Նոյեմբերի 23, 2024

Մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 21, 2023

  Շրջափակումը   բացասական հետևանքներ է թողնում հատկապես սոցիալական ոլորտում, ինչը ստիպել է որդեգրել նոր աշխատանքային կարգ՝ հարցերին  ավելի օպերատիվ արձագանքելու համար: Շրջափակման առաջին օրվանից սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր: Նախարար Արմեն Մանգասարյանի խոսքով՝ նախ աջակցություն էր ցուցաբերվում շրջափակման հետևանքով կիսված ընտանիքներին: Նախարարության հոգեբանները այցելում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մնացել են այստեղ: Ընթացքի մեջ է համայնքների բնակչությանը տաք հագուստով ապահովելու գործընթացը: Առաջին անհրաժեշտության սնունդ և պարագաններ են տրամադրվել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությանը և տուն-ինտեռնատին:

«Այս պահին անխափան կերպով իրականացվում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական բնույթ կրող այլ վճարների տրամադրումը: Նախորդ տարվա վերջին հանրապետությունում կանխիկ գումարի խնդիր կար, որն օպերատիվորեն լուծվել է: Այս պահին որևէ խնդիր չկա և ընթացիկ վճարումները արդեն սկսվել են: 40 հազարականների հետ կապված «Արցախբանկի» շահառուների գումարներն արդեն փոխանցվել են: Երկուշաբթի օրը կփոխանցվի մյուս  բոլոր բանկերի շահառուների գումարները ևս՝ այդ թվում ՀՀ-ում գտվող տեղահանվածների գումարները»:

Արդեն երկու օր է՝ հանրապետությունում գործում է կտրոնային համակարգը: Կտրոնների մեծ մասը արդեն տրամադրվել է, սակայն սպասարկման կետերը և՛ մայրաքաղաքում, և՛ շրջաններում շարունակում են գործել՝ մինչև բոլորը ստանան դրանք:Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ Արմեն Մանգասարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում ավելի քան 700 գործատու չի կարողանում աշխատանք ապահովել աշխատակիցների համար:

«Պետական նախարարի հրամանով՝ մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ: Այն նաև սոցիալական բնույթ է կրելու, քանի որ մարդիկ աշխատանք են կորցրել»:

Առողջապահության ոլորտի հիմնախնդիրները ներկայացրել է նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ բուժհաստատություններում  274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է: Մինչ օրս ՀՀ է տեղափոխվել 42 հիվանդ, թիվն աճման միտում ունի՝ ասում է նախարարը: Մանկական սննդի խնդիր առայժմ չկա, դեղորայքով ապահովված են բոլոր բուժհաստատությունները: Խնդիր կա տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների հարցում:

«Առանձին խնդիր էր փոխներարկման համար անհրաժեշտ արյան հարցը, որը շրջափակման հետ պայմանավորված չէր: Մեկ ամսվա ընթացքում այդ պաշարները վեցապատկել ենք և շարունակում ենք այդ կարևոր պաշարների կուտակումը: Պլանային վիրահատությունները առայսօր դադարեցված են, բայց մենք կուտակում ենք պաշարներ և մոտ ժամանակներս որոշ վիրահատություններ կսկսենք: Շտապօգնության մեքենաների համար վառելիք կա, որոշները կգազաֆիկացվեն, ծայրահեղ դեպքում կօգտվեն  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ վառելիքի քանակով ու գեներատորներով համակարգն ապահովված է»:

Հաղորդումներով հանդես եկան նաև «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն ու «Արցախգազ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արթուր Դադասյանը:Անդրանիկ Խաչատրյանը տեղեկություներ է ներկայացրել վթարի պատճառի ու վայրի, էներգետիկ համակարգի առկա ռեսուրսների մասին: Նա տեղեկացրել է, որ արտադրական ցիկլը չխաթարելու համար 24-ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը: Արթուր Դադասյանն անդրադարձել է գազամատակարարման խնդիրներին: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գազամատակարարումը հանրապետությունում վերականգնված է:Զեկուցողները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին: Դրանց մեծ մասը վերաբերում էր կտրոնային համակարգին ու բնակչության կարիքների գնահատման ծրագրի անհրաժեշտությանը: Պատգամավորները հանդես են եկել նաև առաջարկություններով: Շեշտվել է օրենսդիր-գործադիր համագործակցությամբ տեղերում ծագող խնդիրները վերհանելու ու դրանց համակարգված լուծում տալու անհրաժեշտությունը:

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 21 Հունվարի 2023 13:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ