Նոյեմբերի 25, 2024

Ինչ֊որ բան փոխելու անհրաժեշտություն. Ստեփանակերտում բողոքի ցույց է կազմակերպվել

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 12, 2022

Արցախցիների առօրյան այս օրերին Աղավնոյի ու Բերձորի իրադարձություներն են։ Մի քանի օր առաջ Մարտակերտի, ամիսներ առաջ էլ Փառուխի դեպքերն էին։ Մտածմունքեր, ելքի փնտրտուք, առաջարկներ, որոնք այդպես էլ հասցեատիրոջը չեն գտնում: Այսպես սահմանային «միջադեպից միջադեպ»: Մի խումբ քաղաքացիներ երեկ որոշել էին բարձրաձայնել իրենց մտահոգությունները՝ Ստեփանակերտի Վերածննդի  հրապարակում:  Հարցերը շատ են, պատասխաններ՝ չկան։

«Ինչու՞ է թուրքը կարողանում մեր առջև Աղավնոն ու Լաչինի ճանապարհը շուտ հանձնելու պահանջ դնել։ Օգոստոսի 25-ից հետո մենք  չեք կարողանալու Լաչինի ճանապարհից օգտվել, ինչու՞։ Աղավոն վերցնում է, պահանջ դնելով, որ չպետք է տները վառենք։ Ես ուզում եմ, որ մենք էլ պահանջենք, որ եթե ուզում են Աղավնոն ու Բերձորը, ապա  թող մեր բոլոր  գերիներին անվնաս վերադարձնեն»։

Մենք մեր հայրենիքի հանդեպ անտարբեր չենք՝ ասում է Նելլի Իսրայելյանը։ Բողոքի ակցիան նա է նախաձեռնել, ասում է՝ ցույցի դրդապատճառը Աղավնոն է։

«Մեր սիրտը ցավում է մեր հողի, Արցախ աշխարհի համար։ Մենք դուրս ենք եկել, որպեսզի մեր ղեկավարությանը այսպիսի մի հարց ուղղենք․ «Ո՞վ է երաշխավորում, որ վաղը, մյուս օրը մեզ չեն ասելու դուրս եկեք Ստեփանակերտից, դռները կողպեք, կողպեքը դրեք դռան մոտ ու դուրս եկեք»»։ 

Վերածննդի հրապարակում երեկ քիչ մարդ էր հավաքվել։ Նրանց հրապարակ էր բերել անորոշությունն ու անելանելիության զգացումը: Ներկաների պահանջը մեկն էր․ թշնամուն չթողնել, որ առանց դիմադրության տիրանա մեր հայրենիքի   մնացած մասին։ Աղավնոն, Բերձորը, Սուսը ծանրացած են մարդկանց սրտերին։ Այստեղից չեն ուզում հեռանալ, մնալու համար ամենակարևոր՝ անվտանգության պայմանն էլ ապահովված չէ։ Ցույցի մասնակիցներիցները    մտահոգված են՝ քիչ մարդ է հավաքվել, կարծում են՝ շատ լինելու դեպքում կարող են ինչ-որ բան փոխել։

«Եթե բոլորը դուրս գան, բոլորը բողոքեն, ինչ-որ բան կստացվի։ Ես չեմ ուզում տանս դուռը կողպել ու դուրս գալ։ Հեքիմյան փողոցից մինչև հրապարակ մարդկանց կանգնեցրել ու հարցրել եմ՝ ինչո՞ւ եք գնում տուն, ժամը 18։00-ին պետք է հավաքվենք հրապարակում։ Մեկն ասում է՝ տեղյակ չէ, մյուսը՝ թե շտապում է, երրորդն էլ, անգամ, չի պատասխանում»։

Հասարակության անտարբերության պատճառը զրուցակիցս չի հասկանում։ Գուցե այն ավելի խո՞րը պետք է փնտրել՝ չգիտի։  

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ