Նոյեմբերի 22, 2024

Բռնազավթված տարածքների մասին օրինագիծ. կողմ և դեմ կարծիքներ

By Սրբուհի Վանյան Փետրվարի 17, 2022

Այս օրերին Արցախում ակտիվ քննարկվում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը համահեղինակել են Ազգային ժողովի հինգ խմբակցությունները միաժամանակ․ երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում այն ընդունվել է առաջին ընթերցմամբ,   միաձայն՝ 31 քվեով։ Փերտվարի 17-ի ժամը 17։00-ն առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետն էր և ԱԺ առաջիկա նիստում նախագիծն, ամենայն հավանականությամբ, օրենքի տեսք կստանա։ ԱԺ նիստում կառավարության լիազոր ներկայացուցիչը՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն օրենքի ընդունումը ժամանակի հրամայական է համարել: Ստացվում է՝ և գործադիր, և օրենսդիր մարմինն այս պահին օրենքի ընդունումն անհրաժեշտ և կարևոր են համարում։ Չնայած դրան, «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը միանշանակ չէ ընկալվել փորձագիտական շրջանակներում։   Օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներ ունի նաև քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։ Նա խնդիր է տեսնում. օրինագիծը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը:      

 «Ես օրինագծին դեմ չեմ: Դեմ եմ իրավիճակի ոչ սթափ և ոչ հավասարակշիռ մոտեցմանը: Խնդիրն այն չէ, որ նման օրենք չպետք է լինի, այլ այն, որ այս պահին, այս իրավիճակում չենք կարող և իրավունք չունենք միջազգային հանրությանը, նույն Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որոնց միջոցով փորձում ենք վերագործարկել բանակցային գործընթացը, նման ազդակներ տալ»:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, որ օրինագիծը ներկայացրել էր Ազգային ժողովի երեկ կայացած նիստում, որևէ ռիսկ՝ պայմանավորված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունմամբ, չի տեսնում։ 

 «Որևէ ռիսկայնություն չկա: Արցախի խորհրդարանը միաձայն հանգել է եզրակացության, որ այո, մենք ունենք բռնազավթված տարածքներ: Ադրբեջանը ոտնահարելով ԵԱՀԿ ՄԽ   հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը, հուսամ՝ ժամանակավորապես, օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքները: Որևէ ռիսկ չեմ տեսնում, երբ մի ժողովուրդ ուզում է ապրել իր հողում և արժանապատիվ, ինչպես մյուս բոլորը»: 

Օրենքի հետ կապված գլխավոր ինտրիգը, փորձագետների կարծիքով հենց այն է, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ո՞ր տարածքներն են ստանալու բռնազավթվածի կարգավիճակ: Այս առումով ի՞նչ կարգավորումներ է նախատեսում նախագիծը, Արթուր Մոսիյանն է մեկնաբանում․    

 «Օրինագծում նշված են  ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված այն տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Մենք չենք ժխտում, որ կա բանակցային գործընթաց և որ բանակցային գործընթացում պետք է ճշգրտվեն սահամանները: Մենք ասում ենք, որ Ադրբեջանը խախտելով ուժի չկիրառման սկզբունքը, բռնազավթել է այդ տարածքները և դրանք ենթակա են վերադարձման: Ինչ ձևով՝ դա արդեն երկրորդ խնդիրն է: Օրնեքը դա չի կարգավորում: Կկարգավորի, կարծում եմ, կյանքը»: 

 Կիսվու՞մ է, արդյոք, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն իր  մտահոգություններով իշխանությունների հետ, թե՞ բավարարվում է միայն  սոցիալական ցանցերում և հանրությանը հասանելի այլ հարթակներում իր տեսակետը ներկայացնելով։   

«Ես նման իրավասություն  չունեմ: Մասնավոր անձ եմ: Պաշտոնական շրջանակներին որևէ տեսակետ արտահայտելու լիազորություն չունեմ: Իմ դիրքորոշումը հայտնում եմ հարցազրույցներով, հոդվածներով ու  սոցիալական ցանցերում գրառումներով, որպեսզի քաղաքական ուժերը, բարձրագույն իշխանությունը, Արտաքին գործերի նախարարությունը ծանոթանան: Եթե չեն ծանոթացել կամ ծանոթացել են, բայց այդ տեսակետն իրենց համար ընդունելի չէ և ԱԺ 31 պատգամավոր միաձայն քվեարկել է այդ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու օգտին, ի՞նչ կարող եմ ասել»: 

 Կընդունվի՞ օրենքը, թե՞ ոչ կամ ինչ փոփոխությամբ կընդունվի, պարզ կդառնա ԱԺ առաջիկա լիագումար նիստին։ Իսկ առայժմ հայտնի է միայն, որ այն բռնազավթված տարածքի կարգավիճակ կտա թե՛ նախկին ԼՂԻՄ-ի և թե՛ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքներին, որոնք ներկայումս հայկական վերահսկողությունից դուրս են։ Իսկ «Բռնազավթված տարածքների մասին օրենքի»՝ հենց այս պահին ընդունման որոշման գնահատականը կտրվի ապագայում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ