Նոյեմբերի 22, 2024

Ինչո՞վ փոխարինել բնական գազը

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 23, 2022
Արցախի մի շարք համայնքներ գազաֆիկացված չեն, ինչպես օրինակ՝ Հաղորտին, Նոր Ղազանչին։ Եթե գյուղական միջավայրում խնդիրը համեմատաբար հեշտ է կարգավորվում ՝ ի հաշիվ վառելափայտի, ապա քաղաքներում կենցաղային խնդիրներն ավելի ծանր են: Գրիգորյանների ընտանիքը ապրում է Ստեփանակերտի Արեշ թաղամասում։ Չգազաֆիկացված թաղամասում: Գազի խափանման հարուցած խնդիրներին, որ վերջին օրերին Արցախում օրակարգային է դարձել, այստեղ ժպիտով են վերաբերվել,- Աննա Գրիգորյանն է պատմում:
 
«Արեշ տեղափոխվել ենք 2012 թվականի հոկտեմբերին և մինչև այսօր բնակվում ենք այնտեղ: Արեշում գազ չկա, մինչև պատերազմը փորձում էին լուծել այս հարցը: Պատերազմից հետո խողովակները մնացին այնտեղ, որտեղ եղել են: Գազաֆիկացման համար աշխատանքներ չեն տարվում ու սպասելիքներն էլ շատ չեն: Մենք արդեն փոքր-ինչ սովորել ենք առանց գազի»:
 
Այս թաղամասում գազը միակ հիմնախնդիրը չէ: Բայց չկա մի խնդիր, որ մարդն ունակ չլինի լուծել: Ամեն ինչի համար այլընտրանք կարելի է գտնել՝ համոզված է Աննան:
 
«Մենք բնական գազը միշտ փոխարինել ենք հեղուկ գազով: Անընդհատ փորձարկումներ էինք անում, տեսնելու համար, թե որ տարբերակն է ավելի հարմար: Հանգել ենք այն մտքին, որ հեղուկ գազը պետք է օգտագործել միայն ճաշ պատրաստելու համար: Տաք ջուրը ստանում ենք հոսանքի միջոցով, արևային ջրատաքացուցիչների տարբերակը քննարկում ենք»:
 
Խնդիրներ են առաջանում նաև հեղուկ գազի ձեռքբերման ժամանակ՝ ասում է Աննան: Հեղուկ գազը Հայաստանից է բերվում, բայց թե ինչի հետ է կապված գնային այս տարբերությունը, Աննան չի հասկանում: Մեր զրուցակիցը ծնունդով Երևանից է և հաճախ է այնտեղ լինում: Հեղուկ գազն էլ աշխատում է այնտեղից բերել:
 
«Չգիտեմ ինչ հիմնավոր պատճառով է Արցախում հեղուկ գազն այսքան թանկ: Մի քիչ տրամաբանությանը մոտ չէ: Բայց Արցախում հեղուկ գազը 2-3 անգամ ավելի թանկ է, քան Երևանում կամ Գորիսում»:
 
Գազի հետ կապված հիմնախնդիրը դժգոհության ալիք է բարձրացրել: Արցախցի օգտատերերը սոցիալական ցանցերի իրենց էջերում գրեթե ամեն օր անդրադառնում են գազի թեմային: Ի պատասխան այդ բողոքների, Աննան սեփական փորձով է կիսվում:
 
«Ընկեներս գրում են. «5 օր առանց գազ» «4 օր առանց գազ». և միտք ծագեց, որ արդեն 10 տարի՝ 3556 օր է, առանց գազի ենք ապրում: Ես առաջարկում եմ բնական գազը փոխարինել հեղուկ գազի, էլեկտրական հոսանքի կամ արագ եփվող կաթսաների՝ նման տարբերակով լուծել օրվա հացի հարցը, օգտագործել միայն էլեկտրական թեյնիկ, տաք ջուրը ստանալ էլեկտրական կաթսաներով, տունը ջեռուցել փայտով կամ էլետրական հոսանքով, վարել բենզինով կամ էլեկտրական մեքենաներ, որպես փոխադրամիջոց օգտագործել երթուղայինները, իսկ եթե ձեզ սպասարկող երթուղայինը անկանոն է աշխատում, անցնել առողջ ապրելակերպի»:
 
Այլընտրանքներն ու փոխարինող միջոցները շատ են, միայն ցանկություն է պետք՝ վստահ է Աննան: Սակայն այստեղ հարցն ուրիշ է, արժե՞, արդյոք, հարմարվել ու թողնել, որ թշնամու սադրանքներն ազդեն մեր կենսակերպի ու գործունեության վրա: Աննան էլ հուսով է, որ հարմարվելու կարիք չի լինի: Իր խորհուրդներն էլ ընդամենը կենցաղը հարմարեցնելու միջոցներ կլինեն, և, իհարկե, ժամանակավոր:
 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 23 Մարտի 2022 12:46
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ