Նոյեմբերի 23, 2024

Շրջափակման կես տարին․ իշխանությունները միջանկյալ լուծումների են գնում

By Սրբուհի Վանյան Հունիսի 12, 2023

Այսօր ուղիղ կես տարի է, ինչ Արցախն Հայաստանից ու արտաքին աշխարհից կտրված է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մեզ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով։ Այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, հսկայական աշխատանք է կատարվել՝ աշխարհի խիղճն արթնացնելու փորձով։ Ուժային այս կամ այն կենտրոնի հովանու ներքո կազմակերպվող յուրաքանչյուր հանդիպում, միջազգային բարձրագույն ատյաններում ընթացող յուրաքանաչյուր քննարկում կամ որոշում հույս է արթնացրել արցախցիների մեջ, որ ամեն ինչ կորած չէ, որ գերհզորների աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերն ի վերջո որևէ տեղ հպման կետ կունենան արդարության, մարդասիրության, միջազգային իրավունքի նորմերի գերակայության հետ։ Այն նորմերի, որ սահմանել է հենց ինքը՝ միջազգային հանրություն կոչվածը։

Շրջափակման 6 ամիսների ընթացքում և առ այսօր Արցախում շարունակվում է առկա լինել մարդու իրավունքների կամ հումանիտար տեսանկյունից մի իրավիճակ, ինչն անհամատեղելի է հիմնարար իրավունքների պաշտպանության համար միջազգային կոնվենցիաներով սահմանված չափորոշիչների հետ՝ ասում է Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Վեց ամիս շրջափակման մեջ է պահվում Արցախը։ Եվ այս վեց ամիսների ընթացքում շրջափակման ռեժիմն ավելի ու ավելի է ահագնացել, հումանիտար խնդիրների կողքին հայտնվել են նաև անվտանգային սպառնալիքներ, Ադրբեջանը սադրիչ գործողությունների ավելի ու ավելի հաճախ է դիմում, ասում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Արցախում պայմանները հաճախ աղետալի են, միջազգային հանրության քայլերը, կամ ավելի ճիշտ՝ անգործությունը՝ վհատեցնող։ Բայց չնայած դրան, մենք ամենօրյա ռեժիմով շարունակելու ենք մեր աշխատանքը միջազգային կառույցների հետ, անկախ ամեն ինչից, ասում է Գեղամ Ստեփանյանը, ահազանգելու, պնդելու, որ Ադրբեջանի կողմից համակարգային կերպով իրականցվող այս հանցավոր քաղաքականոթյունը միտված է Արցախի էթնիկ զտմանը, զրկելու հայ ժողովրդի այդ հատվածին իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Միջազգային հանրությանը արցախահայությունը շարունակելու է իր արդար պահանջները ներկայացնել։ Գեղամ Ստեփանյանը հույս է պահում, որ արդյունքում միջազգային հանրությունն ի վերջո կգնա գործնական քայլերի։

Այս պայմաններում կարևոր է ընդգծել, որ Արցախի ժողովրդի կամքն անկոտրում է եղել, ընդգծում է Արտակ Բեգլարյանը։ Դա նրանից է, որ մենք գիտակցում ենք մեր պայքարի կարևորությունը, էությունը, ասում է, և չենք կարող հպատակեցվել Ադրբեջանին՝ ենթարկվելով նրանց պահանջներին։ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել բազմաթիվ պատճառներով, և պատահական չէ, որ Արցախն ու արցախցիները կարմիր գծեր են սահմանել, որն անցնել չեն կարող։ Դրանցից մեկն էլ ադրբեջանական անցակետն է, որ տեղադրվել է Լաչինի միջանցքում։ Այսօր, տեսնում ենք, որ այդ կարմիր գիծը հատվել է, և այդ հատման վերաբերյալ տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ են արտահայտում ինչպես քաղաքական գործիչներ ու ուժեր, այնպես էլ հասարակ մարդիկ։ Պետնախարարի խորհրդականին չէինք կարող այդ մասին հարց չտալ։ Ինչու՞, ինչպես դա հնարավոր եղավ։

Այո, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ անցակետը կարմիր գիծ է, այն ապօրինի է, բայց այսպիսի պայմաններում, երկար ամիսներ կամ գուցե տարիներ համապատասխան գործիքակազմ չունենալով դրա դեմ, պետք է միջանկյալ լուծումներ գտնեինք, ասում է Արտակ Բեգլարյանը։ Այս համատեքստում, ինչպես և հայտարարվել էր կառավարության կողմից, առաջնահերթ խնդիրներին լուծումներ տալու նպատակով իշխանությունները որոշում են կայացրել որոշակի պարբերականությամբ բացառապես խաղաղապահների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ և Արցախի միջև տեղաշարժ իրականացնելու վերաբերյալ։

Սա ծանր որոշում է իշխանությունների համար, ասում է, գիտակցում ենք, որ միանշանակ չի ընդունվելու, շահարկումներ կան, բայց պիտի փորձենք գիտակցել իրավիճակը, ասում է Արտակ Բեգլարյանը; Կարմիր խաչի ու խաղաղապահների միջոցով պետք է մասնակի կարգավորել մարդկանց տեղաշարժը, քանի որ Արցախի իշխանությունները ցավոք չեն կարող երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը ճանապարհի այդ հատվածում։ Եվ այս որոշումը, ըստ նրա, չի կարող նվաստացնել մեր պայքարը, մեր դիմադրողականությունը, համոզմունք է հայտնում նա։ Սա իրավիճակից ելնելով, միջանկյալ լուծում է, անցակետը պիտի դուրս գա, այն ապօրինի է տեղադրվել։

Այն, որ տեղաշարժը հնարավոր է միայն ռուսաստանյան խաղաղապահների ու Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով, դա ինքնին փաստում էր՝ խնդիրը լուծված չէ, ասում է Գեղամ Ստեփանյանը, և արցախահայերի միջազգային իրավունքերը կոպտորեն շարունակում են խախտված մնալ։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ