Բյուրականի աստղադիտարանի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև աստղադիտարանի և Արցախի Գիտական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում հուլիսի 13-18-ը Բյուրականի աստղադիտարանը կազմակերպել է Բյուրականյան գիտաճամբար արցախցի շնորհալի դպրոցականների համար, իսկ հուլիսի 19-24-ը՝ ամառային դպրոց Արցախի ուսանողների համար: Յուրաքանչյուր ծրագրում ընդգրկվել են 22 պատանիներ և աղջիկներ ԱՀ դպրոցներից և համալսարաններից: Մանրամասնում է ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը։
«Ծրագիրը նպատակ ունի նպաստել Արցախի գիտական ներուժի հզորացմանը, օժանդակել Արցախում աստղագիտությամբ հետաքրքրվող պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների ամառային պրակտիկայի կազմակերպմանը՝ հնարավորություն տալով վերջիններիս ծանոթանալ աստղադիտարանի գործունեությանը, գործիքային բազային, գիտահետազոտական բաժինների աշխատանքներին»:
Գիտաճամբարի մասնակից Ալինա Հայրունցը Բյուրականի գիտաճամբարում 2 օր է անցկացրել, բայց արդեն հասցրել է ոչ միայն նոր ընկերներ ձեռքբերել, հետաքրքիր խաղերի ու զրույցներիմասնակցել , այլև նոր գիտելիքներ ստանալ։
«Արդեն 3-րդ օրն է, ինչ այստեղ եմ։ Կազմակերպվել են բազմաթիվ դասընթացներ։ Մենք ստացել ենք մեզ հուզող հարցերի պատասխանները տիեզերքի, աստղերի վերաբերյալ։ Ինձ համար ամենատպավորիչը աստղադիտակով աստղերին դիտելն էր, Լուսինը մոտիկից տեսնելը։ Ես տեսա նաև Սատուրն, Յուպիտեր մոլորակները, աստղակույտեր։ Կազմակերպվել են այցելություններ Հովանավանք, Սաղմոսավանք, Տառերի պուրակ․ մի խոսքով առօրյան այստեղ շատ լավ է անցնում»։
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրասյանն «Արցախ» լրատվականին պատմել է նաև, թե ինչպես են ընտրվել ճամբարականները։
«Անցած տարի աշնանը Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը եկել էր Արցախ։ Մի քանի օր այստեղ մնալով՝ անց են կացրել սեմինար պարապմունքներ Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում, Ստեփանակերտում։ Սեմինար պարապմունքների վերջում մասնակիցները թեստ են հանձնել և 12-16 տարեկան երեխաները ընտրվել են, իսկ ուսանողների ընտրությունը կազմակերպվել է այսպես․ Գիտական կենտրոնը գրություններով դիմել է Պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններին՝ աչքի ընկած ուսանողներին ընդգրկելու ճամբարականների մեջ»։
Աստղադիտարանում կազմակերպվում են ինտերակտիվ զրույց-դասախոսություններ, տարատեսակ խաղ-մրցույթներ և գործնական պարապմունքներ: Ամառային դպրոցի մասնակիցները կունենան նաև ճանաչողական էքսկուրսիաներ Բյուրականի աստղադիտարանում և այլ տեսարժան վայրերում։