Մարտունու Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանը պատերազմի հետևանքով մեծ նյութական վնասներ է կրել: Բոլոր 4 մասնաշենքերը մի քանի անգամ արկակոծվել են: Այսօր այն գրեթե վերականգնվել է սեփական միջոցներով և բարերարների օգնությամբ: Ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանը պատմում է կատարված աշխատանքների մասին:
«Վերանորոգել ենք լաբորատոր մասնաշենքի տանիքը, զուգարանը և մնացած մասնաշենքերը: Դեռ կան աշխատանքներ, փորձում ենք փուլ առ փուլ իրականացնել դրանք: 315 մետր երկարությամբ ցանկապատ ենք անցկացրել, դարպասներ տեղադրել»:
Ուսումնարանում արդեն ապագայի ծրագրեր են մշակվում: Վերջերս «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի աջակցությամբ ուսումնարանում բացվել է կարի արտադրամաս: Այն համալրված է կարուձևի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես վարպետների, այնպես էլ սովորողների մոտ: Վարպետ Իրա Քոչարյանի խոսքով՝ եռամսյա դասընթացներից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ավելի մեծ ու ժամանակակից ստանդարտներին համապատասխան կարի արտադրամասում աշխատել, պատվերներ ընդունել։
«Մեծամասնությունն արդեն կարել գիտի։ Ովքեր գիտեն՝ ամրապնդում են իրենց գիտելիքները, իսկ ովքեր ոչ՝ զրոյից սովորում են»։
Կրթօջախում գործում է 14 խումբ՝ տրանսպորտային միջոցների վերանորոգման և շահագործման, տրակտորիստ-մեքենավարների, դերձակների, խոհարարների, վարսահարդարների, զոդողների և սալիկապատողների մասնագիտությամբ: Ոսումնարանը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ աջակցելու համար ավարտած աշակերտներին աշխատանք գտնել:
«Մի շարք ծրագրերի շնորհիվ աշակերտները, որոնք դժվարանում են աշխատանք գտնել, ապահովվում են աշխատանքով տարբեր համայնքներում»:
Արտակ Սարգսյանի խոսքով՝ փորձում են նաև քայլ առ քայլ ավելի ինտերակտիվ դարձնել դասաժամերը՝ օգտագործելով դասավանդման ժամանակակից մեթոդներ: Օրինակ՝ շարժիչի կառուցվածքը, փոխանցման տուփը, էներգիայի մշակումը ներկայացնում են 3D տարբերակով:
«Որպեսզի աշակերտներն ավելի պատկերավոր ուսումնասիրեն իրենց գործը: Ժամանակը շատ արագ է զարգանում, և մենք նունպես չենք ուզում հետ մնալ ժամանակից»:
Ուսումնարանը համագործակցում է գործընկեր կառույցների հետ՝ նաև փորձելով տեղայնացնել նրանց փորձը: Արտադրական ժամերին աշակերտները գործնական պարապմունքներ են անցկացնում: Աշակերտների փոքրիկ ցանկությունը մարզադահլիճ ունենալն է: Քաղաքաշինության նախարարությունն ունի այդպիսի ծրագիր, արդեն մշակվել է նախագիծը: Առաջակայում սպասում են նոր, ժամանակակից պահաջներին համապատասխան մարզադահլիճի կառուցմանը: