«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախի աջակցության ծրագրերի նոր փուլի մասին: Արցախի օգնության ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 1.740.000 ԱՄՆ դոլար է տրամադրել՝ աջակցելով Արցախում իրականացվող տեղական և միջազգային գործընկերների 80 նախագծի, տարածաշրջանում օգնելով 131.000 մարդու։ Այս անգամ ևս աջակցության ուղղություները նույնն են՝ ասում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի նախագծերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
«Այսօր «Ավրորան» սկսում է նոր փուլ, որը շարունակում է նախկին իր քաղաքականությունը՝ նույն ուղություններով․ առողջապահություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սոցիալական ուղղություն, ենթակառուցվածքներ։ Այս ծրագրերը նպաստելու են կայունացման հաստատմանն ու Արցախի զարգացմանը, սա սկզբունքային է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար»։
Նոր փուլի նախագծերի ընդունման մասին հայտարարվել էր դեռևս ամռանը։ Առաջադրված նախագծերը ընտվել են «Ավրորա» մրցանակի այս տարվա դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի կողմից, նախագծի մի մասի ֆինանսավորումը կատարվելու է մրցանակային ֆոնդից։
«70-ից ավել նախագծեր ենք ստացել, ինչը շատ ուրախալի է, որովհետև սկբնական շրջանում չկային ձևակերպված խնդիրներ, պատրաստի նախագծեր, իսկ այսօր մենք արդեն ունենք մանրակրկիտ ուսումնասիրված նախագծեր, որոնք ուղված են առաջնահերթություններին։ Այդ 73 ծրագրից ընտրվել է 14-ը, որոնցից մեկը կիրականացվի Սուրբծննդյան տոնավաճառից ստացված հասույթով»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պատերազմից հետո Արցախում իրականացրել է ծրագրերի 4 փուլ, նոր փուլում փոխվել են առաջնահերթությունները․ Նարինե Աղաբալյան։
«Եթե առաջին փուլում՝ պատերազմից անմիջապես հետո, ավելի շատ իրականացվում էին հումանիտար նախագծեր՝ տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու նպատակով, ապա դրանից հետո որոշվեց մարդասիրական օգնության միջոցները ուղղել կայունացման ծրագրերին»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը աշխատում է գործընկեր կազմակերպությունների հետ։ Նախագծերը ներկայացնում են ՀԿ-ներն ու հիմնադրամները, որոնք այս գործընթացում միջնորդի դեր են կատարում․ շահառուների հետ նրանք են աշխատում։
«Ես կարծում են, որ կոնկրետ այս փուլի համար մեծ թվով շահառուներ ենք ունենալու , որովհետև ծրագրերի զգալի մասը առողջապահական ոլորտից է։ Դրանք և՛ անհրաժեշտ մասնագետներ հրավիրելու ծրագրեր են, որոնք պիտի գան ու համապատասխան աշխատանք իրականացնեն Արցախում, և՛ օրթոպեդիկ վիրահատությունների, ստոմատոլոգիական կենտրոնի զարգացման նախագծեր են, որոնք նույնպես սպասարկելու են բոլորին»։
Ծրագրերից յուրաքանչյուրը հասանելի է լինելու բոլոր արցախցիներին՝ վստահեցնում է Նարինե Աղաբալյանը։ Նոր փուլի ծրագրերը առողջապահական ոլորտով չեն սահմանափակվում։
«Ծրագրերից 2-ը դպրոցների շինարարության ծրագրեր են, ավելի ճիշտ աջակցություն շինարարական ծրագրերին՝ մեկը Դահրավ գյուղում կառուցվող նոր դպրոցի համար, մյուսը՝ Մաճկալաշեն գյուղի դպրոցի համար, այնտեղ վերաբնակիչների հետ կաված առաջացել է դասասենյակների խնդիր։ Այս նախագիծը մենք իրականացնելու ենք «Թուֆենկյան» բարեգործական կազմակերպության աջակցությամբ»։
Ընտրված նախագծերի մեջ են մտնում նաև մի շարք ծրագրեր երեխաների համար։ Կան նախագծեր միայնակ տարեցների խնամքի համար։ Ծրագրերն արդեն ընտրվել են։ Շուտով դրանք ֆինանսավորվելու են, հաջորդիվ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պայմանագրեր է կնքելու գործընկերների հետ։
«Այնուհետև իրականացվելու են համապատասխան փոխանցումները, հետո արդեն մեկնարկելու են նախագծերը և գործընկեր կազմակերպութուների կողմից բոլորն իրագործվելու են»։
«Ավրորա» մարդասիրական կազմակերպության նախաձեռնած 80 ծրագրից իրականացվել են 70-ը, մնացած ծրագրերը ընթացքի մեջ են։ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» նախագծի այս փուլի համար նախատեսվում է 500.000 ԱՄՆ դոլար հատկացնել: