Նախօրեին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի՝ Արցախի Ներդրումային հիմնադրամի նկատմամբ ժամկետանց շուրջ 150 մլրդ դրամ պարտավորությունների մասին հայտարարությունը հարցեր էր առաջացրել։ Պատգամավորները անուններ հանրայնացնելու պահանջ են դնում։ Մարսել Պետրոսյանն է հարցի հեղինակը։
«Ինչու՞ նախկին կառավարությունների կողմից երբևէ հիշատակում չի արվել ժամկետանց այդ պարտավորությունների մասին, և արդյոք հնարավոր չէ՞ գոնե առաջին խոշոր տասնյակի մեջ մտնող մարդկանց անունները հանրայնացնել»։
Պետնախարարը ավելին է ասում՝ խոշոր չափերի վարկային պարտավորություններ ունեցողները մի քանի տասնյակ են․ Ազգային ժողովի պատգամավորներն էլ Հիմնադրամին հարցում ուղարկելու և պատասխան ստանալու հնարավորություն ունեն։
«Քննարկման արդյունքներով նախաձեռնվել է պարտավորություն ունեցող սուբյեկտներին ծանուցման գործընթաց, կամավոր հիմունքներով չկատարելու դեպքում Հիմնադրամի կողմից քաղաքացիական հայցեր են ներկայացվելու, գումարների կամ գրավի բռնագանձման համար»։
Կարեն Հովհաննիսյանին հետաքրքրում է պետական մարմիններին ուղղված քաղաքացիների դիմումների պատասխանների ուշացումների հարցը, թեման անընդհատ շահարկվում է, բայց խնդիրն այդպես էլ չի կարգավորվում։ Կան քաղաքացիներ, որոնք տարիներով սպասում են դիմումի իրենց պատասխանին։ Հարցը պետնախարարը տեղին է համարում, հավելում է, որ կա Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին օրենքի իրազեկման խնդիր, ինչը հաշվի առնելով ասում է, որ նախաձեռնել են իրազեկման դասընթացներ՝ պետական մարմինների միջին օղակներում։
Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության շրջափակումը շարունակվում է, և պատգամավոր Վահրամ Բալայանը հետաքրքրվում է գործադիրի՝ առաջիկա ձմռան նախապատրաստական քայլերով։ Խոսքը մասնավորապես էներգետիկ ծրագրերի մասին է։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը ներկայացնում է արևային էներգիայի համակարգերի ներդրման կառավարության ծրագրի իրականացման ընթացքը։ Շրջափակումը խնդիրներ է ստեղծել նաև արևային ջրատաքացուցիչներն ու կայանները Արցախ տեղափոխելու հարցում։
«Ճգնաժամը մեծ մարտահրավերների առաջ է կանգնեցրել մեզ։ Ունենք արևային էներգետիկ համակարգերի պահանջարկ, ինչը կթեթևացնի էլեկտրաէներգիայի ցանցի վրա ընկնող բեռը։ Այդ ծրագիրը հիմա էլ գործում է, ըստ դրա արևային համակարգեր տեղադրելու դեպքում պետությունը սուբսիդավորում է դրա 50 տոկոսը։ Հիմա հնարավոր չէ ցավոք ներկրել այդ սարքավորումները»։
Պետնախարարը հավելում է՝ քննարկումներ են եղել բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք Մարտակերտի շրջանի մի քանի համայնքներում արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ տեղադրելու պատրաստակամություն են հայտնել։ Ծրագիրը պետության հետ համատեղ պիտի արվի, բյուջեից գրեթե 1 մլրդի հասնող ֆինանսավորում արդեն նախատեսված է։ Հետագա համագործակցության համար լրացուցիչ բանակցությունների կարիք կա, և հարցը կառավարության օրակարգում է։ Պատգամավոր Սեյրան Հայրապետյանը հետաքրքրվում է դեպի համայնքներ երթուղային ավտոբուսների քանակն ավելացնելու հնարավորությամբ։ Շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի սղությունը կրճատել է անձնական մեքենաներով տեղաշարժվելու հնարավորությունը, ինչի հետևանքով մեծացել է միջհամայնքային երթուղայինների ուղևորահոսքը։
«Ուղևորահոսքը, կապված վառելիքի սղության պատճառով անձնական մեքենաների օգտագործման դժվարության հետ, կրկնակի ավելացել է։ Մենք ձեռնամուխ ենք լինում նոր երթուղիների շահագործման՝ իրավիճակը թեթևացնելու համար։ Արդեն մի քանի համայնքների երթուղիներ ավելացվել են»:
Վառելիքի մատակարարումները դժվարացել են՝ համաձայնվում է պետնախարարը։ Եղած պաշարներն աշխատում են ըստ առաջնահերթությունների օգտագործել։
«Մենք վառելիքը բաշխում ենք ըստ առաջնահերթությունների, հիմա մտածում ենք կազմակերպել այնպես, որպեսզի կարողանանք գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպել։ Ինչ վերաբերում է երթուղայիններին, ապա այդ հարցը կքննարկենք քաղաքապետարանի հետ՝ օպտիմալ լուծման տարբերակ գտնելու համար»:
Դավիթ Գալստյանի հարցը շրջափակված Արցախի շուկայում հայտնված անորակ ապրանքների մասին է․ Գուրգեն Ներսիսյանն ասում է, որ խնդրին տեղյակ են, այդ իսկ պատճառով հումանիտար ապրանքների ներկրման մեխանիզմը փոխել են․ այսուհետ բոլոր մատակարարումները կկատարվեն կենտրոնացված ձևով՝ պետության կողմից։