Ապրիլի 19, 2024

«Բակում կատաղած շուն կա»․ փափազյանականները տոնում են թատրոնի օրը

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 27, 2023

«Թատրոնը՝  ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց». թատրոնի միջազգային օրը ավանդաբար այս խորագրով է նշվում: Արցախի թատրոնն իր 91-ամյա գործունեության ընթացքում ականատես է եղել բազում աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների, մշտապես գործել հակամարտության գոտում: Արցախյան հակամարտության, քառօրյա պատերազմի, բլոկադայի, վատթար շենքային պայմանների պարագայում էլ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը չի դադարել աշխատել։ Այն չի աշխատել միայն 44-օրյա պատերազմի ընթացքում: Թատրոնն իր նպատակներից երբեք չի շեղվել՝ հավաստիացնում է Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:

«Առաջին պատերազմի ժամանակ, երբ արդեն քաղաքի կեսը դուրս էր եկել, թատրոնը մնացել և գործում էր: Ինչ վիճակում էլ եղել է Արցախը՝ թատրոնը գործել է. նկուղներում, զորամասերում, ամեն տեղ: Փոքրիկ խմբերով եղել ենք զորամասերում, հայրենասիրության դասեր ենք տվել մեր երիտասարդ զինվորներին: Մենք քարոզում ենք մշակույթ, հայրենասիրություն, քարոզում ենք հայ  լեզուն, մաքուր հայ լեզուն: Թատրոնը, մի խոսքով, ամեն ինչ է: Կարծում ենք՝ մենք մեր նպատակին հասել ենք և հասնելու ենք, որովհետև ուրիշ տարբերակ չկա»:

Մոտ 60 տարի է, ինչ Քաջիկ Հարությունյանն Արցախի թատրոնի բեմում  է: Երկարամյա գործունեության ընթացքում դարձել է թատրոնի անբաժանելի մասնիկը: Այսօր թատրոնի հիմնական շենքը վատթար վիճակում է, թատրոնն էլ, ինչպես ինքն է ասում, տնվոր է: Անդրկովկասում մեր թատրոնի շենքի նման թատերական շենք չկար՝ ասում է  ժողովրդական  արտիստը։

«Այնտեղ ակուստիկան այնքան լավ էր, որ երբ բեմից խոսում էինք, անգամ շնչում էինք, վերջին նստարանին նստած հանդիսատեսը լսում էր: Շատ քիչ թատրոններում կա այդպիսի ակուստիկա, այդպիսի գեղեցկություն: Բացի դրանից, երբ մտնում էինք մեր թատրոնը, ոնց որ մի պալատ լիներ: Չգիտեմ, որ ցանկանան վերանորոգել, կկարողանա՞ն նույն ձևի սարքել»:

Ավանդույթի համաձայն՝ թատրոնի միջազգային օրվան ընդառաջ դրամադիկական թատրոնը նոր  ներկայացում է բեմադրում: Բացառություն չէր նաև այս տարին: Անսովոր պայմաններում է բեմադրվել «Բակում կատաղած շուն կա» ներկայացումը՝ նյութերի, հագուստների, դեկորացիաների համար անհաժեշտ պարագաների սղության պայմաններում: Դժվարությամբ, բայց ամեն ինչ գտնվել է, այժմ Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճը իսկական «բակ» է դարձել: Բեմի կենտրոնական մասում երկու պատուհան կա, աջ ու ձախ կողմերում դռներ են, երկհարկանի շենք, խիտ տներ և բակի բնակիչները, որոնք ապրում են պատը պատին կպած  տներում և միմյանց մասին գիտեն ամեն ինչ: «Բակում կատաղած շուն կա» ներկայացումը կենցաղային պիես է, դրամատիկ կատագերգություն: Հիմքում վրացի գրող Բուաչիձեի համանուն ստեղծագործությունն է: Ներկայացումը շան մասին չէ, ինչպես կարող ենք ենթադրել վերնագրից, այն ամուսինների մասին է, որոնք խառնած են պահում բակի մարդկանց կյանքը: Գլխավոր դերերից մեկը մարմնավորում է Մարիաննա Գրիգորյանը: Նա իր հերոսի դրական ու բացասական կողմերի մասին է խոսում:

«Ամեն մարդ իր կյանքում հանդիպում է ինչ-որ բացասական կերպարների, որը տվյալ մարդու կյանքում կարևոր, ճակատագրական դեր է խաղում: Մեր ընտանիքը բացասական, բայց շարժառիթ է բակի հարևանների համար: Նրանք հարևաններին կռվացնում են, բամբասում են նրանցից, բայց նման մարդկանց դրական կողմն այն է, որ ստիպում են մարդկանց շարժվել: Բացասական կողմն էլ այն է, որ նման մարդիկ խաղում են բոլոր մարդկանց նյարդային համակարգի, ինչու չէ՝ կյանքի ու առողջության հետ»:

Ներկայացումը Քաջիկ Հարությունյանն է բեմադրել: Այն պատերազմից հետո բեմադրված առաջին կատակերգությունն է: Մարիաննա Գրիգորյանն ասում է, որ էլ ավելի շուտ պետք էր կատակերգություն բեմադրել: Ժողովրդական արտիստի խոսքով՝ կատակերգությունը բեմադրվել է առաջին հերթին հանդիսատեսի խնդրանքով:

«Շատ հանդիսատեսներ, երբ գալիս էին մեր ներկայացումները դիտելու, իսկ մենք ունենք «Անմահների դիրքը» ներկայացում, որտեղ մեր ամբողջ պատերազմն է ներկայացվում, ասում էին՝ չի՞ լինի, որ այնպիսի մի ներկայացում բեմադրվի, որ գանք նստենք ու մի քիչ թարմանանք, մի քիչ ցրվենք: Դա ինձ հղեց այն մտքին, որ կարելի է մի այնպիսի բեմադրություն անել, որ հանդիսատեսը գա ներկայացման ու ոչ թե լիաթոք ծիծաղի, այլ մի քիչ ժպտա, մի քիչ տրամադրությունը փոխվի: Դրա համար վերցրել ենք մի պիես, որը տրագիկոմեդիա է, այն կենցաղային պիես է։ Այստեղ քաղաքականություն չկա»:

Ներկայացմանը մասնակցում է թատրոնի գրեթե ամբողջ դերասանական կազմը: Բլոկադայի պատճառով առաջացած ճգնաժամային պայմաններում մի քանի անգամ փորձերը դադարեցվել են, դերասաններից շատերը արտերկրում տեղի ունեցած հյուրախաղերից հետո, նույն պատճառով, չեն կարողացել վերադառնալ: Շատ քիչ ժամանակում, բայց բեմադրվել է ներկայացումը: Առաջնախաղը տեղի կունենա այսօր: Արդեն քանի տարի՝ թատրոնի միջազգային օրը Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները նշում են այսպես՝  նո՛ր ներկայացմամբ:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 27 Մարտի 2023 14:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ