Նոյեմբերի 21, 2024

Աժ-ում շարունակվում են Բյուջե֊2022-ի նախագծի քննարկումները

By Սրբուհի Վանյան, Մարգարիտա Ղուշունց Նոյեմբերի 30, 2021

ԱԺ մշտական գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման էր դրված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և պետական գույքի կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների՝ 2022 թվականի ֆինանսավորման հարցերը: Գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով ոլորտի հիմնական ծրագրերը, նշել է, որ գյուղոլորտին նախատեսվում է հատկացնել 5 մլրդ դրամ:

Նախարարը նշել է, թե ինչ ծրագրերի վրա են ծախսվելու հատկացվող միջոցները. դրանք շուրջ քսանն են: Նախորդ տարվա նկատմամբ գյուղոլորտին հատկացվելիք բյուջետային ֆինանսավորումը նվազեցվելու է 35 տոկոսով: ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը բնակչությանը հուզող հարցերն է բարձրաձայնում. փոխհատուցումները ի՞նչ սերմացուների համար են տալու և ի՞նչ չափով: Հարցը ինքնանպատակ չէր. եթե քիչ է գումարը, կարող են առաջարկություն ներկայացնել՝ գումարները այդ կետով ավելացնելու համար: Գյուղնախարարը պարզաբանեց. կտրամադրվի աշնանացան մշակաբույսերի սերմացու, իսկ գարնանացանից թվարկեց գրեթե ամենը, ինչ ցանվում էր նախկին տարիներին։ Նա նաև սերմացուի տրամադրման կարգն է պարզաբանել, տեղեկացնելով, որ այդ հարցում համագործակցում են վարչակազմերի հետ:

Դրան զուգահեռ գյուղնախարարությունը լրացուցիչ ինֆորմացիա կտեղադրի ինչպես նախարարության, այնպես էլ Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պաշտոնական կայքէջերում: Պատասխանելով պատգամավորի հարցին՝ գյուղնախարարը նշել է, որ մինչ պատերազմն առկա 546 հազ 578 հա գյուղատնտեսական նշանակության հողերից այժմ հողային բալանսում կառավարությունն ունի 107 հազ 355 հա մշակահող: Հարցերը գյուղնախարարին շատ էին. ոլորտը վերջին պատերազմում հսկայական վնասներ է կրել. առայսօր չկան անվտանգության և այլ երաշխիքներ՝ դաշտային աշխատանքներ կատարող մեր հայրենակիցների համար: Հանրային ռադիոն առաջիկայում կանդրադառնա բարձրացված հարցերին՝ առանձին թեմաներով:

Քաղաքաշինության ոլորտի 2022թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ծավալի մասին նախարար Արամ Սարգսյանն է մանրամասներ ներկայացրել: Այն կկազմի 20 միլիարդ 310 մլն դրամ: Առաջնային տեղում, բնականաբար, բնակարանաշինությունն է. խնդիրը հրատապ է և կառավարությունը հնարավորինս փորձում է մասնակիորեն լուծում տալ հարցին: Բայց չեն անտեսվելու նաև կրթության, առողջապահության, հասարակական –վարչական ոլորտները, ճանապարհաշինական ծրագրերը, ջրային ու էներգետիկ համակարգերը՝ պետբյուջեն հնարավորինս ռացիոնալ են պլանավորել: Շարունակվելու է բնակարանաշինությունը սոցիալական տարբեր խմբերի, այդ թվում՝ Արցախում ծնելիության խթանման, զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսվող:

Պատերազմից հետո առավել քան ակտուալ է կառուցվող բնակելի շենքերում ապաստարանների առկայության հարցը: Պատգամավորներին շատ են դիմում բնակարանային խնդիրներ ունեցող քաղաքցիները. ինչպե?ս է տեսնում այդ հարցերի լուծումները կառավարության ներկայցուցիչը. Ա. Սարգսյանը պատասխանեց բարձրացված հարցերին. շինարարությունը աննախադեպ տեմպով ու ծավալով է ընթանում. այլ հարց է, որ պահանջարկը գերազանցում է առաջարկին մի քանի անգամ: Տարածքային կառավարման և ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 490 մլն դրամ: Իսկ ոլորտի հատկացումները նախատեսվում է 19 մլրդ, 577 մլն դրամ:

Նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել է, որ Արցախի չգազիֆիկացված համայնքների բնակիչների համար 50 տոկոս փոխհատուցման ծրագիր է մշակվել, եթե նրանք արևային էներգիայի ստացման սարքեր ձեռք բերելու հայտ ներկայացնեն: Նման՝ 3000-ին մոտ բաժանորդ կա. նրանցից ավելի քան 2000-ի համար 2022 թվականի բյուջեով փոխհատուցման գումարներ են նախատեսվում: Կադաստրի պետական կոմիտեի և պետական գույքի կառավարման կոմիտեն պետական բյուջեով նախատեսում է իրականցնել 606 մլն.250 հազ դրամի ծախս: Դրանից 459 մլն դրամը պահպանման ծախսերն են: 147 միլիոնը կնպատակաուղղվի ոլորտային ծրագրերին:

Պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցը պատերազմի հետևանքով թշնամուն անցած սեփականության փոխհատուցումներին էր առնչվում. կադաստրի կոմիտեում ավելի քան 9000 դիմում կա այս պահի դրությամբ: Դիմումներն ընթացքավորվել են:Հանձնաժողովներում բյուջեի քննարկումները դեռ շարունակվում են:

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2021 12:42
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ