2020 թվականից ի վեր Արցախում առաջնահերթությունների թվում է նաև մեր հայրենակիցներին՝ բնակարաններով ապահովելու հարցը: Այդ պատճառով է, որ պատերազմից հետո մեծ թափ է ստացել բնակարանաշինությունը։ Բլոկադայի պայմաններում նաև ա՛յս ոլորտի բնականոն աշխատանքը խաթարվեց, բնակարանաշինական աշխատանքները դադարեցվեցին՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն է պարզաբանում։
«Ճանապարհի արգելափակման պատճառով, շինարարությունն, ընդհանուր առմամբ, դադարեցվել է՝ հաշվի առնելով շինանյութերի պակասը։ Շինանյութերի մեծ մասը բերվում էր Հայաստանից։ Ներկա պահին շինարարական աշխատանքները համարյա թե դադարեցված է։ Արդեն 2023թ. ծրագրով որոշ աշխատանքներ են իրականցվում»։
Պատերազմից հետո Արցախում շահագործման է հանձնվել ավելի քան 300 բնակելի նոր տուն, համայնքներում 470 հին և տիրազուրկ ճանաչված տներ վերանորոգվել ու հանձնվել են քաղաքացիներին։ Մոտ 300 բնակարան էլ նախատեսվում էր շահագործման հանձնել 2022թ. վերջին։ Շրջափակման պատճառով հարյուրավոր արցախցիներ զրկվել են նաև իրենց տունն ունենալու իրավունքից։
«2022թ. պլանավորված էր ավարտվել ևս 300 նոր բնակելի տներ, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, թեկուզ մոտ 90-95%-ով ավարտված են և մնում են չնչին աշխատանքներ, բայց դրանց համար համապատասխան շինանյութերը չեն հերիքում»։
Բացի նրանից, որ անորոշ ժամանակով հետաձգվել է մարդկանց՝ բնակարանով ապահովելու հնարավորությունը, նաև շինարարության ոլորտում աշխատող հարյուրավոր քաղաքացիներ են մնացել առանց աշխատանքի։ Արցախի տնտեսության բոլոր ճյուղերի նման, քաղաքաշինությունը ևս լուրջ խնդիրների առաջ է կանգնել՝ ասում է Արամ Սարգսյանը։
«Ինչքան շրջափակումը երկարի, այնքան իրավիճակը բարդանալու է՝ հաշվի առնելով այն, որ եղած ռեսուրսներն օգտագործվելու են: Հետագայում եթե չլրացվեն ռեսուրսները, ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու՝գրեթե ամբողջությամբ դադարեցվելու է շինարարությունը»։
Պատերազմից հետո Արցախում ծավալված շինարարական աշխատանքներն Արամ Սարգսյանն աննախադեպ է համարում։ Պատկերը գլխիվայր փոխվել է շրջափակումից հետո։
«Անկախ Արցախի պատմության մեջ երբեք չի եղել նման ծավալի շինարարություն, որը կտրուկ փոխվել է շրջափակումից հետո։ Ընդհանուր շինարարության ծավալները կրճատվել են 90-95 տոկոսով։ Բլոկադայի շարունակման պարագայում ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, ինչպես արտադրության տեսակետից, այնպես՝ մատակարարումների։ Բոլոր ճյուղերով շինարարությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»։
Քաղաքաշինության նախարարության համապատասխան ծրագրերը, որոնք նախատեսված էին ավարտին հասցնել մինչև 2025 թ․, բլոկադայի շարունակման պարագայում պետք է անորոշ ժամանակով հետաձգվեն։