Պատարայի հացի գործարաններից մեկում աշխատում են 6 երիտասարդ հացթուխ։ Նրանց մոտ միշտ հաճելի ջերմություն կա, և թոնրի կրակը չէ, որ ջերմացնում է այն։ Երիտասարդները ասում-խոսում-ծիծաղում են, պատմում, թե ինչպես են իրար գտել ու սկսել աշխատել։ Լիանա Թևոսյանը թոնրատան առաջին աշխատողներից է։
«Գործարանի բացման առաջին օրից ես այստեղ աշխատում եմ։ Որոշ ժամանակ հետո արդեն կամաց-կամաց սկսեցին նոր աշխատողներ գալ, իրար փոխարինել։ Հետո ձևավորվեց այս կոլեկտիվը»։
Հացթուխի աշխատանքը երիտասարդների համար ապրելակերպ է դարձել։ 2 օր աշխատում, 1 օր հանգստանում են՝ իրար փոխարինելով։ Դիանա Ավագյանը, ժամանկին, չէր երազել հացթուխ դառնալու մասին, բայց սիրել է այն։ Ասում է՝ հաճույքով եմ գալիս աշխատանքի, համաձայն չէ այն մտքի հետ, թե թոնիրը ծերացնում է կնոջը։
«Աշխատանքը կազմում է օրվա մեծ մասը։ Ժամը 3-ին գալիս ենք, ժամը 12-ին գնում տուն, դե արդեն քնելու ժամանակ է լինում։ Մեզ համար թոնրատունը երկրորդ տուն է դարձել։ Այստեղ նաև շփումն է շատ։ Նորություններն էլ շուտ են հասնում»։
Թոնրատան դիմաց մի մեծ ընկուզենի կա։ Ամառվա շոգին հավաքվում են ընկուզենու տակ, հաց-պանիր ուտում, մի քիչ հանգստանում ու նորից աշխատանքի անցնում։
«Երբ ծառերը ծաղկում են, կանաչում են, այստեղ դրախտավայր է դառնում։ Այս պահին մեր տանն էլ չենք ցանկանում մնալ, ուզում ենք դուրս գալ այստեղ, նստել ընկուզենու տակ, որովհետև ամենահով տեղն այստեղ է»։
Մեզնից ծիծաղն անպակաս է՝ պատմում են աշխատողներն իրար հերթ չտալով։ Պատերազմի ժամանակ էլ են աշխատել։ Իրենց գործն արել նվիրումով։ Այժմ էլ ժպիտով են հիշում այն 44-օրը, որի ընթացքում ցավը խորտակել են աշխատանքի մեջ՝ ասում է Լիանան՝ հերթական գինդը իջեցնելով վառվող թոնրի մեջ։
«Երբեք առավոտյան աշխատանքի չէինք գալիս, բայց պատերազմի ընթացքում եկանք։ Ամենահետաքրքիրն այն է, որ գյուղում միայն այստեղ ձայներ կային։ Գյուղի կանայք այստեղ էին հավաքվում, մի ընտանիքի նման»։
Պատերազմի ողջ ընթացքում աշխատել է նաև գյուղի 2-րդ թոնրատունը։ 44 օր թոնրատունն աշխատել է ուժերի գերլարումով՝ օրական 400-500 հաց թխելով։ Ամբողջը դիրքեր էր ուղարկվում։ Լիլյա Ղահրամանյանն է պատմում։
«Պատերազմի ընթացքում բանակի համար անվճար հաց էինք թխում։ Մեզ չեն տվել ո՛չ թթխմորիչ, ո՛չ աղ, միայն ալյուրն են տվել։ Այստեղ Մարտունու շրջանի Աշան գյուղից տեղահանված կանայք կային, մեզ օգնում էին։ Ձեռքով հունցել ենք, օրը 500 հաց թխել բանակի համար»։
Լիլյան գյուղի դպրոցում է աշխատում, 4 երեխա ունի, ասում է աշխատավարձով երեխաներին պահել չի լինի, պետք է կողքից էլ եկամուտ ունենալ։
«Եթե աշխատավարձին սպասենք, ոչինչ չենք հասցնի, ստիպված հավելյալ եկամտի աղբյուր պետք է ունենանք։ Կարևորը՝ մեր հացն անվճար է։ Վերջում աշխատավարձն էլ դեռ մնում է»։
Արցախյան գյուղերից շատերում մարդիկ թոնիրներից քիչ են օգտվում։ Բայց նրանք, որոնք օգտվում են, կփաստեն․ թոնրահացի համն ու հոտն ուրիշ է։ Պատարայում լավ գիտեն այդ մասին, այստեղ շուտով նաև թոնրի լավաշի են թխելու։