Ամառն իր տարերքի մեջ է,նման եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը հատուկ խնամքի ու ուշադրության կարիք է զգում: Պետք է իմանալ՝ ինչպես այն պաշտպանել շոգից: Առողջապահական գերատեսչությունը խորհուրդ է տալիս շոգ օրերին ժամը 11-17 ընկած ժամանակահտվածում խուսափել արևի անմիջական ճառագայթների տակ հայտնվելուց: ԱՀ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Նարինե Մովսիսյանը շոգի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա պայմանավորում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով ու ուլտրամանուշակագույն ճառագայթումով: Իրավիճակը մեղմելու համար մասնագետը նշում է մի շարք պարտադիր պայմաններ, որոնց պետք է հետևեն բոլորը :
«Խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց: Նպատակային արևհարումն էլ պետք է կատարվի ըստ կարգի: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար պետք է կրել պաշտպանիչ ակնոց, գլխարկ, սպիտակ կամ բաց երանգներով ազատ, օդաթափանց զգեստ: Շոգ ժամերին չաշխատել բացօթյա տարածքներում»:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը բացասական է ազդում հատկապես երեխաների, ծերերի, քրոնիկ հիվանդների ու հղիների վրա: Մասնագետը խորհուրդ է տալիս նշված խմբի մարդկանց շոգ ժամերին ավելի շատ քնել կամ պառկած մնալ․
«Քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: Պետք է օգտագործել օրական 3 լիտր հեղուկ: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն՝ իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները՝ թե տաք, թե սառը վիճակում»:
Աղիքային իֆեկցիաներից, սննդային թունավորումներից խուսափելու համար պատադիր է շոգ եղանակին միայն թարմ մթերքի օգտագործումը, կասկածելի ծագմամբ ուտելիքներից պետք է զերծ մնալ:
«Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտային փոխադրամիջոցների արտանետումների ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերի բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք. մսամթերք, ձկնամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, պահածոյացված սննդամթերք»:
ԱՀ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Նարինե Մովսիսյանի խոսքով՝ այս տարի արևահարության դեպքերով Հանրապետության բուժահաստատություններ դիմողներ դեռևս չեն եղել: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ԱԻՊԾ-ից հորդորում են պահպանել անվտագոության կանոնները. չնետե՛լ այրվող լուցկի եւ կամ չմարված ծխախոտի մնացորդ, չկատարե՛լ չոր խոտի և կենցաղային աղբի այրում։ Չվառե՛լ խարույկներ. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում այն մարել ջրով կամ ծածկել հողով, պահպանել հակահրդեհային կանոնները։