Նոյեմբերի 23, 2024

Կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 16, 2022

Հայկական ազգային  երաժշտությունն ուրույն դիմագիծ ու    մտածելակերպ ունի։ Ազգային նվագարաններն այնտեղ առանցքային դեր ունեն:  Ազգային մշակույթի  պահպանումն ու հանրահռչակումը     ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններից է և այդ նպատակով մշտապես  տարբեր միջոցառումներ են կազմակերպվել։  Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում տեղի է ունեցած ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը նույնպես այդ նպատակն ունի՝  ասում է ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի պետ Ապրես Մարգարյանը։ 

«Սա ազգային նվագարանների   5–րդ մրցույթն է։ Ամենակարևոր նպատակը նվագարանների և ժողովրդական գործիքների հանրահռչակումն է, քարոզչությունն է։ Հաշվի առնելով այն, որ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը պակասել է, նպատակ ունենք նաև բացահայտել տաղանդավոր երեխաների»։

 Հատկապես պատերազմից հետո կարևոր է նման մրցույթների կազմակերպումը։ Դրանք միտված են մեր ինքնության պահպանմանը։ Մեր մշակույթի կարևոր մասի՝ ազգային գործիքների  ու նվագարանների  պահմանումն ու քարոզումը մեզ համար գերխնդիր է՝ ասում է Մարտունու արվեստի դպրոցի տնօրեն Ալվինա Բաղդասարյանը։ 

«Դասական գործիքների կողքին, հնարավորության սահմաններում, փորձում ենք պահել ազգայինը։ Ժամանակի ընթացքում, ցավոք, մեռնող գործիքներ ունենք։ Բայց դպրոցում ունենք ազգային նվագարանների համույթ, ունենք 300-ից ավելի աշակերտ, Բերդաշենում, Գիշիում, Աշանում»։

 Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի սան Աննա Դանիելովայի համար մրցույթում կարևորը մասնակցությունն է, բայց հաղթանակին էլ դեմ չէ՝ ասում է։ 

«Ես այս մրցույթին առաջին անգամ եմ մասնակցում: Շատ եմ սիրում երգել, և, քանի որ ժողովրդական մրցույթ է, ես ներկայացնելու եմ Կոմիտասի «Քելեր, ցոլեր» և «Հով արեք, սարեր ջան» երգերը»։

 Ասյա Մարտիրոսյանը Հադրութի արվեստի դպրոցի 4-րդ դասարանում է սովորում։ Նման մրցույթ-միջոցառումների 1-ին անգամ չէ մասնակցում։ Չնայած փոքր   տարիքին՝ նա հասկանում է ազգային մշակույթի պահպանման կորևորությունը։ Միջոցառմանը ոգևորությամբ է պատրաստվել։ 

«Մրցույթին 2-րդ անգամ եմ մասնակցում։ Մինչև պատերազմը սովորում էի Հադրութի դպրոցում։ Պատերազմից հետո  գալով Ստեփանակերտ՝ շարունակեցի կրթությունս Ստեփանակերտում գործող  Հադրութի դպրոցում։ Ազգային նվագարանների դերը շատ եմ կարևորում։   Երիտասարդ սերունդը   պետք է կարևորի նվագարանների դերը»։ 

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար, ժյուրիի անդամ Հելբերտ Ասատրյանը Արցախում է անցկացրել ժամկետային  ծառայությունը։ Արցախում այսպիսի մրցույթի առաջին անգամ է ներկա գտնվում, բայց դեռ զինվորական ծառայության տարիներից է ծանոթ Արցախի մշակութային կյանքին: Նա բավականին մեծ ներուժ է տեսնում արցախցի երեխաների մոտ։ 

«Շատ կարևոր է, որ ազգային նվագարանները և ազգային երգեցողությունը նոր թափ առնեն նաև մրցույթների միջոցով: Այս մրցույթների կազմակերպումը մեծ խթան է մեր երեխաների համար, որպեսզի կարողանան իրենց արվեստը ներկայացնել, ազգային նվագարանները պահպանել»։ 

Մրցութային ծրագիրն իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Արդյունքները կամփոփվեն վաղը։  Մրցանակային տեղեր զբաղեցրած երաժիշտ-կատարողներն ու խմբերը կպարգևատրվեն նախարարության վկայագրերով և դրամական պարգևով:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 16 Հունիսի 2022 16:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ