: Դեռ 5 տարի առաջ՝ 2017-ի մայիսի 25-ին, Մքալիսթերը կրկին Երևանում ասում էր. 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, ասում էր դիվանագետը»: 

Մինչդեռ Ալիևն ամեն առիթով հայտարարում է, թե ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ-ի՝ իրեն հաջողվել է «լուծել» հակամարտությունը: Կա նաև Եվրոպական խորհրդարանի մայիսի կոշտ բանաձևը, որում տեղ է գտել նաև հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջը: Այդ փաստաթուղթը մինչև հիմա խիստ բացասաբար է ընկալվում Բաքվում, և վերջին այցի ժամանակ եվրոպացի պատվիրակներին այդ մասին ուղիղ են ասել:

«Եվրախորհրդարանը վերջերս մի բանաձև է ընդունել, որտեղ մենք դատապարտել ենք այն շարունակական քաղաքականությունը, որով սրբվում և ժխտվում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում և դրա շուրջը: Դրանք շատ զգայուն խնդիրներ են: Մենք նկատել ենք, որ Բաքվում սրա նկատմամբ մոտեցումը քննադատական էր, ինչը հրապարակվեց նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից: Համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք մեծացնելու գազի մատակարարումները Ադրբեջանից, ԵՄ թեմայով են, բայց այն հարցերը, որոնք դուք ընդգծեցիք, անդին են էներգետիկ համագործակցության տիրույթից, և պետք է վստահեցնեմ, որ շարունակելու ենք Ադրբեջանի իշխանություններին հասցեագրել այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին և այլ խնդիրներին։ Ինչպես արել ենք, այդպես էլ շարունակելու ենք անել ապագայում»:

  Երևանյան հանդիպումները գերմանական արմատներով եվրոպացի քաղաքական գործիչին թույլ են տվել ավելի լավ հասկանալ, թե ինչն է այս փուլում առավել շատ անհանգստացում հայաստանցիներին: Մքալիստերը հավատում է, որ ԵՄ ներդրումը օգտակար կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար: 

«Հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ ավելի հասկանալու այն մտահոգությունները, որ այս երկիրը ունի ներկա իրավիճակում անվտանգության և մարդասիրական խնդիրների առնչությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրա համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից էլ: Այս ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի և հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս»։

   Եվրոպացի պատվիրակները հայկական կողմից տեսել են այդ պատրաստակամությունը, բայց նաև տեղյակ են, թե Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հաստատման համար ինչ է պահանջում թուրք-ադրբեջանական տանդեմը: Պնդում են «Զանգեզուրի միջանցքի» և Բաքվի հետ հաշտության պայմանագրի մասին: Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունը նախապայման չի համարում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Թուրքիան մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել, որը մեզ համար ընդունելի չի եղել: Հայկական կողմն արձանագրել է, որ հաճախ Թուրքիայի հայտարարությունների մեջ կա բաժանում, և մեր խնդիրներից է՝ ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»: 

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը տարածաշրջանային խնդիրները Երևանում քննարկել է ոչ միայն բարձրաստիճան ղեկավարների, այլև ընդդիմադիր պատգամավորների հետ: Այդ նպատակով Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը անգամ գնացել էին խորհրդարան: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում ընդունելով եվրոպացի հյուրերին, կարևորել է Եվրամիության խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկն է:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ