Նոյեմբերի 22, 2024

Հանրապետությունում ակտիվացել է սուր շնչառական վարակը. հիվանդների 80%-ը երեխաներ են

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 10, 2022

Գրիպի նոր ենթատեսակով վարակվածների 80%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են։ Վարակվել էր նաև ստեփանակերտցի Աննա Գրիգորյանի ընտանիքը։ Աննան պատմում է՝ ինչպես է  հիվանդությունը դրսևորվել։

«Վարակը սովորական գրիպի նման չի, սկզբում թուլություն ունեինք, ինքնազգացողության վատացում, տրամադրության անկում։ Ինքազգացողության վատացման 3-րդ օր տաքություն ենք ունեցել։ Երկար ժամանակ ջերմություն ենք ունեցել, ապաքինումն էլ է երկար տևել։ Մեկ շաբաթից ավելի տաքություն եմ ունեցել, դրանից հետո թեկուզ ջերմությունս իջել էր, բայց լիովին չէի ապաքինվել։ Փոքր աղջիկս, որը 6 տարեկան է, ջերմության մեջ ավելի երկար է մնացել, մոտ 7 օր 39,6 տաքություն է ունեցել ։ Մեծս 13 տարեկան է, մի փոքր ավելի քիչ է ջերմություն մեջ մնացել, մոտ 5 օր»։

Հիվանդանոց չեն դիմել, բժշկի հետ են խորհրդակցել։

«Բժշկուհին խորհուրդ է տվել չօգտագործել հակաբիոտիկներ, օգտագործել շատ հեղուկ և ջերմությունը իջեցնող դեղեր»։

Ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն՝ ՀՀ համապատասխան վիրուսաբանական լաբորատորիայում․ արդյունքում՝ 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի H3N2 ենթատեսակը,  ասում է ԱՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային վարչության պետ Օֆելյա Հարությունյանը։

«Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած արցախցիների մոտ սկսվեցին գրանցվել վերին շնչուղիների սուր բորբոքումներ՝ հիմնականում մանուկների շրջանում։ Հիվանդներից վերցվել են նմուշներ, և Հայաստանում կատարված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ վարակը Ա տիպի գրիպ է, ենթատեսակը՝ H3N2։ Այս ենթատեսակը այլ կերպ անվանում են հոնգկոնգյան գրիպ, որը հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Այս ենթատեսակը կարող է առաջացնել և՛ էպիդեմիա, և՛ պանդեմիա»։

Բարձ ջերմություն, կոշտ հազ, գլխացավ, թուլություն, մկանային ցավ․ վարակի դրսևորման հիմնական ձևերն են։ Վարակվածները մինչև 10 օր կարող են ջերմություն ունենալ։ Վարակը կարող է առաջացնել բրոնխային հիվանդություններ ու բարդություններ, բայց համապատասխան բուժման դեպքում, ասում է Օֆելյա Հարությունյանը, այն որևէ հետք չի թողնելու։

«Ջերմության շրջանը շատ ծանր է լինում, պետք է ջերմիջոցնող դեղեր տալ, չնայած որ դրանցով դժվար է իջնում ջերմությունը, անպայման պետք է շատ հեղուկ օգտագործել։ Հակաբիոտներ չօգտագործել, որովհետև դրանք խթանում են վիրուսի տարածումը։ Հիվանդի ինքնազգացողությունից ելնելով՝ պետք է բժշկի դիմել, ինքնաբուժմամբ չզբաղվել»։

Վարակի տարածումը կանխելու և  հետագա բարդություններից խուսափելու համար առողջապահական գերատեսչությունը խորհուրդ է տալիս խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, իսկ հիվանդ լինելու դեպքում խորհուրդ է տրվում մնալ տանը։  Անձնական հիգիենայի կանոններին հետևելը, եղանակին համահունչ հագնվելը ու մաքուր օդում մնալը միայն կօգնեն հաղթահարել վարակը։  

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 18:01
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ