Նոյեմբերի 22, 2024

Մանկական հիվանդանոցում գազի բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում

By Անի Աբաղյան Մարտի 16, 2022
Մանկական հիվանդանոցում գազի բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում Artsakhpress

«Առանց գազ արդեն անհնար է: Երբ երեխաներին միջանցքով տանում են օրինակ արյուն վերցնելու կամ  ինչ որ հետազոտության, այդ ընթացքում ավելի շատ են մրսում ու չեն էլ լավանում: Այսօր չորրորդ օրն է՝ այստեղ եք»:

Արդեն ութերորդ օրն է Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազ չկա: Պետական շատ  հիմնարկներ՝ այդ թվում մանկական հիվանդանոցի ջեռուցումն իրականացվում էր  բնական գազով:    Տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքով՝ գազի բացակայությունը մեծ խնդիրներ է առաջացրել հիվանդանոցում: Խախտվել է հիվանդանոցի կանոնավոր ջեռուցումը: Հիմա ջեռուցվում են միայն հիվանդասենյակները՝ էլեկտրական ջեռուցիչներով, որոնց մի մասը հիվանդանոցն է տրամադրում, մի մասն էլ՝ հիվանդներն են տներից բերում: 

«Եղանակային պայմաններից ելնելով՝ հիվանդանոցում էլեկտրաէներգիան մեծ քանակությամբ ենք շահագործում, որի լարվածությանը հիվանդնոցի էլեկտական լարերը, մեղմ ասած, չեն դիմանում: Լույսի պարբերաբար անջատումների պատճառով էլ ստիպված ենք լինում գեներատոր միացնել, որը ողջ հիմնարկին չի ապահովում»:

Հիվանդանոցում ջուրը նույնպես լույսով են տաքացնում:  Մայրիկներն  ասում են, որ երեխաներին  լողացնելու մասին չեն էլ մտածում:  Թեյնիկով են ջուր տաքացնում, միայն խմելու համար:

«Լողացնելն էլ անհնար է, բայց լվացվելը մի կերպ կազմակերպում ենք»:

«Օրվա տարբեր ժամերի  լույս էլ չենք ունենում, հետևաբար տաք ջուր էլ, իսկ երեխաների խնամքն առանց տաք ջրի դժվար է»:

Իրավիճակով պայմանավորված հետաձգվել են պլանային վիրահատությունները՝ էլեկտրաէներգիան խնայելու համար:

«Այն վիրահատությունները, որոնք շտապողականություն չեն պահանջում, իմաստ չունի նման պայմաններում կատարել: Պետք է  վիրահատարանն էլ ջեռուցել, որն էլ ավելի կծանրաբեռնի գերծանրաբեռնված համակարգը»: 

Ստացիոնար բուժում ստացող փոքրիկի մայրն ասում է, որ իրենց սենյակը համեմատաբար տաք է: Ասում է՝ չգիտեին, որ պետք է հիվանդանոցում մնան, թե չէ նախօրոք ջեռուցիչ կբերեին և  3 ժամ ցրտում չէին սպասի:

«Գազի բացակայության պայմաններում բավականին դժվար է, հատկապես մանկական հիվանդանոցում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են բուժքույրերը դողացող ձեռքերով գալիս սրսկում երեխաներին: Այստեղ սուր շնչառական հիվանդություններ ունեցող երեխաներ են պառկած, որոնք պետք է տաք պայմաններում լինեն, որ շուտ լավանան»:

 Հիմնարկն ամբողջությամբ չի ջեռուցվում, բայց  սովորական ռեժիմով գործում է լաբորատորիան, շտապ օգնության կայանը, վերակենդանացման  և ստացիոնար բաժանմունքները: Կարեն Մելքումյանն ասում է, որ առողջապահության նախարարությունը տրամադրել է նաև 2-րդ գեներատորը: Իրավիճակի նույն կերպով շարունակվելու դեպքում այն նույնպես կշահագործվի:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ