Ապրիլի 23, 2024

Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 27, 2022

Սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկն էր։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել է տարեսկզին, երբ  մի շարք խորհրդատվություններից հետո հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Հիմք ընդունելով ԱԺ ներկայացված քաղաքական ուժերի առաջարկներն ու տեսակետները՝ հանձնաժողովը մշակել և ընդունել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որում արտացոլված են այդ բարեփոխումների հիմնական ուղղություններն ու թեզերը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արայիկ Լազարյանը կատարված աշխատանքները ներկայացրեց։

«Նախագահի կողմից այն հավանության արժանացավ հունիսին և համապատասխան հրամանագրով մեկնարկ տրվեց սահմանդրական բարեփոխումների երկրորդ փուլին։ Ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը իր լիազորությունների շրջանակում մշակեց նախագիծը, տեքստը, որը դրվեց հանրային քննարկման»։

 Հանրային քննարկման ընթացքում ԱԺ բոլոր խմբակցությունների գրավոր առաջարկով, նաև հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու աշխարհաքաղաքական իրողությունները՝ առաջարկվեց Սահմանադրական բարեփոխումների առավել ճկուն գործիքակազմ ներկայացնել՝ կանխելու համար Սահմանդրական հնարավոր ճգնաժամը։ Նման դեպքում հնարավորություն կստեղծվի նաև մարտահրավերները հաղթահարել առանց ցնցումների՝ ասում է Արայիկ Լազարյանը։

«Հանձնաժողովը քննարկել է այդ առաջարկները, և մշակվել է ձեր քննարկմանը ներկայացված տարբերակը, ըստ որի առաջարկվում է վերանայել Սահմանդրության փոփոխության եղանակներին առնչվող իրավակարգավորումները, անփոփոխ թողնելով գործող Սահմանդրության 163 հոդվածը, համաձայն որի Սահմանդրության 1-4 և Սահմանդության 163 հոդվածները անփոփոխ են։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Սահմանդրությունը և դրա 175 հոդվածում, այն է՝ Արցախի իրավազորության սահմանների հոդվածը, փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով, անփոփոխ թողնելով Սահմանդրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ Սահմանդրության մյուս բոլոր հոդվածներում, բացառությամբ անփոփոխ հոդվածների, փոփոխություններն ընդունում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազը 1/3-ի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազը 5 տոկոսի նախաձեռնությամբ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազը 2/3ով ընդունված որոշմամբ»։

 ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պարզաբանում կատարեց՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների օրինագծի քննարկումը, ապա և ընդունումը Սահմանդրության փոփոխությունների ընդունում չի նշանակում․ վերջինս պետք է կայանա հանրաքվեով՝ ասում է։

«ԱԺ-ն իրավունք ուներ 2/3 ով փոփոխություն կատարել նաև գործող Սահմանդրության մեջ, կան հոդվածներ, որ ԱԺ-ին տալիս է այդ լիազորությունը։ Առաջին ընթերցումից հետո կլինի նաև երկրորդ ընթերցում, ուղարկվելու է նաև Սահմանդրական դատարան, եթե այն գտնի, որ հակասահմանադրական չէ այդ փոփոխությունը, մենք գնալու ենք հանրաքվեի; Ժողովուրդ, քեզ է վերապահված այդ իրավունքը՝ տա՞լ Ազգային ժողովին իրավունք, թե՞ ոչ»։

Արայիկ Լազարյանը ներկայացրեց նաև առաջարկ՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամկետների վերաբերյալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոփոխություններն անհետաձգելի ռեժիմով է ներկայացվել ԱԺ՝  Արայիկ Լազարյանն առաջարկել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունների մասին օրինագծի մասին առաջարկությունները գրավոր ներկայացնել Հանձնաժողովին մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ի ժամը 17-ը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ