Տարին կոմիտեի համար հագեցած է լինելու: Կառույցի ծրագրերի իրականցման համար պետական բյուջեից հատկացվելու է 15 մլրդ 819 մլն դրամ, որից, Մանգասարյանի խոսքով, Բնակարանային ապահովման ծրագրով՝ 12 մլրդ 985 մլն դրամ, Բնակտարածքները գույքով տեխնիկայով ապահովման ծրագրով՝ 25 մլրդ դրամ: Բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրով՝ 334 մլն: Ընդ որում, ներկայացված գումարներից Ստեփանակերտ քաղաքում՝ երկրորդնային շուկայից ձեռք կբերվի շուրջ 250 բնակարան՝ 6 մլրդ 257 մլն դրամ գումարի շրջանակներում: Շրջաններում երկրորդնային շուկայից 400 բնակելի տներ ձեռք կբերվեն՝ 4մլրդ 800 մլն դրամի չափով: Առաջնային շուկայից նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել 1 մլրդ 500 մլն դրամի սահմաններում: Արմեն Մանգասարյանը նշել է, որ հաջորդ տարի բնակարաններ ձեռք կբերվեն նաև Արցախյան շարժման սկզբում Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով տեղահանված անձանց համար:
«Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետությունից 1988-92թթ․ տեղահանված ընտանիքների համար բնակարանների ու բնակելի տների ձեռք բերում՝ 40 բնակարան, 400 մլն դրամ, ձեռք բերվող բնակարանների և բնակելի տների գրանցման հետ կապված պարտադիր վճարներ՝ 30 մլն դրամ»,-պարզաբանել է Կոմիտեի ղեկավարը: Խոսելով վարձակալության հետ կապված խնդիրների մասին՝ զեկուցողը նշել է.
«Բնակելի տների և շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող և փախստականի հաշվառման վկայական ունեցող 250 ընտանիք կօգտվեն ծրագրից: Գումարի չափը կազմում է 186 մլն դրամ: Վարձակալական հիմունքներով բնակվող առանձին սոցիալական խմբեր, որոնք բնակտարածքով չեն ապահովվել, բայց բնակարանային պայմանների բարելավման խնդիր ունեն, կօգտվեն դրանց բարելավման՝ պետական ծրագրից. 200 ընտանիք 2022 թվականին կարող են բավարարվել: Այդ նպատակով բյուջեից հատկացվելու է 148 մլն դրամ»:
Բնականաբար, հատկացված գումարներով 90-ականների փախստականների հարցը չի փակվում, պատասխանելով պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցին, ասել է Մանգասարյանը:
«Ստեփանակերտի մասով, ինչպես նախորդ անգամ էլ նշել էի, այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շենքից տրամադրվելու է «նախկին» փախստականներին»,-ասել է նա:
Թե ինչ հիմունքներով ու առաջնահերթությամբ են քաղաքացիներն օգտվելու ծրագրից, Մանգասարյանը պարզաբանել է.
«Հետագայում տոկոսները կփոխվեն։ Սոցիալական բոլոր խմբերը ձգտելու ենք ներգրավել: Ցուցանիշները բարձր են. միայն Ստեփանակերտում 100-ից ավել բազմազավակ ընտանիք ունենք»:
Բազմազավակների նկատմամբ մոտեցումը հաջորդ տարի կփոխվի. հաշվի են առնելու նախ կարիքը, և ոչ թե հերթագրման համարը, քանի որ դա ոչ թե հերթագրման, այլ հաշվառման ցանկ է: Իսկ բալային համակարգը թույլ է տալու բալեր ավելացնել բազմազավակի ընտանիքի հաշվին, եթե նա ընդգրկված է լրացուցիչ սոցիալական կատեգորիայի մեջ ՝ ասենք, պատերազմի հաշմանդամ է: Մարդկային գործոնը նվազագույնի է հասցվելու, ամեն ինչ ավտոմատացված կլինի. Մանգասարյանի խոսքով՝ ավտոմատ ծրագիրն արդեն պատվիրված է. աշխատելու են բաց ու թափանցիկ։ Հերթացուցակները կազմելու գործընթացում ներգրավված են լինելու հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, նաև՝ պատգամավորներ: Խնդիրներ ոլորտում շատ են առաջացել. այդ թվում և պահանջարկի բարձրացման հետ կապված՝ վարձավճարների թանկացումը, որից տուժում են նաև քաղաքացիներ, ովքեր մինչ այդ բնակվում էին վարձով, և ոչ մի հավելյալ պետական ծրագրից չեն օգտում: Խնդրի շուրջ Մանգասարյանն առաջարկում է միասին մեխանիզմներ մշակել. բարձրացված հարցերի մի մասը կառույցի լիազորությունների շրջանակում չէ: