Նոյեմբերի 21, 2024

Սեպտեմբերի 2-ը պիտի դարձնենք հայոց միասնական պահանջատիրության օր

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 02, 2023

Ինչպե՞ս ստացվեց, որ Միացման համար Հրապարակ ելած ժողովուրդն անկախություն հռչակեց։ Անկախություն և միացում. ներկա իրավիճակում դրանց վերարժևորման ու վերակերտման մասին է Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը:

«Հարգելի հրավիրվածներ, ձեզ հայտնի է մեր մարզում ստեղծված իրավիճակը, որը ներկա իրադրությունում ավելի է բարդանում: Այս պայմաններում մարզխորհրդին ու գործկոմին անհրաժեշտ է օպերատիվ որոշումներ ընդունել, քանի որ իրավիճակը բարդանում է ամեն ժամ և ամեն րոպե»:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին այսպես է մեկնարկել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Այս հռչակագրին նախորդել էր 1988թ-ից մեկնարկած Ղարաբաղյան շարժումը, որին Ադրբեջանի պատասխանը եղավ պատերազմը: Շարժման կարգախոսը «Միացումն» էր։ Ստեփանակերտի և Երևանի հրապարակներում ալիքվող ժողովուրդը բռնցքվել էր ոչ թե Արցախի անկախության, այլ՝ Մայր Հայաստանին միավորվելու նպատակով։ Ինչպե՞ս ստացվեց, որ հայության օրակարգը փոխվեց։ Արդյոք, դա պարտադրվա՞ծ անկախություն էր, թե՞ կարելի էր նաև միացման հասնել։ Հետադարձ հայացք ձգելով` շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրելյանն ասում է.

«Կոպիտ ասած` մեզ «կուտ» են տվել, խաբել են: Իհարկե, մեր կարգախոսը «Միացումն» էր: Եվ այն ժամանակ երևի մտածում էին, որ, եթե միացման գաղափարով գնանք, ապա պատերազմ կլինի: Բայց պատերազմը, իրոք, եղավ ու մենք հաղթեցինք: Եվ եթե մենք շրջահայաց լինեինք ու միացման գաղափարով առաջնորդվեինք, ապա երևի թե վաղուց միացած կլինեինք Մայր Հայաստանին»:

35 տարի առաջ, հայ ժողովուրդն Արցախի՝ Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու միասնական հայտ ներկայացրեց աշխարհին։ Այդ նպատակին հասնելու տարբեր, այդ թվում՝ հաճախ միմյանց հակասող մարտավարություններ հռչակվեցին։ Ցավոք սրտի, եղան թերություններ, որոնք ինչ-որ չափով նաև հանգեցրեցին այսօրվա իրավիճակին, ասում է՝ անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

«Բայց աշխարհն է այդպիսին: Իր նպատակներին հասկանում է նա, ով պայքարում է դրանց համար: Եվ այսօր մենք մի հանգրվանում ենք, որը նույնպես բավականին ծանր է, բայց սա ևս հնարավորություն է մեր միասնությունը ցուցաբերելու և մեր կամքը դրսևորելու համար: Այսօր ես չեմ ուզում անդրադառնալ այն թերացումներին, որոնք եղել են անցած տարիների ընթացքում: Կարևորը կամքն է, որպեսզի այսօր արցախահայությունն ու ողջ հայ ժողովուրդը կենտրոնացնի իր ամբողջ ուշադրությունը, ոչ թե թերացումների, սխալների ու պարտությունների, այլ՝ ապագա կերտելու իր հնարավորությունների վրա»:

Այսօր ունենք բոլոր հնարավորությունները մեր ընթացքը շարունակելու համար` ասում է Հրանտ Խաչատրյանը: Ամեն ինչ կախված է մեզնից, մեր ճկունությունից: Եվ դրա վրա կենտրոնանալու փորձերը, ըստ զրուցակցիս, կարծես թե սկսում են հաջողել:

«Արցախում և Հայաստանում մենք իրար հետ կապված ենք ինչպես հաղորդակից անոթներ: Երբ տրամադրություններն Արցախում բարձրանում են` դրական իմաստով, դա ազդում է նաև հայաստանյան տրամադրությունների վրա` ներառյալ նաև հայոց Սփյուռքը: Բայց ուզում եմ շեշտել մի բան. արցախցիները միշտ ավելի շատ են իրենց մաշկի վրա զգում այն բեռը, որն իրենք ուզում են թոթափել: Դա արտաքին ճնշումներն են, ինքնուրույնության, ինքնիշխանության պակասն է: Եվ այդ իմաստով իրենք դարերի ընթացքում ավելի մեծ համառություն և հետևողականություն են դրսևորում կրիտիկական պահերին: Եվ պատահական չէ, որ այս անգամ էլ արցախյան գործընթացները տեղափոխվում են համահայկական դաշտ և մարդիկ արդեն սկսում են խոսել ապագայի մասին ոչ թե բացասական երանգներով, նահանջողական տոներով, այլ՝ նորից ոգևորությամբ և նորից կոչեր են անում, տրամադրվում են և ջանքեր են գործադրում, որպեսզի այս ինքնիշխանությունը նորից ամրապնդվի»:

Կյանքը, կռիվը, պայքարը մարդու համար է, և այս անգամ էլ պետք է պատվով դուրս գանք այս պայքարից: Չպետք է կենտրոնանալ անհատների վրա, որոնք նահանջողական տրամադրություններ են ստեղծում` ասում է զրուցակիցս ու նշում` պետք է ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները:

«Դա պետք է կատարվի ընթացքում: Վերադասավորումները, ուժի դրսևորումը պետք է լինեն իրավիճակին համարժեք: Եվ ես հավատում եմ, որ մենք դեռ ունենք բավականին էներգիա: Մի կենտրոնացեք անհատների վրա: Անհատները կարող են լինել լավը և վատը: Իսկ ինչպես գիտենք` հայի լավը շատ լավն է, հայի վատը շատ վատն է: Պետք է կենտրոնանալ ժողովրդի վրա: Երբ ասում են, թե չկա տեսլական, չկա հայեցակարգ, մի հավատացեք: Բոլոր ժողովուրդների նպատակը՝ ազատության մեջ զարգանալն է, և մենք նույնպես պիտի զարգանանք»:

Սեպտեմբերի 2-ը պիտի դարձնենք հայոց միասնական պահանջատիրության օր` ասում է Հրանտ Խաչատրյանը: Միասնությունը կծնվի այն ժամանակ, երբ բոլորս ընդունենք, որ Արցախի վերամիավորման պայքարը ոչ թե բարեփոխական շարժման, այլ՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մի մասն է և աոաջին փուլը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ