Նոյեմբերի 21, 2024

Բարենպաստ հարկային դաշտը մասնավոր հատվածի զարգացման երաշխիքն է

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 29, 2021

Տնտեսությունը վերականգնելու ճանապարհին առաջին քայլերը, որ կատարվեցին, բիզնեսի համար արտոնությունների սահմանումն էր. պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով հենց տարեսկզբին Ազգային Ժողովի կողմից ընդունվեց 2 նոր օրենք, երկու տասնյակի հասնող օրենքներում կատարվեցին փոփոխություններ, համապատասխանեցվեց ենթաօրենսդրական դաշտը:

«Արտոնությունների մի խումբ պայմանավորված էր անմիջականորեն պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը՝ հաշվարկների ուշացումներ, վճարումների ուշացումներ և այլն, իսկ մյուս խումբն ուղղված էր հարկային արտոնությունների շրջանակի ընդլայնմանը»:

Այն, Արմինե Մուսայելյանի խոսքով, միտված էր խթանելու Արցախում նոր բիզնես-գործունեությունների ծավալմանը և դրանց շարունակականության ապահովմանը: Տարին ամփոփելով, ոլորտի պատասխանատուները նշում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում 6277 հարկ վճարողներ ազատվել են 6 մլրդ 883 մլն դրամ գումարի չափով պարտավորություններից: 90-ից ավել հարկ վճարողների հետ կնքվել են պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցեր, որոնցով նախատեսվել են 910 մլն դրամ գումարի չափով արտոնության տրամադրում ՝ 5 մլրդ 239 մլն դրամ գումարի չափով ապառքների մարումներ կատարելու դեպքում: 

«Եկամտային հարկի և շահութահարկի եռամյա արտոնության տրամադրմամբ պայմանավորված՝ կատարվել է 281 անհատ ձեռնարկատերերի և 146 կազմակերպությունների կողմից 2020 թվականի համար վճարված 1 մլրդ 484 մլն դրամ եկամտային հարկի, շահութահարկի կանխավճարների և նվազագույն եկամտային հարկի գումարների վերադարձ կամ հաշվանցում այլ հարկային պարտավորությունների դիմաց»:

Արցախի Հանրապետության ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակում հունվար-ապրիլ ամիսների համար 1126 շահառուի տրամադրվել է 931 մլն դրամ գումարի չափով աջակցություն»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը, հավելելով, որ հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին ծրագրի մեկնարկից մինչև դեկտեմբերի 1-ը կատարվել է շուրջ 660 մլն դրամ գումարի չափով վերադարձ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների գերակշիռ մասը դադարեցել էր գործունեությունը. «ի ուրախություն բոլորիս այսօր զգալի թվով հարկ վճարողներ վերսկսել են իրենց գործունեությունը»,-տեղեկացրել է Արմինե Մուսայելյանը:

«Պատերազմից հետո գործունեությունը վերսկսել են 1748 հարկ վճարողներ, որից 669–ը արտոնագրային վճար վճարողներ: 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ նոր գրանցում են ստացել 1087 հարկ վճարողներ, որից 740-ը` Ստեփանակերտ քաղաքում, 109-ը` Ասկերանի, 123-ը` Մարտակերտի և 109-ը` Մարտունու շրջաններում: 254 հարկ վճարողներ, ովքեր գործունեություն էին ծավալում Ադրբեջանի վերասկողության ներքո անցած տարածքներում, գործունեությունը վերսկսել են այլ վայրերում»: 

Բյուջեի՝ եկամուտների հավաքագրման մասով 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հավաքագրվել է 26,681 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 19,000 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 40.4 տոկոսով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարի 76.4 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: 

«Սակայն, հավաքագրումները դեռևս էականորոն զիջում են նախորդ տարվա մակարդակը, մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտները թերակատարվել են 38.4 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել շուրջ 16,663 մլն դրամ: Սա նշանակում է, որ դեռևս շատ անելիքներ կան տնտեսության վերականգնման մասով»: 

Գալիք տարում հարկային ոլորտում էական փոփոխություններ չեն նախատեսվում. դրանք կատարվել են այս տարվա սկսզբին: Պետեկամուտների ոլորտում բավականին անելիքներ դեռ կան. հատկապես վարչարարության թեթևացմանն ուղղված. հարկ վճարողների շրջանում իրազեկումների կազմակերպում՝ հարկային կարգապահության բարձրացման նպատակով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքների իրականացում, հարկային մարմնի կողմից առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնում՝ պայմանավորված նաև երկրում կորոնավիրուսային իրավիճակով: Ոլորտի պատասխանատուները համոզված են՝ շեշտը պետք է դրվի նպատակային աջակցության ծրագրերին՝ բիզնեսի խթանման նպատակով: Հենց դրան էլ միտված են լինելու 2022 թվականի աշխատանքները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ