Նոյեմբերի 21, 2024

Անդրեյ Սախարովի մոնումենտալ ներկայությունը Ստեփանակերտում

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 21, 2022

1988 թ. փետրվարից մինչև կյանքի վերջին օրերը Անդրեյ Սախարովը Լեռնային Ղարաբաղի խնդրին մեծ ուշադրություն էր դարձնում։ Սախարովի համար այն սկզբունքային խնդիր էր։ Ընդհանրապես, նրա ողջ գործունեությունն ուղղված էր մարդու  և ժողովուրդների իրավունքներից բխող նոր, մարդասիրական սկզբունքների հաստատմանը։  Սախարովի գաղափարներն այսօր էլ արդիական են: Նախկին ԽՍՀՄ-ի ներքին խնդրից ներկայումս դառնալով միջազգային խնդիր՝ Լեռնային Ղարաբաղն այժմ էլ ի ցույց է դնում առկա մոտեցումների բացերն ու անարդյունավետությունը: Աշխարհի ամենահզոր զենքը ստեղծողներից մեկը հանդիսանալով՝ նա ոչ թե բռնության, այլ խաղաղության կողմնակից էր մնում`ասում է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: 

«Վերակառուցման և դրան նախորդած ժամանակաշրջանում քաղաքական մտքի ազատության դեմ առաջին խոսողներից մեկն էր համարվում: Անդրեյ Սախարովը այն խորհրդանիշ պարունակող անհատականություններից է, ով ապրեց հանուն իր գաղափարների, ով մտածեց, որ պետք է ստեղծագործի հանուն ժողովրդի»: 

Հուշարձանի հանդիսավոր բացման պատիվը տրվեց քանդակի հեղինակ, ակադեմիկոս Գրգիգորի Պոտոցկուն և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին: Սա Գրիգորի Պոտոցկու առաջին քանդակը չէ Ստեփանակերտում: 2010 թ. մայրաքաղաքի սրտում տեղադրվել է նրա հեղինակած խաղաղության խորհրդանիշ «Խատուտիկ» արձանը: 

«Այս անգամ ես բերեցի մեծն Անդրեյ Սախարովի քանդակը: Գաղափարը ծագել էր դեռևս 2000-ական թվականներին: Երբ ես Լոս-Անջելեսում էի, իմ հայ ընկերը շատ էր խոսում Սախարովի մասին, նրա նկատմամբ հայ ժողովրդի երախտագիտության մասին»: 

Գիտությունը Անդրեյ Սախարովի տարերքն էր, ֆիզիկան՝ նրա կյանքի ամենամեծ սերը: ԽՍՀՄ գիտությունների ակադեմիկոսը բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, ֆիզիկոսների մի քանի սերունդների ուսուցիչը: Նաև ջրածնային ռումբի համահեղինակներից է: Ֆիզիկայի բնագավառում ակադեմիկոս Սախարովի ներդրումի մասին Ազգային ժողովի փոխնախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Գագիկ Բաղունցն է պատմում: 

«Կարելի է երկար, շատ երկար խոսել 20-րդ դարի մեծագույն ակադեմիկոսի մասին: Կարելի խոսել նրա մասին  որպես քաղաքական գործչի, որպես մեծ հումանիստի»:

 Արցախցիների արդար դատը պաշտպանելու ընթացքում էլ Անդրեյ Սախարովը դարձավ Արցախի անկեղծ բարեկամներից մեկը: Հայ -ռուսական բարեկամության պատմությանը լավատեղյակ էր ու վստահ, որ դարերի խորքից եկած այդ բարեկամությունը դեռ երկար է ձգվելու:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ