Արցախի Հանրապետությունը դեռևս ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից։ Պատճառներն այլևս չեն թաքցնում․ վթարը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնող տարածքում։ Վթարը վերացնել և գազամատակարարումը վերականգնել չի հաջողվում ադրբեջանական կողմի հետ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով։ Այդպես էր թերևս ժամը 15:00-ի դրությամբ։ Ստացվում է, եթե նույնիսկ աշխատանքները սկսելու համար պայմանավորվածություններ ձեռք բերվեն, վթարը վերացնելը տևական ժամանակ կպահանջի։
Ի՞նչ է արժենալու այդ ժամանակը առանց այն էլ պատերազմի հետևանքով քայքայված և հազիվ վերականգնվող տնտեսության համար։
Անցած երկու օրվա ընթացքում արտադրողները, գազալցակայաններն ու սննդի օբյեկտները խնդիրներ են ունեցել․ լուծելի ՝ եթե գազամատակարարման դադարեցումը կարճաժամկետ լինի։ Այս օրերին արցախցիներն արդեն առնչվել են մի շարք խնդիրների։ Երկու օրվա մեջ բարձրացել են տաքսի ծառայությունների սակագները՝ գազալցակայանները չեն աշխատում, նվազագույն շարժակազմով է աշխատում հանրային տրանսպորտը։ Հացի արտադրությունը դժվարացել է։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ գնաճը նոր թափ է առել։ Գազով ջեռուցվող հաստատություններում, մտահոգություն կա, կխաթարվի ուսումնական և աշխատանքային գործընթացը։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը առաջացող խնդիրների լուծման համար։
Էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Անդրեյ Գասպարյանը «Արցախ» լրատվականին ասաց, որ հետևում են իրադարձություններին։ Ուսումնասիրություններ առայժմ կատարվել են հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների շրջանում։ Իրավիճակը վերահսկելի է։ Գազամատակարարման երկարաժամկետ դադարեցման դեպքում արդեն այլ քայլերի անհրաժեշտություն կլինի։
«Գազի մատակարարման խափանման հետ կապված մի շարք տնտեսվարողներ խնդիրներ ունեն։ Հատկապես հացարտադրողները։ Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունը կատարել է ուսումնասիրություններ այդ շուկայում։ Պարզվել է, որ հացարտադրողների մոտ 55 տոկոսն աշխատում է գազով, մյուս 45-ը՝ էլեկտրաէներգիայով։ Գազամատակարարման խափանման կարճաժամկետ պարագայում մեր բնակչությունը խնդիրներ չի ունենա, բայց վաճառակետերում կպակասի հացի տեսականին»։
Առավելապես հացարտադրող տնտեսվարողների վիճակն է բարդացել․ «Մայակ» ֆիրմային խանութում նախկին աշխուժությունը չկա․ հացի տեսականին կրճատվել է, ցուցափեղկերը կիսադատարկ են․ սրահի միակ վաճառողուհին ներս մտնող հաճախորդների՝ «հաց կա՞» հարցմանը գլխով բացասական պատասխան է տալիս։ «Առողջ հաց» ընկերության աշխատակից Արտյոմ Հարությունյանը ներկայացնում է արտադրական գործընթացում գազամատակարարման դադարեցման հետևանքով առաջացած դժվարությունները։ Ստիպված անցել են էլեկտրական հոսանքին, ինչը, հայտնի է, որ անկայուն է, բացի այդ՝ և՛ ծախսատար, և՛ ժամանակատար։ Արտադրության ծավալները դեռ պահպանվում են, բայց ժամանակին մատակարարել չի հաջողվում։
«Այս ընթացքում վնաս ենք քաշել։ Հերթափոխը չենք կարողանում կարգավորել։ Էլեկտրական վառարաններով հաց թխելը շատ դժվար է, մարդիկ հոգնում են։ Խմորը փչանում է, չենք հասցնում։ Մեր հիմնական գործը գազի հետ է»։
Միքայել Մուսայելյանը «Լիզեր պլյուս» ընկերության գլխավոր հաշվապահն է։ Ավտոգազալցաճնշման կայան շահագործող այս ընկերությունը երկու օր է՝ պարապուրդում է։ «2019 թվականին հիմնադրված կազմակերպությունը գործունեությունը չի դադարեցրել անգամ 44-օրյայի ժամանակ»,- հպարտանում է Միքայելը։ Հիմա ստիպված են դադարեցնել։
«Գազալցակայանը չի աշխատում։ Ճիշտ է, անձնակազմը այստեղ է, և իր պարտականությունները կատարում է, բայց դե գազ պիտի լինի, որ կարողանանք աշխատել»։
Ընկերությունը համագործակցության պայմանագրեր ունի շուրջ 50 պետական ու մասնավոր ընկերությունների հետ։ Մեկ օրվա ընթացքում 500-600 մեքենա էր սպասարկում։ Այսօր իր գործընկերային պարտավորություններն ընկերությունը կատարել չի կարողանում։ Հարկերը, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները, աշխատողների հանդեպ ֆինանսական պարտավորությունները և մյուս ծախսերը դեռ կատարվելու են ըստ նախատեսվածի։ Հույս ունեն՝ դժվարությունները կարճաժամկետ են։ «Գուրման» առևտրի սրահի աշխատակից Լիլիթ Գրիգորյանի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրը հացի մատակարարման հետ էր։ Արտադրողները չեն հասցնում։ Ապրանքների թանկացում կա վերջին օրերին, բայց դա առավելապես աշխարհում տեղի ունեցող գործընթացներով, արտարժույթի ու նավթի գների տատանումներով է պայմանավորված։
«Խանութներ կան, որ հաց քիչ են ստանում, բայց մեր քանակները պահպանվել են։ Ուղղակի պահանջարկն ավելացել է, քանի որ հաց տանում են հիմնականում հացի արտադրամասերից, չեն հասցնում խանութ տանել։ Չնայած վառելիքի թանկացմանը, մեր առաքումները շարունակվում են նույն ձևով։ Աշխատում ենք վնասով, որպեսզի հաճախորդները չտուժեն»:
Ամեն դեպքում երկարաժամկետ դադարեցման կամ նման սադրանքների շարունակական լինելու դեպքում երկրում հումանիտար ու տնտեսական աղետն անխուսափելի է լինելու։ Ինչին էլ ձգտում է Ադրբեջանը։ Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։