Նոյեմբերի 23, 2024

Ջրային խնդիրը հանրապետությունում 2022թ․-ին կլուծվի

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 01, 2021
ԱՀ ԱԺ ԱՀ ԱԺ

2022 թվականին Ջրային կոմիտեն  իրականացնելու է 3 ծրագիր՝ ընդհանուր  8 մլդ 840 մլն դրամ արժողությամբ։ Ջրային կոմիտեի նախագահ Գևորգ Հայիրյանն է ներկայացնում

«1-ին ծրագիրը գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագիրն է՝ 340 մլն, ոռոգման նպատակով հողօգտագործողների աջակցման ծրագիր՝ 500 մլն դրամ և ջրային համակարգերի կառուցում, վերակառուցում, վերանորոգում, պահպանում՝ 8 մլդ դրամ, որից մեծ գումար կուղվի Պատարայի ջրամբարի և Ստեփանակերտ քաղաքը սնուցող ջրատարների կառուցմանը»։

2021թ․ մայրաքաղաքը բախվել է սակավաջրության խնդրին։ Ընթացող ակտիվ բնակարանաշինության ծավալները «Արդարություն» խմբակցությունից Դավիթ Գալստյանին  հիմք են տալիս ասելու, որ 2022թ․ խնդիրն ավելի սուր կլինի։  Խնդրի լուծումը տալու է Պատարայի ջրամբարը։ Գևորգ Հայիրյանն առկա ջրային պաշարն է ներկայացնում։

«Պատարա գետում առկա ամբողջ ջուրը խողովակաշարերով հնարավորություն կունենանք տեղափոխել Ստեփանակերտ քաղաք։ 2021 թվականի երաշտային պայմաններում  գետում առկա էր առնվազն 70-80 լ/վ ջուր, իսկ Ստեփանակերտի բացը, պակասը  ընդամենը 35 լ/վ ջուր էր, հետևաբար մինչև ջրամբարի կառուցումը խողովակաշարը կապահովվի մայրաքաղաքը պակասող ջրի քանակով»։ 

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը նույնպես օգտվելու է Պատարայի ջրամբարից, ասում է Ջրային կոմիտեի նախագահը։ Առայժմ, այստեղ ջուրն ապահովվում է արտիզան ջրհորերի միջոցով։ Իսկ Քռասնի համայնքը, որտեղ նույնպես բնակարանաշինության խոշոր ծրագրեր են ընթանում, ստորերկրյա ջրերով հարուստ չէ։ 

«Բազմիցս հայտարարվել է, ջրի քանակը շատ քիչ  է, այնտեղ չենք կարող արտեզան ջրհորների ջուր օգտագործել։ Հույսներս արտիզանի վրա դնել չենք կարող, դրա համար պարտադիր Պատարա-Ստեփանակերտ մայր ջրատարից առանձին ճյուղ տեղափոխվելու է Քռասնի համայնք»։

Բնապահպանության կոմիտեի 2022 թվականի համար  նախատեսված ծրագրերը   երկուսն են։  Այդ նպատակով հատկացվել է  211 մլն 79 հազար դրամ։  Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Գաբրիելյանի բնորոշմամբ, երկու ծրագրերն անվտանգային բաղադրիչ ունեն։   

«Առաջինը Արցախի Հանրապետության տարածքի մակերևութային ջրերի մոնիթորինգի ծրագիրն է, որի համար անհրաժեշտ է 6 մլն 700 հազար դրամ, այս  ծրագրի շրջանակում նախատեսվում է 12 դիտակետում համապատասխան նմուշառումների միջոցով կատարել ուսումնասիրություն ջրի որակական ու քանակական ցուցանիշները լրացնելու և հետագա ուսումնասիրություններ կատարելու համար։  Հաջորդը Արցախի Հանրապետության օդի, մթնոլորտի մոնիթորինգի ծրագիրն է, որի համար անհրաժեշտ է պետական բյուջեով նախատեսել մոտ 10 մլն 400 հազար դրամ, այս ծրագիրը ևս անվտանգության բաղադրիչ կարելի է համարել։ Նախատեսվում է 26 դիտակետում կատարել մթնոլորտի ուսումնասիրության դիտարկումներ, դիտարկումների ընթացքում նախատեսվում է 676 նմուշառում»։

Գյուղի և գյուղատնտեսության  աջակցության հիմնադրամի  նախագահ  Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ՝  հիմնադրամին պետական բյուջեից  այս տարի տրամադրվելու է 1մլրդ 316 մլն դրամ, որից 380 մլն դրամը կազմելու են   պահպանման ծախսերը։  Հիմնական ծախսերն ուղղվելու են առևտրային բանկերի կողմից  գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը ու առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը:

Ներդրումային հիմնադրամին 2022 թվականին պետական բյուջեից հատկացվող գումարը 2021 թվականի  համեմատ չի փոխվել․ այն  կազմում է 4 մլդ դրամ։ Ֆինանսական միջոցներն ուղվելու են փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրված առևտրային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանն ու  նրանց    թողարկած  արտադրանքի՝ տարբեր շուկաներում առաջ մղմանը։ Մյուս  ծրագրերը   ներկայացնում է  հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը․

«Հաջորդ ուղղությունը հիփոթեքային  վարկավորման բնակարանային պայմանների բարելավման համար քաղաքացիների կողմից ստացված վարկերի սուբսիդավորումն է։ Մյուս ծրագիրը ԱԻՄ ձեռարկատիրությանն զարգացմանն ուղված նպատակային ծրագրերի  իրականացումն է, այդ թվում պատերազմական գործողությունների հետևանքով ընդհատված գործունեությունը վերսկսելու նպատակով ֆինանսավորում։  Տեսական ընկերությունների ստեղծումն է հաջորդ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է «Ֆիդես» հիփոթեքային ընկերության կանոնադրական կապիտալի համալրում, որի հաշվին  Արցախի Հանրապետությունուն կիրականացվեն վարկավորման ծրագրեր։ Նախատեսվում է նաև միջոցներ ուղղել անօթևան մնացած ընտանիքների համար  նախատեսված  բնակարանաշինության ծրագրերին»։

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ  Գրիգորյանը։ Նրա   տեղեկացմամբ,  2022թ. հանձնաժողովի բյուջեն կազմում է 240,1 մլն դրամ։ Ըստ կանխատեսումների՝ 2022թ․-ին կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն դրամ։ Գևորգ Գրիգորյանը պատասխանել է ռադիոհաճախականության տիրույթի հնարավոր անվտանգության և ինտերնետ կապի բարելավմանն ուղղված պատգամավորների հնչեցրած հարցերին։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 02 Դեկտեմբերի 2021 14:50
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ