Նոյեմբերի 21, 2024

Արտադրված է Արցախում. փոքրիկ հավաբուծարան Մարտունիում

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 11, 2022

Genesis Armenia-ի գործունեության առանցքում Արցախը կարևոր տեղ ունի։ Պատերազմից հետո այստեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնց հիմքում կա հստակ նպատակ․ Արցախի ամրապնդումը, զարգացումը, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։ Ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա մնալ, ապրել տեղում,    հնարավորություն ունենալ աշխատելու և զարգանալու։ Մարտունիում իրականացված հերթական ծրագիրը փոքրիկ հավաբուծարանի բացումն է։ Ավագյանների ընտանիքը դարձավ ծրագրի առաջին շահառուն։ Նուրվարդ տատիկը երկար տարիներ զբաղվել է հավաբուծությամբ։ Բայց չէր էլ պատկերացնում որ մի օր հնարավոր կլինի նաև առանց թխսկանի ճուտիկներ ստանալ։  

«Ես միշտ թխսկաններ էի պահում, բայց հիմա կարծես ես եմ թխսկանը։ Ամեն առավոտ կերակրում եմ ճտերին, հոգ եմ տանում նրանց մասին։ Պետք է ուշադիր լինել, դեղերը ժամանակին տալ»։ 

Ջենեսիս Արմենիայի հիմնադիր-տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ կատարել են լուրջ ներդրում՝ առաջին հերթին հավատալով, որ սա Ավագյանների ընտանիքի համար ևս մեկ պատճառ կլինի՝ իրենց հողում մնալու և այն շենացնելու համար։  

«Կարծում եմ, որ սա դրական նախադեպ է, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները տեսնեն, որ Ջենեսիս Արմենիան իրենց կողքին է։ Տիեզերքում չկա որևէ մի ուժ, որը մեզ կխանգարի մեր նպատակների, երազանքների իրականացման գործում»։

 Արցախում տեղական արտադրանքը միշտ էլ աձանձնահատուկ պահանջարկ է ունեցել։ Պավել Ավագյանը համոզված է, որ այս դեպքում նույնպես իրացման խնդիր չի լինելու։  

«Այս հավաբուծարանում 68 հավ արդեն ձու է ածում, 340 հատ ճուտ կա։ Ինձ թվում է՝ մինչև օգոստոս հնարավորություն կունենանք օրական 250-500 տեղական ձու արտադրել»։

 Մարտունիում թռչնաբուծական փոքրիկ ֆաբրիկա բացելու գաղափարը դեռ ամիսներ առաջ էր ծագել,- ասում է Ջենեսիս Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը։ Ծրագրին հատկացվել է շուրջ 7,5 մլն դրամ։  

«Հաստատելուց հետո սկսել ենք աշխատանքները և շատ կարճ ժամանակահատված անց  արդեն տեսնում  ենք արդյունքները։  Ջենեսիս Արմենիան եղել է, կա ու կմնա արցխցիների կողքին։ Մեր ծրագերը շարունակական են լինելու և նման մոտիվացնող ծրագրեր դեռ շատ կլինեն»։

 Ծրագրի առաջին շահառու Պավել Ավագյանն ասում է, որ հետագայում նպատակ ունեն ավելի ընդլայնել արտադրությունը և տեղական արտադրանքը հասանելի դարձնել նաև արտերկրում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ