Նոյեմբերի 23, 2024

Փայտի խուրձի թողած վերքերը դեռ ուսերին են

By Անի Աբաղյան Ապրիլի 26, 2022

Ասկերանի շրջանի Պատարա գյուղը Արցախի հյուրասեր գյուղերից է: Գյուղ մտնելուն պես քամին շտապում է հասցնել թոնրահացի բույրը, որ տարածվում է ամբողջ գյուղով մեկ։ Պատարայի փողոցները մարդաշատ են, այնտեղ բոլորն իրար ճանաչում են, հասցրել են ծանոթանալ նաև նոր հարևանների հետ: Գյուղի փողոցներում թանձրացել էր նաև ժենգյալով հացի բուրմունքը: Մարինա Գրիգորյանն էլ, կանաչեղենով լցված տոպրակը ձեռքին, տուն էր շտապում. պետք է հասցներ կանաչեղենը մաքրել, լվանալ ու ժենգյալով հաց թխել:

«Խմորը պեց ըմ անում, բոլ-բոլ կնանչան տինում, կծոն, թթոն խառնում, կապում, թխում: Այս երկաթի վրա եմ թխում: Մենակ խմորը հունցում եմ, կանաչին մշակում, թխում ու հասցնում հաճախորդներին»:

Տան ամենամեծ ու լուսավոր սենյակում իրար են խառնվում կանաչեղենի ամենատարբեր համեր: Կենտրոնում մի մեծ սեղան է դրված, որտեղ հերթով շարված են սոխը, կընձմընձյուկը, համեմը, սամիթը. այսքանն եմ հասցրել ճանաչել: Երբ բացում ես սենյակի դուռը, միանգամից գերվում ես նրանց բույրով: 

«Երբ երեխաներս փոքր էին, ժենգյալով հաց էի թխում, իրենց ընկերներին հյուրասիրում: Հիմա ամեն ինչ գնում եմ՝ փայտը, ալյուրը, ձեթը՝ մեկը մեկից  թանկ, դրա համար վաճառում եմ, որ կարողանամ սպառածը լրացնեմ»: 

Սիրած զբաղմունքն այսօր որպես  եկամտի աղբյուր է ծառայում: Զրուցակցիս ամուսինն Արցախյան առաջին պատերազմում է զոհվել. երեք երեխաներին մենակ է մեծացրել՝ այգին մշակելով, անտառից փայտ բերելով: Տան և՛ տղամարդն էր, և՛ կինը:  «Փայտի խուրձը ուսիս  հետքեր է թողել»՝ ասում է:

«Երբ ամուսինս զոհվել է, երեխաներիցս մեկը 2 տարեկան էր, մեկը՝ 5, մյուսը՝ 6: 6000 դրամով երեք երեխա եմ մեծացրել. տան դիմաց այգի էի մշակում, փայտ էի բերում. այնքան եմ հեռու տեղերից փայտը շալակած բերել, որ ձեռքերիս վրա ամբողջը վերքեր էին, բայց էլի չեմ հանգստացել. կարևորը երեխաներս չմրսեին: Այդպես մինչև տղայիս 11 տարեկան դառնալը: Ինքն էլ էշով, ձիով է փայտ բերել: Հիմա երբ տեսնում եմ՝ ինչպես են 11 տարեկան երեխաներն իրենց համար անհոգ խաղում, ոչ մի գործ չեն անում, ասում եմ՝ իմ տղան ո՞նց էր փոքր տարիքում իրենից մեծ գործեր անում»:

Մարինան դժվար օրեր շատ է տեսել։ Բայց  դրանք արդեն անցյալում են մնացել։ Այսօր էլ կյանքի ուրախությունը շարունակում են մնալ երեխաները: Մի բան է փոխվել՝ ասում է․

«Հիմա երեխաներս ինձ այցելում են թոռներիս հետ՝ նոր լույս բերելով ինձ ու հավատարիմ ընկերներիս՝ տանս 4 պատերին»:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ