ԱրՊՀ միջազգային ամառային դպրոց-ճամբար 2022-ի մասնակիցներն այսօր հրաժեշտ են տալիս իրար․ երեկ առավոտից արդեն ավանդական խորովածի, ժենգյալով հացի, խնեցուց կարագ ու թան քամելու պատրաստություն էին տեսնում․ ուսանողների մի մասը սիրով մասնակցում էր պատրաստման պրոցեսներին, մի մասը երգ ու ասմունքի փորձերով էր տարված։ Երեկոյան հյուրեր ունեին․ ճամբարի փակման արարողությունը պիտի տեղի ունենար հանդիսավոր պայմաններում։ Հյուրերը ժամանեցին․ նրանց թվում էր պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ուրախ եմ, որ ճամբարում դուք լավ ժամանակ եք անցկացրել։ Ե՛վ ժամանցի, և՛ ընկերության հնարավորություն եք ունեցել, նաև՝ գաղափարական աշխատանք եք կատարել՝ ինքներդ ձեզ հետ, ընկերների շրջանում, տարբեր այցերի ու շփումների ձևով։ Նման ճամբարների հիմնական երկու նպատակը լինում են ընկերությունը, որը սովորաբար երկարատև է լինում, և հայրենիքի, պետության նպատակները քննարկելը, այդ գործում երիտասարդների դերը քննարկելը։ Ձեզնից շատ բան է կախված»։
Փակման արարողությանը նույնպես, ինչպես և բացման ժամանակ, մեկ րոպե լռությամբ՝ հարգել են Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը․ առանց դրա չի լինի․ ճամբարականները գիտակցում են՝ իրենց ընկերների, հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր, այս պահին իրենք ճամբարում են։ Ճամբարում գտնվող երիտասարդներից շատերն էլ հայրենիքի նկատմամբ իրենց սերը զենքով ապացուցելու առիթ ու պատիվ են ունեցել։ Ելույթ ունեցողները նշել են․ ճամբարի նպատակն է ամրապնդել միջբուհական համագործակցությունը, ուսանողների ամառային հանգիստը կազմակերպել արդյունավետ, ուսուցողական ծրագրերով։ Տարեցտարի ճամբարին մասնակցել ցանկացողների թվի աճը վկայում է, որ նպատակն արդարացված է:10-օրյա ճամբարի ընթացում երիտասարդների ամեն օրը հագեցած էր՝ ժամանցային ու սպորտային խաղեր, դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, արշավներ, այցելություն զորամաս. ըստ այդմ էլ առանձնացրել են օրեր։
Առաջին օրը ինտեգրման, ծանոթության օրն էր, 2-րդ օրը՝ ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը, հաջորդիվ՝ ուսումնակրթական, ռազմահայրենասիրական, մարզատեխնիկական, հայրենաճանաչողական, վերջին օրը ազգային-մշակութային էր՝ ճամբարի փակման արարողություն, ազգային խաղեր, երգեր, պարեր, ազգային կերակրատեսակների պատրաստում:
Վահե Գալոյանը ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի պետն է․ այս օրերին և՛ ընկեր էր երիտասարդների համար, և՛ կազմակերպիչ ու խորհրդատու․
«Պատարայում ձեռք ենք բերել մեր սեփական տարածքը և 2018 թվականից սկսած այստեղ ճամբար ենք կազմակերպում՝ բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու և հանգստանալու հնարավորություն ընձեռնելու համար։ Այստեղ յուրաքանչյուր օր ունեցել է իր ուղղվածությունը, գաղափարը։ Ճամբարը միջազգային է, մասնակցել են ՀՀ բուհերը, ունենք նաև մասնակից Հունգարիայի Պիտեր Պազմանի համալսարանից»։
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը կարևորել է ճամբարի կազմակերպումը հայրենաճանաչողության, ազգային-պետական շահերին համահունչ սերնդակրթություն ապահովելու, բարոյական ու ազգային նորմերը պահպանելու առումով․
«Արցախյան պատերազմները նոր իրողությունների առջև կանգնեցրին մեզ։ Ողջունելի է, որ ԱրՊՀ-ն ավանդույթ է դարձրել նման ճամբարների միջոցով հագեցնելու ուսանողների առօրյան։ Ցանկանում եմ, որ նման հայրենաճանաչողական միջոցառումները շատ լինեն։ Սա անհրաժեշտ է ազգային պետական մտածողությամբ սերունդ կրթելու համար»։
ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն ընդգծում է՝ ճամբարը կայացել է ԿԳՍՄ, ԱրՊՀ և գործընկեր մյուս կառույցների ջանքերի շնորհիվ։
«Ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ի դեմս մարդկանց, որոնք գիշեր ու ցերեկ ջանք չխնայեցին, որպեսզի այս միջոցառումը կայանա, և դուք այստեղ վայելեք ձեր հանգիստը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Ձեզ բարի երթ և բարի վերադարձ»։
Ճամբարն ամենամյա է, արդեն կազմակերպվում է 4-րդ անգամ և հասցրել է դրական արձագանք է գտնել ոչ միայն մեզ մոտ, այլ նաև ՀՀ բուհերի ուսանողների շրջանում։ Դա նշանակում է, որ հրաժեշտն ընդամենը 1 տարով է։