Նոյեմբերի 21, 2024

Փոփոխություններ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 09, 2021
Տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը Ստեփանակերտի քաղաքապետարանինն է։ Այն ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։   Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել տեղական տուրքերի և վճարների գծով «Արտոնություն» հասկացության սահմանումը և համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձանց համար արտոնություն կիրառելու գործընթացը, որը հնարավորություն կտա առավել արագ ու մատչելի կազմակերպել այդ գործընթացը։ Արտոնությունները կարող են կիրառվել համայքի ավագանու որոշմամբ՝  համայնքի ղեկավարի հետ համաձայնությամբ: Համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձինք տեղական վճարների կամ տուրքերի մասով արտոնություններ ստանալու նպատակով կարող են դիմել համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով ավագանու սահմանած փաստաթղթերը:  
 
«Տեղական տուրքերի և կամ վճարների արտոնություններ են  տեղական տուրքի և կամ վճարի դրույքաչափի նկատմամբ նվազեցումը՝ ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և կամ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը։ 5-րդ կետի բ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ․ դիմել համայնքի ղեկավարին, սույն օրենքով սահմանված կարգով տեղական տուրքի և կամ վճարի վճարման արտոնություն ստանալու նպատակով։ Եվ 3-րդ հոդվածով այս օրենքը պետք է ուժի մեջ մտնի ընդունման հաջորդ օրվանից»։ 
 
Առաջարկվող փոփոխությամբ  վճարումներն ու տուրքերը կառավարելու է համայնքի ավագանին։ Ավագանու կողմից բոլոր տուրքերը զրոյացնելու ռիսկից խուսափելու համար Արթուր Հարությունյանը առաջարկել է սահմանաչափ մտցնել։ «Հանրային ծառայութունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում  առաջարկվող  փոփոխությունները  ներկայացրել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցության կարգավորման պետական հաձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը։ Առաջարկվող կարգավորումն ուղղված է 2022 թվականին հանրային ծառայությունների ոլորտում իրավիճակի կայունացմանը և հանձնաժողովի կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետության ապահովմանը։ Այդպիսով հանձնաժողովը հնարավորություն կունենա թեթևացնելու կարգավորման պարտադիր վճարների բեռը՝ այն մոտեցնելով այդ վճարների համար հաշվարկված՝ կարգավորման պարտադիր վճարների 2020 թվականի չափերին։ 
 
«2022 թվականի անվանական կազմում կընդգրկվի 13 վճարող, որոնք գործող օրենսդրության համաձայն 2022 թվականի համար կվճարեն 240 մլն 100 հազար դրամ՝ հաշվի առնելով սպասվող աշխատավարձերի բարձրացումները։  Պարտադիր վճարների  ավելացումները կարող են հանգեցնել սպառողներին մատուցող հանրային ծառայությունների սակագների վերանայմանը, ինչը ներկա իրավիճակում անցանկալի է»։ 
 
Հանձնաժողովը  օրենքների նախագծերին տվել է դրական եզրակացություն։ Օրինագծերն ընդգրկվելու են ԱԺ առաջիկա հերթական նիստի օրակարգում։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 10 Դեկտեմբերի 2021 12:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ