Նոյեմբերի 21, 2024

«Սանդերք» ընկերությունը պատերազմից հետո ընդլայնվել է

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 05, 2022
«Սանդերք» կարի ֆաբրիկայում  առավոտից մինչև երեկո աղմկում է  միանգամից ավելի քան 20 կարի մեքենա:  40  աշխատողներից յուրաքանչյուրը կենտրոնցած է իր գործին, և թվում է, թե   կարի 20 մեքենաների աղմուկը, որին գումարվում է նաև    դրա արձագանքը, իրենք չեն լսում:  Առաջին հայացքից ֆաբրիկան թափթփված է երևում, բայց ուշադիր հայացքը կնկատի աշխատանքի տարբ եր փուլերում գտնվող քնապարկերը: Մի մասն արդեն դարսդարսված է անկյունում: Մի կողմում  միջուկն է, մյուսում՝ կտորեղենը:  Այստեղ տարբեր իրեր են կարում: Աշխատանքի արդյուանվետությունը բարձրացնելու համար  իրերի տեսակներից յուրաքանչյուրի պատրաստմանը առանձին ժամանակ են տրամադրում: հիմա քնապարկերի հերթն է: Կարի մեքենաներից մեկի դիմաց Տիկին Զոյա Աբրահամյանն է: Նա այստեղ վաղուց է աշխատում:
 
 «Մենք անհրաժեշտ 10-ական պարագաններ վերցնում ենք բերում ու սկսում կարել: Կարելուց հետո պատրաստի արտադրանքը այ այսպես շարում ենք, պատվիրատուն գալիս տանում է: Մենք ունենք աշխատանքի պլան և այդ պլանով աշխատում ենք»: 
 
 Կարի գործարանում աշխատում են հիմնականում տարիքով կանայք: նրանց մեջ առանձնանում  է  23-ամյա Լիլիթ Դադայանը: Լիլիթը կարի ֆաբրիկայում  աշխատանքի է ընդունվել որպես դիզայներ, բայց ինչպես գրծընկերներն են ասում, Լիլիթն այստեղ  անում է ամեն ինչ, բացի  իր գործից: 
 
«Հանգամանքների  բերումով՝ իմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Այս պահին անում եմ այն, տվյալ  պահին անհրաժեշտ է լինում:  Այս աշխատանքն   ինձ համար մեծ պատասխանատվություն է»: 
 
Լիլիթը Ավետարանոցից է: Պատերազմից հետո վերադարձել է Արցախ, այստեղ մնալու հաստատակամությամբ: Ասում է՝ մեծ ոգևորությամբ է աշխատանքի անցնել: Լիլիթին ավելի շատ ոգևորում է այն, որ զինվորի համար  է աշխատում: 
 
«Այստեղ աշխատելն ինձ համար մեծ ոգևորություն է: Պատերազմից ու այդ սթրեսից հետո մարդկանց հետ շփվելը ինքնին մեծ ձեռքբերում է: Այդ շփումից թեթևություն են զգում»: 
 
Չկա սահմանաված թիվ՝ ասում է Տիկին Զոյան, կարում են այնքան, ինչքան կարողանում են: Մեր զրուցակիցը վստահեցնում է նաև, որ բոլորն  աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույնի չափով, որպեսզի արագ հասցնեն  զինվորին անհրաժեշտ ապրանքը: 
 
«Մենք մեր պարտքն ենք կատարում, սա և՛ առաքելություն է, և՛ պարտք: Մենք պարտավոր ենք մեր հնարավորության սահմաններում մեր զինվորներին ապահովել թե՛ համազգեստով, թե՛ քնապարկով և մնացած ամեն ինչով»:
 
 Տեղահանված բնակիչներին աշխատանքով ապահովելու համար «Սանդերք» ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ միասին որոշել են ավելացնել կոմբինատում աշխատողների թիվը: Այստեղ աշխատանքի են անցել նաև մեր տեղահանված հայրենակիցները: Մինչև պատերազմը գործարանը 20 աշխատող ուներ, պատերազմից հետո աշխատողների թիվը կրկնապատկվել է: Գործարանի արտադրանքի իրացման խնդիրների մասին   «Մետաքս կոմբինատ» ՍՊԸ-ի ինժեներ-տեխնոլոգ Արմեն Խաչատրյանն  է պատմում. 
 
«Լոգիստիկ խնդիրների ենք բախվում: Հումքն, ամեն դեպքում, պետք է դրսից ներկրել, նաև պատրաստի արտադրանքը պետք է արտահանել, որն առաջացնում է մի շարք խնդիրներ: Պատերազմից հետո զբոսաշրջիկների մուտքն Արցախ պակասել է, այս առումով էլ մենք որևէ X շուկա ենք կորցնում: Իրացման խնդիրներ է առաջացնում նաև մեր ժողովրդի վերբերմունքը տեղական արտադրանքին: Կարծրատիպեր կան, որ եթե տեղում է արտադրված, ուրեմն անորակ է»:
 
 Այս կարծրատիպերի հետ մեր զրուցակիցը համամիտ չէ: Վստահ է, որ թեթև արդյունաբերությունն Արցախում մեծ հաջողություն  կարող է ունենալ: Իրենց փորձից ելնելով է ասում: Ոլորտի զարգացման համար միայն  համապատասխամ ուշադրությունն  պակասում:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ